Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը «120 000 պատճառ կոալիցիայի» և ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով և աջակցությամբ ԱՄՆ-ում մասնակցել են Միջազգային կրոնական ազատության համաժողովին, հանդիպումներ ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, ներկայացրել Արցախում ցեղասպանության հանգամանքները, ներկա քաղաքական ու մարդասիրական իրավիճակը, քննարկել Արցախի ժողովրդին պատշաճ միջազգային աջակցության անհրաժեշտությունը:
«Մեր գլխավոր ասելիքն այն է, որ մեր հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի, դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել, որի ուղղությամբ բոլորս անելիքներ ունենք,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց Արտակ Բեգլարյանը՝ այդ հարցում կարևորելով նաև ՀՀ պաշտոնական դիրքորոշումը,- Հայաստանի Հանրապետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի մեր հավաքական վերադարձի իրավունքի իրացման հետ կապված և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հետ կապված»:
Արցախի պետնախարարը նշեց՝ բարձրաձայնել են նաև Ադրբեջանի ցեղասպանական ռեժիմի պատասխանատուներին միջազգային պատասխանատվության ենթարկելու հարցերը։
«Միջազգային հետաքննություն, կամ՝ Ադրբեջան պետության և կոնկրետ անհատների դեմ պատժամիջոցներ։ Նաև՝ մշակութային ժառանգության հետ կապված հարցեր ենք բարձրաձայնել ու քննարկել տարբեր կազմակերպությունների հետ»,- հավելեց նա։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ շեշտեց. «Այցը հստակ ուղերձ ուներ՝ ցույց տալու, ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է։ Մենք չենք համարում, որ Արցախի ժողովրդի մասին այլևս չպետք է խոսել, կամ նրա իրավունքների պաշտպանությանը չպետք է անդրադառնալ, որովհետև, ցավոք սրտի, կարծես տեսնում ենք, որ տարածաշրջանային զարգացումների ֆոնին փակվում կամ անտեսվում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության օրակարգը, և խնդիր էր մեզ համար՝ թե՛ ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին, և թե՛ ամերիկյան շրջանակների հասցնել այս կարևոր ուղերձը»։
Մանրամասները՝ տեսանյութում