ժողովուրդը սովոր է վքնածությունը, այրոցը մեկ բառով անվանել գաստրիտ. դա այդպես չէ. Գաստրոէնտերոլոգ

Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է, որը կարող է առաջանալ հանկարծակի կամ աստիճանաբար։

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գաստրոէնտերոլոգ Նինա Մուրադյանի հետ զրույցում փորձել ենք պարզել, թե որոնք են գաստրիտի կամ «изжога»-ի առաջացման պատճառները, ինչպե՞ս կարելի է դրանից խուսափել և ամենակարևորը՝ ինչպե՞ս կարելի է բուժել:

Ի՞նչ է գաստրիտը և ո՞ր դեպքում է այն առաջանում:

– Երբ պացիենտը մոտենում է գաստրոէնտերոլոգին, առաջինը հարցնում ենք, թե ի՞նչ գանգատներ ունեն: Միանգամից պատասխանում են, թե՝ ունեմ գաստրիտ: Մեր ժողովուրդը սովոր է աղեստամոքսային տրակտի դիսպեպսիկ երևույթները, վքնածությունը, այրոցը մեկ բառով անվանել գաստրիտ:

Կարդացեք նաև

Գաստրիտն իրապես ախտորոշում է, որը դրվում է ոչ թե կլինիկական նշանների հիման վրա, այլ միայն կարող է դրվել հյուսվածքաբանական հետազոտության հիման վրա, երբ տեսնում ենք, որ ստամոքսի լորձաթաղանթը բորբոքված է: Մնացած պարագայում անվանել դա գաստրիտ՝ մենք չենք կարող:

Այն բավականին լուրջ հիվանդություն է, ունի տարբեր պատճառներ և մեծ մասամբ ինֆեկցիոն է:

Երբ մարդիկ ունեն այրոց, ի՞նչ է դա նշանակում՝ շա՞տ են սնվել, թե՞ սխալ:

– Այրոց առաջանում է այն դեպքում, երբ ստամոքսի պարունակությունը հետհոսք է կատարում դեպի կերակրափող ու կերակրափողի լորձաթաղանթը բորբոքվում է, մենք բերանի տհաճ հոտը և հետկրծոսկրային շրջանում այրող բնույթի ցավը համարում ենք այրոցի զգացողություն:

Դա կարող է լինել ֆիզիոլոգիական պրոցես՝ ինչպես հղիների մոտ: Մեծ քանակությամբ սնունդ օգտագործելը, գազավորված ըմպելիքը ևս բերում են ներորովայնային ճնշման բարձրացման: Լրագրասեղանի մոտ հաց ուտելը, կռանալը ևս հանգեցնում են հետհոսքի: Եթե այրոցի զգացողությունը հաճախակի չէ, ամիսը մեկ կամ սննդի չարաշահման հետևանքով է, ապա ֆիզիոլոգիական պրոցես է: Առհասարակ այդ էպիզոդներն ունենում ենք, բայց որպես գանգատ՝ այն մեզ չի անհանգստացնում, չենք էլ զգում, որ տեղի է ունեցել հետհոսք: Սակայն, եթե շաբաթվա 3-4 օրն ունենում ենք այրոցի զգացողություն, արդեն պետք է հասկանալ, թե որն է պատճառը. կա բորբոքո՞ւմ, թե՞ փականի անբավարարություն կամ փորկապություն:

– Նախքան մասնագետի դիմելը մարդիկ նախ գնում են դեղատուն, որտեղից կարող են առանց բժշկի ցուցումի համապատասխան դեղ վերցնել: Որքա՞ն կարող են ինքնաբուժմամբ զբաղվել:

Վերցնել դեղ ու կատարել բուժում՝ չիմանալով, թե ինչի դիմաց ես օգտագործում, սխալ է, որովհետև դեղը միշտ մի բանի համար լավ է, մյուսի համար՝ վատ: Կան պրեպարատներ, որոնք ունեն տեղային ազդեցություն, և եթե 1-2 անգամ են օգտագործում դեղը, կարելի է, սակայն, եթե օգտագործում են ու տեսնում են, որ գանգատն էլի գլուխ է բարձրացնում, դրան գումարվում է այլ գանգատ, ապա ճիշտ կլինի դիմել մասնագետի:

– Մինչև մասնագետին հասնելը, դեղատնից հետո, օգնության են հասնում բնական միջոցները. բրնձի ջուր, չիչխանի յուղ են օգտագործում: Օգնո՞ւմ է սա, թե՞ վնասում:

