ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆԻՀԱՐՈՒՄ. Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼՅԱՐԴԻ ՀԵՏ. «ԱՐԱԳ ԴԻԵՏԱՆԵՐԻ» ԳԻՆԸ. ԻՆԵՍՍԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ճարպակալման, առողջ կերպով կիլոգրամներ կորցնելու մասին զրուցել ենք գաստրոէնտերոլոգ, լյարդաբան, դիետոլոգ Ինեսսա Խաչատրյանի հետ։

– Ի՞նչ է ճարպակալումը, և ի՞նչն է ընկած դրա հիմքում։
– Ճարպակալումը միայն արտաքին տեսքը չէ։ Այն քրոնիկական կրկնվող հիվանդություն է, որի ժամանակ առաջանում են բազմաթիվ հիվանդություններ։ Ճարպակալման պատճառները բազմազան են․ սննդային փոփոխությունները, սննդային վարքի խանգարումները, քնի խանգարումը, սթրեսը, հորմոնալ խանգարումները կարող են առաջացնել ճարպակալում։ Ճարպակալման մեջ դեր ունի նաև ժառանգական նախատրամադրվածությունը։
– Նյարդային լարվածությունը հանգեցնում է ճարպակալման․ այս դեպքում բուժման ի՞նչ տարբերակներ են կիրառվում։
– Բուժումը սոված մնալը չէ, որովհետև երբ կա ճարպակալում՝ բուժառուների մոտ հաճախ այն տպավորությունն է, որ պետք է մնան սոված, որպեսզի նիհարեն, բայց նշեմ, որ քաշի իջեցումն առողջ ձևով պետք է տեղի ունենա։ Այսինքն, պետք է կարգավորել սթրեսը, քունը, քանի որ գիշերվա ընթացքում արտադրվում է սոմատոտրոպ հորմոն, որը մասնակցում է ճարպերի այրմանը։
Եթե ուշ ժամի ենք քնում՝ այդ հորմոնի գործունեությունը խախտվում է և նպաստում է ճարպերի կուտակմանը։ Երկար ժամանակ արթուն մնալու դեպքում նաև քաղցի զգացողություն ենք ունենում ու փորձում ենք լրացուցիչ սնվել։ Պետք է կարգավորել ֆիզիկական ակտիվությունը։ Կարևորն օրվա ընթացքում 30-40 րոպե արագ քայլքն է։ Կարևոր է, որ սնունդը լինի բալանսավորված, և՛ նախաճաշին, և՛ ճաշին, և՛ ընթրիքին ունենանք հավասարակշռված սննդակարգ։
Լինի սպիտակուցներով հարուստ սնունդ, ներառվեն նաև օգտակար ճարպեր։ Չենք բացառում նաև ածխաջրատները, որոնք մեր էներգիայի աղբյուրն են համարվում։ Պետք է ընտրենք ամբողջահատիկի ալյուրից պատրաստված հաց, մակարոն։ Մրգեր ցանկալի է երեկոյան ուշ ժամի չօգտագործել, իսկ բանջարեղեն ցանկացած ժամի կարող ենք օգտագործել։ Ընթրիքին ցանկալի է, որ լինի սպիտակուց և բանջարեղեն։

