«Աննա Հակոբյանը նկարը տեսավ ու ասաց՝ սա ես եմ, այս նկարում ինձ տեսնում եմ. Հիմա այնքան հիասթափություն ունեմ, անընդհատ ինձ խաբել են». Լևոն Թոքմաջյան

Այս տարվա գարնանը՝ մարտի վերջին, Աննա Հակոբյանը ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի արվեստանոցում հանդես էր եկել բնորդուհու դերում, նա հրավերը ստացել էր քանդակագործից։

168.am հետ զրույցում Լևոն Թոքմաջյանն ասաց, որ նկարը, որը հեռավար կարգով արել էր և պատկերել էր Աննա Հակոբյանին՝ նվիրել է նրան։

«Ինձ շատ քննադատեցին, թե մշտապես ընդդիմություն եմ եղել, այդ ինչպե՞ս եղավ, որ Աննա Հակոբյանին եմ պատկերել, դե ես էլ ասացի՝ գիտե՞ք ինչ կա, ես անկուսակցական եմ, ազատ արվեստագետ եմ, կարող է փողոցում քայլեմ, մի գեղեցիկ կնոջ տեսնեմ ու նկարեմ, սա բնական բան է, չէ՞։ Աննա Հակոբյանի դեմքի արտահայտությունն եմ նկարել, թվում էր՝ նա ժպտում է, չգիտեմ՝ իրականության մեջ այդպե՞ս է, թե՞ ոչ։ Դրա համար էլ նրան նկարեցի, իր օգնականի միջոցով հրավիրել էի ինձ մոտ նկարելու, առաջարկս ընդունեց։

Կարդացեք նաև

Նախապես հիշողությամբ իրեն նկարել էի, ասացի՝ սյուրպրիզ անեմ։ Աննա Հակոբյանը նկարը տեսավ ու ասաց՝ սա ես եմ, այս նկարում ես ինձ տեսնում եմ։ Նրա օգնականին էլ եմ նկարել ու այդ նկարները նվիրել եմ իրենց»,- նշեց քանդակագործը։

Նրա խոսքով՝ դրանից հետո մեկ անգամ էլ է հանդիպել Աննա Հակոբյանի հետ, քանի որ նրան խնդրանքով էր դիմել՝ կապված Հովհաննես Չեքիջյանի հետ։

«Երկու տարի հետո Հովհաննես Չեքիջյանի 100-ամյակն է, ինքս 15 տարի  Ազգային ակադեմիական երգչախմբում եմ երգել։ Չեքիջյանն ինձ համար մի աստվածային անձնավորություն է, ով ստեղծագործական շատ մեծ հնարավորություններ է ինձ տվել, Օրինակ, կան քանդակագործներ, որոնց ես ասում եմ՝ ձեր քանդակներում երգը պակասում է, ես դա սովորել եմ։

Հովհաննես Չեքիջյանի 100-ամյակի կապակցությամբ ես ուզում եմ Երևանի Պուշկին փողոցում, որտեղ երգչախմբի օֆիսն է, իմ հեղինակած քանդակը տեղադրեմ։ Խնդրել էի Աննա Հակոբյանին՝ հնարավորություն տա մաեստրոյի 100-ամյակին իրականացնելու իմ այդ մտահղացումը։ Պատկերացրեք քանդակը՝ Չեքիջյանը չափ է տալիս, հեռվում էլ երգչախումբն է։ Աննա Հակոբյանն ասաց, որ կօգնի, նամակը կազմեցինք, ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարությանը։

Նամակում գրել էի, որ հոնորար չեմ ուզում, միայն օգնեն ընդհանուր ծախսերի հարցում, միայն բրոնզի վարպետին պետք է վճարել։ Ինձ պատասխանել էին, թե ուրախ են, որ ընդառաջ եմ գնում նման մեծ երախտավորի։ Մի խոսքով՝ շոու հիշեցնող մի նամակ էր, բայց ծախսերի մասին որևէ խոսք չկար. ես ինչպե՞ս դա իրականացնեմ, չէ՞ որ ես բրոնզի ձուլարան չունեմ։

Երբ երգչախումբն անվանափոխեցին Հովհաննես Չեքիջյանի անունով, ինձ էլ էին հրավեր ուղարկել, գնացի, այնտեղ էին Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարարը, ընդունեցի հրավերը, մտածեցի՝ հավանաբար Աննա Հակոբյանն է ուղարկել։

Աննա Հակոբյանը հետաքրքրվեց, թե իմ նամակն ի՞նչ եղավ, պատասխանեցի, որ զարմանում եմ, որ ինձանից է հարցնում։ Ասացի՝ նամակը կուղարկեմ իրեն, կատակելով, որ կդնենք գետնին ու բոլորս կողքին քոչարի կպարենք։ Ծիծաղեց, ասաց՝ ուղարկիր։ Դրանով գործը գլուխ չի գա, ախր»,- շեշտեց Լևոն Թոքմաջյանը։

Քանդակագործի խոսքով՝ նամակի պատասխանն ուղարկել է Աննա Հակոբյանին, սակայն որևէ արձագանք չի եղել։ Ասում է՝ չի կարող ամեն օր զանգահարել ու հարցնել, թե ի՞նչ եղավ նամակի պատասխանը։ Քանդակը ոչ թե իր համար է, այլ Երևանի, ազգի համար է, Հովհաննես Չեքիջյանի համար է։

«Անկախ ամեն ինչից, ես անելու եմ այդ քանդակը, բայց բրոնզի ձուլման ծախսերը չգիտեմ՝ ինչպես եմ անելու։

Հիմա այնքան հիասթափություն ունեմ, անընդհատ ինձ խաբել են, պաշտոնյաներից էլ այնքան եմ հիասթափվել, որ դժվար թե ինձ ոգևորեն, որպեսզի իրենց նկարեմ»,- ընդգծեց Լևոն Թոքմաջյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31