– Շատ է տարածված չիչխանի յուղի օգտագործումը: Բուսական յուղ է, որը պաշտպանիչ շերտ է առաջացնում, բայց կարևոր է պատճառը: Եթե այրոցի պատճառը ինֆեկցիան է, բակտերիան, ապա դա ես պացիենտներին միշտ այսպես եմ բացատրում. թոքաբորբի ժամանակ ունենում եք ջերմության բարձրացում և, եթե օգտագործում ենք ջերմիջեցնող, լավ եք զգում, սակայն եթե չբուժենք, դեղի ազդեցությունն անցնելուց հետո կրկին ջերմությունը բարձրանալու է: Հիմա ի՞նչ տարբերություն, թե ո՞ր օրգանում է դա կատարվում: Եթե ունենում են սրտխառնոց, վքնածություն, գազագոյացում, օգտագործում են թթի օղի՝ ասելով, թե դա բուժում է խոցային հիվանդությունը: Սոդայի դեպքում դրա միանվագ օգտագործումը կարելի է, բայց չպետք է տարվել դրանով ու զբաղվել սոդայաբուժությամբ: Բուժումը պետք է լինի պատճառահետևանքային: Եթե մեկ այլ հիվանդության դեպքում դեղորայք ես օգտագործում, և այն բերում է ստամոքսի ախտահարման, պետք է տեղյակ լինես և կանխարգելես, ոչ թե, օրինակ, օգտագործես չիչխանի յուղ:

– Խոսեցիք դեղերից. Ասում են, որ վնաս են ասպիրինը, հակաբորբոքային դեղերը:

– Այո, և գիտենք, թե մեզ մոտ ինչքան շատ են սիրտ-անոթային հիվանդություն ունեցողները: 40 տարեկանից հետո բոլորին խորհուրդ է տրվում օգտագործել ացետիլսալիցիլաթթու, որը մենք գիտենք կարդիոասպիրին, կարդիոմագնիլ անուններով: Ստիպված են խմել, որովհետև ունեն թրոմբագոյացման խնդիր, սրտային անբավարարություն, սրտային իշեմիկ հիվանդություններ: Հիմնական դերն է՝ ազդել արյան մակարդելիության վրա, թույլ չտալ, որ թրոմբոցիտներն իրար մոտենան՝ բարձրացնելով թրոմբի ռիսկը: Բայց այս պրեպարատներն ուղղակիորեն գրգռում են ստամոքս-աղիքային տրակտը: Օրինակ՝ ասպիրին կարդիոն ունի պաշտպանիչ շերտ, որը լուծվում է աղիներում: Կարդիոմագնիլն ունի իր հետ մագնեզիում, որը մասամբ թույլ չի տալիս գրգռել աղեստամոքսային տրակտը: Դրա համար տալիս ենք դեղամիջոց, որը, այո, վատ ազդեցություն կթողնի, բայց իր հետ կտա պաշտպանիչ պրեպարատ:

– Հիմա սիրտ-անոթային խնդիր ունեցողները կասեն՝ ո՞րը խմեմ՝ ասպիրին կարդիո՞, թե՞ կարդիոմագնիլ:

– Եթե խոցային խնդիր ունեն, ապա ես խորհուրդ եմ տալիս այնպեսի պրեպարատ, որը լուծվում է աղիներում, այսինքն, պատված է այդ պատիճով, որն ուղղակի ստամոքսում չի լուծվում, չի գրգռում լորձաթաղանթը, իջնում է աղիներ: Իսկ, օրինակ ոչ ստերիոդային հակաբորբոքիչները, որոնք օգտագորում են հոդային խնդիրների դեպքում և ունեն աղեստամոքսային տրակտի խնդիրներ, նման մարդկանց խորհուրդ ենք տալիս ստամոքսի թթվայնությունը կարգավորող դեղերի զուգահեռ օգտագործում:

– Թթվային միջավայրը հիմնային դարձնելու համար երբեմն օգտագործում են ջերմուկ, սոդա: Առավելությունը որի՞ն տան:

– Սոդան սկզբնական շրջանում իջեցնում է թթվայնությունը, բայց որպես երկրորդ ազդեցություն՝ էլ ավելի է գրգռում: Ջերմուկ 1-2 անգամ կարելի է, բայց անընդհատ պետք չէ օգտագործել հանքային ջրեր: Մարդիկ կարծում են, որ եթե ունեն այրոցի զգացողություն, ապա թթվայնությունը բարձր է, նշեմ, որ բնավ այդպես չէ: Ցածր թթվայնության դեպքում ևս կարող ենք ունենալ այրոցի զգացողություն: Անգամ լեղու հետհոսքի դեպքում ունենք հիմնային միջավայր, բայց մարդը զգում է այրոց, դառնահամություն բերանում:

Սոված ժամանակ մարդիկ և՛ դեղ են խմում, և՛ սուրճ. այս դեպքում ևս ստամոսքին վնա՞ս է հասցվում:

– Սուրճը շատ լավ ըմպելիք է. տոնուսավորում է, առավոտյան թույլ է տալիս, որ ակտիվանանք, բայց աղեստամոքսային տրակտի վրա հետևյալ ազդեցությունն է թողնում՝ խթանում է աղաթթվի արտադրումը: Ստամոքսի հյութ պետք է արտադրվի այն ժամանակ, երբ կա սնունդ, որպեսզի ապահովի շաղախը, ունենա բակտերիոտիդ հատկություն, որովհետև շատ բակտերիաներ թթվային միջավայրում չեն կարողանում ապրել: Մենք չենք սնվում, բայց օգտագործում ենք սուրճ: Թթվայնությունը բարձրացնում ենք, գրգռում լորձաթաղանթը, ու վաղ թե ուշ պետք է ունենանք գանգատներ:

