էդուարդ Ղազարյան. Ժամանակին գիտնականն անառարկելի հեղինակություն էր…
Հայաստանում պետական գերատեսչությունները, համապատասխան կառույցներն այսօր ավելի շատ ուշադրություն են դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, այն դեպքում, երբ աշխարհում այդ ամենին զուգահեռ՝ բուռն զարգացում է ապրում նաև կենսատեխնոլոգիան և նանոտեխնոլոգիան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս էդուարդ Ղազարյանը:
Էդուարդ Ղազարյանը 1999-2001թթ. եղել է ՀՀ կրթության և գիտության նախարար, 2002-2004թթ.` ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ: Ներկայումս նա ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ է, ինչպես նաև զբաղեցնում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրենի պաշտոնը:
Նշենք, որ Է. Ղազարյանին իրավամբ համարում են Հայաստանում ցածր չափային համակարգերի և կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկայի ուղղության հիմնադիր:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում այսօր ավելի շատ ուշադրություն են դարձնում միայն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, այն դեպքում, երբ վերոնշյալ տեխնոլոգիաներն այդքան էլ չեն կարևորվում, Է.Ղազարյանը պատասխանեց. «Այդ ամենը կարևորելու համար նախ՝ անհրաժեշտ է որոշակի պրոֆեսիոնալ գիտելիքներ ունենալ, բացի այդ՝ նաև հնարավորություններ են պետք: Ինֆորմատիկան, ծրագրավորումը և այլն, բավականին էժան հաճույք են՝ քեզ ոչինչ հարկավոր չէ անել, պարզապես կարող ես նստել տանը և ինչ-որ մի արտասահմանյան ընկերության համար աշխատել` նույնիսկ Հայաստանից դուրս չգալով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Է. Ղազարյանը՝ նշելով, սակայն, որ ի տարբերություն տեղեկատվական տեխնոլոգիաների՝ նանոտեխնոլոգիաներն ավելի թանկ հաճույք են: Դրանք թանկ սարքավորումներ են պահանջում, և այդ տեխնոլոգիաների համար նաև ենթակառուցվածք է անհրաժեշտ:
«Նանոտեխնոլոգիաների արտադրություն կազմակերպելու համար մի ամբողջ լաբորատորիա է անհրաժեշտ: Այդ տեխնոլոգիաներն արտադրում են միայն մի քանի երկիր՝ Գերմանիան, Ճապոնիան, Ամերիկան»,- ասաց Է. Ղազարյանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ, ցավոք սրտի, ըստ գիտնականի՝ նանոտեխնոլոգիաների ուղղությամբ միայն տեսական հետազոտություններ են կատարվում:
«Մինչդեռ նանոգիտության վերաբերյալ առաջին գիտական աշխատանքները հենց Հայաստանում են կատարվել: Այդ մասին գիտական հոդվածներ են հրապարակվել դեռևս 70-ական թվականներից սկսած»,- նշեց Է. Ղազարյանը: Ակադեմիկոսը նաև նշեց, որ Հայաստանում իրենք միայն տեսական գիտությամբ են զբաղվում և տպագրվում են ամենաբարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, որոնց կատարած հղումների քանակն անընդհատ մեծանում է, սակայն դրանք չեն վերածվում փորձարարական հետազոտությունների և արտադրական գործընթացների:
Է. Ղազարյանի խոսքով՝ Հայաստանում առկա որոշ գիտական ինստիտուտներ ուղղակի գոյատևում են, սակայն ընդհանուր առմամբ գոյություն ունեցող սարքավորումները, ինչպես նաև գիտնականներին տրվող աշխատավարձը բավարար չեն՝ Հայաստանում գիտությունը զարգացնելու համար, թեև որոշակի դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, նկատվում է: Ըստ գիտնականի՝ Հայաստանում գիտության վերաբերյալ հասարակության վերաբերմունքը պետք է փոխվի, խոսքը հատկապես գիտնականի հեղինակության բարձրացմանն է վերաբերում:
«Մի ժամանակ գիտնականն անառարկելի հեղինակություն էր, իսկ հիմա ընկել է այդ հեղինակությունը: Հիմա անգամ դպրոցում ուսուցիչը, իսկ տանը՝ ծնողը հեղինակություններ չեն. ծնողը վարկաբեկում է ուսուցչին, ուսուցիչը` ծնողին: Հարկավոր է վերափոխել այս ամբողջ մթնոլորտը»,- ասաց Է. Ղազարյանը:
էդուարդ Ղազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի առաջիկա համարում:
Լուսինե Մովսիսյան