«Հայաստանի իշխանությունը չի որոշում, որոշում է այն կենտրոնը, որի համար այս իշխանությունն ընդամենը խամաճիկ է». Արմեն Բադալյան
Արդեն մի քանի ամիս է՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, թե իրենց օրակարգում չկա արտահերթ ընտրությունների գնալու հարց, ինչը պարբերաբար տարբեր հարթակներում քաղաքական ուժերի կողմից քննարկվում է։ Իսկ իշխանամերձ շրջանակները կարծես թե գաղտնազերծում են, որ Սահմանադրությունը փոխելուց հետո արտահերթ ընտրություններ են լինելու։
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը խոսելով արտահերթ ընտրությունների հնարավորությունների մասին, նախ ասաց, որ Հայաստանի իշխանություններն ինքնուրույն սուբյեկտ չեն, ընդամենն օբյեկտ են, որոնք իրականացնում են իրենց այստեղ նշանակած կենտրոնների քաղաքականությունը։
«Հիմա, եթե աշխարհաքաղաքական արևմտյան կենտրոնին պետք լինի Հայաստանում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իհարկե, հստակ պատկերացումներով, թե ինչ արդյունք պետք է լինի, ապա կանցկացնի։ Իսկ եթե նպատակահարմար չեղավ, բնականաբար, չի անցկացնի, այսինքն՝ Հայաստանի իշխանությունները չեն որոշում՝ որոշում է այն կենտրոնը, որի համար այս իշխանություններն ընդամենը խամաճիկ են, որին երբ ուզի՝ կփոխի»,- նշեց Արմեն Բադալյանը։
Նա ընդգծեց՝ Հայաստանում ընտրություններով հնարավոր չէ իշխանություն փոխել, եթե չկա արտաքին աջակցող։ Այսինքն՝ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ապա դա չի նշանակում, որ ընդդիմությունը շանսեր է ստանալու վերցնելու իշխանությունը։
«Տեխնոլոգիաների տեսանկյունից ընդդիմությունը շատ թույլ է, ավելին՝ երբեք չի կարող ուրիշի ծրագրի մեջ մտնել և ուրիշի ծրագիրն իրենով անել, դրա համար մեծ «տաղանդ» պետք է ունենալ։ Այդ պատճառով եթե Հայաստանում արտահերթ ընտրություններ լինեն, հնարավոր է՝ ընդդիմադիր այս կամ այն ուժն անցնի խորհրդարան, բայց չի կարող իշխանություն վերցնել, քանի որ արտաքին ուժերն աջակցելու են այն ուժին, որին բերել են իշխանության, այսինքն՝ այսօրվա իշխանությանը։
Ավելին՝ անցնող ուժերն էլ կլինեն նրանք, որոնք կունենան արևմտյան աջակցություն։ Չեմ բացառում նաև, որ որևէ կենտրոնի կողմից չկառավարվող ընդդիմությունը ևս հաղթահարի այդ շեմը՝ զուտ ժողովրդի տված ձայնով»,- շեշտեց Արմեն Բադալյանը։
Նա վստահ է՝ եթե այս կամ այն ուժը չունի արտաքին աջակցություն, ապա չպետք է մտածի, որ արտահերթ ընտրություններով կգնա իշխանափոխության։
«Եթե քաղաքական ուժն ունենա արտաքին աջակցություն, ապա ընտրություններն արդեն ձևական բնույթ են կրում։ Այսինքն՝ փաստացի իշխանությունը պետք է փոխված լինի մինչև ընտրությունները։
Մարզերում ինչ-որ տեղերում ընտրությունների միջոցով ընդդիմության ներկայացուցիչն ընտրվում էր՝ Ալավերդի, Գյումրի, Վանաձոր, բայց Երևանում չեղավ՝ անկախ այն հանգամանքից, որ քիչ մարդիկ են մասնակցել ընտրություններին։ Այն վայրերում, որտեղ ընդդիմությունը հաղթեց, ՔՊ-ն սկսեց կալանավորել քաղաքապետ, ուժային տարբերակով այդ պաշտոնը վերցրեց, ճնշումների միջոցով իր կողմը գրավեց և ՏԻՄ-երն արեց իրենով։ Սակայն համապետական ընտրություններում եթե չկա աջակցություն, ապա ընտրվել հնարավոր չէ։
Վերջին անգամ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխվել է Խորհրդային Հայաստանում՝ 1990 թվականին, դրանից հետո չի ստացվել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ըստ քաղտեխնոլոգի, հնարավոր է, որ արևմտյան աջակցությունը չլինի իշխող քաղաքական ուժի կողմը, քանի որ այսօրվա դրությամբ Արևմուտքը Հայաստանում ունի, այսպես կոչված, արևմտյան մեծ ռեսուրս։ Կարող է այնպես լինել, որ ՔՊ-ն չլինի մեծամասնություն կամ առհասարակ չլինի ներկայացված խորհրդարանում։ Իսկ հավաքական տեսանկյունից այլ ուժեր լինեն մեծամասնություն, օրինակ՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Բևեռը»։
«Այդ արևմտյան ռեսուրսի հաշվին Արևմուտքը կարող է ստեղծել մի քանի կուսակցություններ և 5-7 էշելոներով գնա ընտրությունների և խորհրդարանի 90 տոկոսը դարձնեն պրոարևմտյան խորհրդարան։
Բայց եթե ընդհանուր դիտարկեք, ապա այսօր արտահերթ ընտրությունների գնալու քաղաքական պահանջ չկա, քանի որ, ըստ իշխանությունների՝ երկրում չկա կառավարման ճգնաժամ։
Ընդդիմությունն ակտիվ գործողություններ չի անում, որից իշխանությունը նորից վստահության հանրաքվեի հարց բարձրացնի, իսկ հայ հասարակությունը, այնպիսի տպավորություն է, որ այս երկրի հետ որևէ առնչություն չունի։ ՔՊ-ում միանձնյա իշխանություն է, բայց Արևմուտքը գուցե այլ պատճառներ մեջտեղ բերի ու գնա արտահերթ ընտրությունների, սա արդեն իշխանությունը կիմանա»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։