Մատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Նայեֆ Հ. Ալ-Ֆայեզի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։
Շնորհավորելով Նայեֆ Ալ-Ֆայեզին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու առաքելության իրականացման գործում և վստահություն հայտնել, որ նրա ղեկավարությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային օրակարգը կհարստանա նոր նախաձեռնություններով և միջազգային համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններով։
Նայեֆ Ալ-Ֆայեզը շնորհավորել է Հայաստանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ ընտրվելու կապակցությամբ՝ այն գնահատելով որպես կարևոր ձեռքբերում և միջազգային մակարդակում Հայաստանի մշակութային հեղինակության վկայություն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կառավարման և մասնագիտական մարմինների աշխատանքներին։
Քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Մատենադարանի գիտական, կրթական և մշակութային գործունեությունը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն ձեռագրերի պահպանության և ուսումնասիրման առաջատար կենտրոն է, այլև ունի տարածաշրջանային և միջազգային վերապատրաստումների հարթակ դառնալու ներուժ՝ ձեռագրերի պահպանության և վերականգնման ոլորտում։
Անդրադարձ է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026–2027 թվականների օրացույցում ընդգրկված հայկական հոբելյաններին, մասնավորապես՝ հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100 ամյակներին, որոնց նվիրված միջոցառումներ են կազմակերպվելու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:
Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ Հայաստանի համար մեծ նշանակություն ունի առաջիկա նստաշրջանի աշխատանքներին մասնակցությունն ու Համաշխարհային ժառանգության կոմիտեի շրջանակում արդյունավետ համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի շրջանակում։
Քննարկվել են նաև 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ հանդիպումը նոր համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների մեկնարկի կարևոր հիմք կդառնա։