– Հացն ու մակարոնեղենը չե՞ն գիրացնում։
– Իրենք պատկանում են ածխաջրատների շարքին, դրա համար պետք է ընտրել ոչ թե սպիտակ, բարձրակարգ ալյուրից պատրաստված հաց կամ մակարոն, այլ ամբողջահատիկի ալյուրից պատրաստված։ Չափավոր օգտագործելու դեպքում չենք ունենա ավելորդ քաշի խնդիր։
– Խորհուրդ են տալիս նաև մանրաթելով հարուստ սնունդ օգտագործել. ո՞րն է դա։
– Բանջարեղենը, մրգերը, չիայի սերմը հարուստ են մանրաթելերով։ Բջջանյութի հետ մեկտեղ՝ շատ հեղուկ պետք է օգտագործել, քանի որ, օրինակ, չիայի սերմերն ուռչելու հատկություն ունեն և աղիներում դեռ շարունակում են ուռչել ու, եթե բավարար քանակով ջուր չխմենք՝ փորկապությունը կարգավորելու փոխարեն՝ կունենանք հակառակ ազդեցությունը՝ փորկապություն։
– Օրվա ընթացքում քանի՞ անգամ սնվելն է ճիշտ։
– 5 անգամ՝ չափավոր և բալանսավորված։ Ամեն անգամ ընդունվող սննդի հետ պետք է լինի սպիտակուց, դա շատ կարևոր է։ Ցանկալի է, որ ինտերվալը 2-3 ժամ լինի, շատ երկար սովապահությունն էլ ճիշտ չէ, քանի որ օրգանիզմում կարող են առաջանալ այլ խնդիրներ՝ օրինակ, լեղապարկում քարեր։
– Դիետա ովքե՞ր, ե՞րբ կարող են պահել։
– Խիստ դիետան սխալ է․ կարող են քաշը կրկնակի վերադարձնել։ Խիստ դիետան ժամանակավոր բնույթ է կրում։ Մեկ ամսից մարդը հոգնում է, չի կարողանում շարունակել դիետա ասվածը։ Առաջանում են նաև առողջական խնդիրներ, քանի որ ուզում են շատ արագ նիհարել, բայց ամսվա կտրվածքով թույլատրելի է 2-5 կգ, որպեսզի նիհարելու այդ պրոցեսն առողջ ընթացք ունենա։ Արագ նիհարելու դեպքում լյարդում կարող ենք ունենալ ճարպերի կուտակում։ Արտաքինից կարող է թվալ, որ ունենք փոփոխություն, դա ուրախացնում է, բայց առողջական խնդիր ունենանք։
– Լյարդային ճարպի առաջացման է՞լ ինչ պատճառներ կան։
– Նպաստող պայմաններից մեկը որովայնային ճարպակալումն է։ Ավելորդ ճարպը կուտակվում է որովայնում՝ ներքին օրգանների շուրջ, լյարդում, աղիներում, ենթաստամոքսային գեղձում։ Այդ պատճառով ոչ միայն քաշը, այլև որովայնի շրջագիծն ենք վերահսկում։ Որովայնի շրջագիծը կանանց մոտ պետք է լինի 88, տղամարդկանց մոտ՝ 102սմ։ Դրանից ավելի ցուցանիշը խոսում է որովայնային ճարպակալման մասին, մեծացնում է այլ օրգան-համակարգերի խնդիրների ռիսկը։ Որովայնի ճարպակալումը վտանգավոր է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում, սակայն տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել սեռական օրգանների դիսֆունկցիայի։ Ճարպակալումը կարող է առաջացնել 2-րդ տիպի շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ։
– Մեր օրերում խնդիր է երեխաների ճարպակալումը. սա ինչո՞վ է պայմանավորված։
– Նպաստող գործոններից մեկը ֆասթ-ֆուդն է, կետչուպը, մայոնեզը, ֆրին, քանի որ պարունակում է տրանսճարպեր, որոնք ամենավատ ճարպերի տեսակներից են։
Սա հանգեցնում է «վատ» խոլեստերինի քանակի բարձրացման, խանգարվում է նյութափոխանակությունը։
Քիչ է նաև ֆիզիկական ակտիվությունը։ Շատ են խանգարում էկրանները, քանի որ ուտելիս էլ են դրանց դիմաց նստած, և ուղեղին չեն հասնում ազդակները, որ արդեն հագեցած են, կուշտ են, ու շատ են ուտում։
Հաճախ երեխաները ժամանակին չեն պառկում քնելու, ժամը 23։00-ին գոնե պետք է քնած լինեն, որպեսզի ճարպերի այրման պրոցեսն ավելի ակտիվ ընթանա։

– Ինչպե՞ս հասկանալ՝ որովայնի փքվածությո՞ւն է, թե՞ ճարպ։
– Որովայնային փքվածությունը մի շարք խնդիրների հետևանք կարող է լինել. կարող են աղիներում գազեր կուտակվել, գլյուտենի, լակտոզի նկատմամբ սննդային անհանդուրժողականությունը կարող է պատճառ լինել, ու շատերը շփոթում են՝ մտածելով, որ փքվածությունը ճարպ է։
– Ինչպե՞ս արագ և առողջ նիհարել։
– Արագ նիհարելը վնաս է օրգանիզմին․ պետք է կարգավորել ֆիզիկական ակտիվությունը, քունը, սթրեսը։ Սնունդը լինի բալանսավորված։