Իսկ դեղորայքի առումով ասեմ, որ կան դեղեր, որոնք յուրացվում են թթու միջավայրում և, ուզենք-չուզենք, խորհուրդ ենք տալիս խմել ուտելուց առաջ: Օրինակ՝ L-տիրոքսինը, որը վահանաձև գեղձի հորմոնն է, խմում են ուտելուց կես ժամ առաջ, բայց պարտադիր է 30 րոպե հետո սնունդ օգտագործել, որ ակտիվացված աղաթթուն չեզոքացնենք:

Իսկ ինչպե՞ս առողջ սնվել:

– Եթե ունեն աղեստամոքսային տրակտի խնդիրներ, ապա պետք է բացառել թթուն, կիսաթթվային կաթնամթերքը, օգտագործել շիլաներ, հաճախակի սնվել, որպեսզի թթվայնությունը չեզոքանա: Պետք է զերծ մնալ արագ պատրաստվող սննդից, մաքսիմալ սնվել տանը, օրը 1.5 լիտր ջուր օգտագործել: Պարտադիր է նախաճաշելը, ճաշելը, որովհետև երբ նախաճաշում ես, 20 տոկոս քիչ ես օգտագործում հաջորդ սնվելու ժամանակ:

– Մարդիկ կան, որ երկար են աշխատում ու տեղը տեղին ուտում են երեկոյան, դա կվնասի՞ ստամոքսը:

Միանշանակ: Վնասելու է նաև էնդոկրին համակարգը, որովհետև օրը մեկ անգամ ուտելով՝ նախ ստամոքսի ծավալն ենք մեծացնում, ապա բերում ենք մետաբոլիկ պրոցեսների խանգարման, վաղ թե ուշ սկսելու ենք գիրանալ, հատկապես, եթե գեներում կա: Օրը մեկ անգամ ուտելով՝ բերելու ենք լեղապարկի քարեր, որովհետև լեղապարկը չի կծկվում, լեղին չի դատարկվում, նստվածք է առաջանում, որը հետզհետե վերածվելու է քարերի: Կարող է զարգանալ շաքարային դիաբետ: Նախաճաշ, ճաշ, ընթրիքը պետք է պահպանել:

Անդրադառնանք նաև ստամոքսի բորբոքային հիվանդությանը՝ հելիկոբակտերին: Կարծես այն մարդուց մարդուն է փոխանցվում:

– Այո: Փոխանցվում է համբույրի, նույն սպասքն օգտագործելու միջոցով: Ինֆեկցիոն հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է աղեստամոքսային տրակտի վերին հատվածները՝ ստամոքս, 12-մատնյա աղի: Այն առաջին դասի քաղցկեղծին է: Տարբեր շտամեր ունի, և մեկի մոտ առաջանում է խոցային հիվանդություն, մյուսի մոտ՝ ուռուցք, 3-րդի մոտ՝ գաստրիտ, որը չբուժելու դեպքում կարող է բերել օնկոլոգիական հիվանդության զարգացման: Կարևոր է հիգիենայի պահպանումը:

Եթե տան անդամներից որևէ մեկի մոտ ախտորոշվում է, ապա սպասքից օգտվել խորհուրդ չի տրվում, մյուսներին ևս խորհուրդ ենք տալիս հետազոտվել: Կան շնչառական թեստեր, կղանքի միջոցով հակագենի որոշում: Եվ եթե հայտնաբերում ենք այդ ինֆեկցիան, ապա միակ դեպքն է, որ կարող ենք ասել՝ գաստրիտն առկա է: Եթե կա այդ բակտերիան, պարտադիր ունենք ստամոսքի լորձաթաղանթի բորբոքում: Ըստ վիճակագրության, ՀՀ-ում գրեթե 41 տոկոսն ունի այդ բակտերիան:

Արդյո՞ք կերակրափողի քաղցկեղն առաջանում է երկար ժամանակ այրոց ունենալու հետևանքով:

– Ամեն քրոնիկ հիվանդություն ֆոնային հիվանդություն է՝ օնկոլոգիայի զարգացման համար: Ուռուցքային հիվանդությունն առողջ լորձաթաղանթում, հյուսվածքում չի զարգանում:

Մարդիկ խուսափում են գաստրոսկոպիայից. լուծման ի՞նչ տարբերակներ կան:

– Ժամանակին, երբ այս մոտեցումները չկային, ես էլ կխուսափեի գնալ այդ հետազոտությանը, որովհետև տհաճ է, փսխման ռեֆլեքսն անհնար է չառաջանար: Հիմա մոտեցումը փոխվել է. կատարվում է անզգայացմամբ:

– Բժիշկները գաստրոսկոպիայի ժամանակ ստամոքսում ինչեր ասես չեն տեսնում. Ձեր պրակտիկայում ինչերի՞ եք ականատես եղել:

– Ալոճի, որը կուտակվում է, և միակ դեպքն է, որ խորհուրդ ենք տալիս գազավորված ըմպելիք: Ականատես եմ եղել կոլոնոսկոպիայի ժամանակ բարակ աղիներից հաստ աղի իջնող պարազիտի:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս