Ֆրաու Ուրսուլան Կովկասում. Բրյուսելը «բարեկամություն» է պարտադրում Երևանին և Բաքվին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-2-ը եղել է Բաքվում և Երևանում` խոստանալով ամրապնդել կապերն Ադրբեջանի և Հայաստանի հետ ֆինանսական աջակցության և տրանսպորտային ու էներգետիկ համատեղ նախագծերի հաշվին: Այս շրջագայության արդյունքները, անշուշտ, համապարփակ գնահատական են պահանջում։

Ի թիվս այլ բաների, Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է «Հայաստանի վրա տնտեսական ճնշման» մասին և հավաստիացրել, որ Բրյուսելը լի է վճռականությամբ՝ աջակցելու Երևանին, ավելի ճիշտ` նրա ներկայիս իսթեբլիշմենթին։ Թեև պաշտոնյայի գնահատականը որոշակի հակասության մեջ է մտնում հայաստանյան իշխանությունների դիրքորոշման հետ։ Չէ՞ որ ինքը` Նիկոլ Փաշինյանն, ու նրա կաբինետը բազմիցս ցույց են տվել ռուսական կողմի հետ հետագա շփումների տրամադրվածությունը հայաստանյան իշխանություններին հետաքրքրող հարցերի շուրջ։ 

«Հրապարակ»-ի տեղեկություններով` ՀՀ ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով նամակներ և հարցումներ է փոխանցել ՌԴ ԱԳՆ-ին` խնդրելով հրավիրել Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ» ցուցահանդեսին` քննարկելու Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման ժամանակ առաջացած խնդիրները:

Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 6-ին, սակայն արդեն 2026 թվականի հուլիսի 10-ից, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության համաձայն, արգելվում է ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից առևտրային ծավալներով բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների արտահանումը. «ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն` ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար տեղափոխվող բուսասանիտարական հսկողության ենթակա արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը»։

Այդուհանդերձ, մենք մի փոքր շեղվեցինք։ Ֆոն դեր Լայենի՝ Ադրբեջան և Հայաստան ներկայիս շրջագայության հայտարարված նպատակներն են դարձել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելը, Անդրկովկասի տրանսպորտային փոխկապակցվածության ու փոխկախվածության ամրապնդումը, ընդհանուր առմամբ տարածաշրջանի հետ տնտեսական համագործակցության խորացումը և Նիկոլ Փաշինյանի կառավարությանն աջակցելը։ Սկզբում եվրահանձնակատարն աչքի է ընկել «լույսերի երկրում», որտեղ հուլիսի 1-ին հանդիպում է ունեցել Ալիևի հետ։  Բանակցությունների գլխավոր թեման էներգետիկայի ոլորտում գործընկերությունն էր։

Ի դեպ, 4 տարի առաջ, երբ ԵՄ-ն այլընտրանք էր փնտրում ռուսական էներգակիրներին, ֆոն դեր Լայենն արդեն այցելում էր Բաքու` Կասպից ծովի արևմտյան ափերից բնական գազի երկարաժամկետ մատակարարումներ փնտրելու համար։  4 տարվա ընթացքում դրանք աճել են 65 տոկոսով, պատմել է Ալիևը` հավելելով, որ ադրբեջանական գազն այսօր ստանում են տասը երկրներ։

«Մեր առևտրի ավելի քան 40%-ը բաժին է ընկնում ԵՄ անդամ պետություններին։ Եվրոպական միության համար Ադրբեջանը հանդիսանում է հիմնական առևտրային գործընկերը Հարավային Կովկասում։ Հարավային Կովկասում ԵՄ առևտրի գրեթե 70%-ը բաժին է ընկնում Ադրբեջանի հետ առևտրին»,- հպարտությամբ պատմել է Ադրբեջանի Հանրապետության նախագահը։

Բրյուսելից ժամանած հյուրը հավաստիացրել է, որ կողմերը մտադիր են խորացնել նշված կուրսը։ «Ադրբեջանը կմիավորի իր էներգետիկ համակարգը ԵՄ-ի հետ։ Դա նաև հնարավորություններ կստեղծի գազի լրացուցիչ ծավալների արտահանման համար»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ բարձր գնահատելով անդրկովկասյան հանրապետությունների միջև էլեկտրական մալուխի անցկացման վերաբերյալ Բաքվի նախաձեռնությունը։

Շփումների մեկ այլ անկյունաքարային կողմ դարձավ տրանսպորտային կապերի և փոխկապակցվածության խնդիրը։

Global Gateway (երրորդ երկրներում ենթակառուցվածքային նախագծերի գլոբալ ցանցի զարգացման նախաձեռնություն) ծրագրի շրջանակներում ԵՄ-ն մինչև 200 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի տարածաշրջանում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար: Հնարավոր նախագծերի թվում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով երկաթուղային հաղորդակցությունը և Բաքվի միջազգային ծովային նավահանգստի զարգացումը:

Եվրոչինովնիկը ոչ պակաս նապոլեոնյան ծրագրեր է հռչակել նաև Երևանում, ուր տեղափոխվել է հուլիսի 2-ին։

Գործնականում Եվրահանձնաժողովի ղեկավարի բոլոր հայտարարությունները կարելի է ամփոփել այն բանում, որ ԵՄ-ն, իբր, արդեն լիովին պատրաստ է փոխարինել Ռուսաստանին տարածաշրջանում, այդ թվում` որպես առևտրային և էներգետիկ գործընկեր։ «Մենք կարող ենք արտադրանքը, որը ներկայումս հիմնականում նախատեսված է ռուսական շուկայի համար, վերաուղղորդել ԵՄ միասնական շուկա` 450 մլն սպառողների։

Այս միջոցառումը դուռ կբացի դեպի Եվրոպա Հայաստանի թարմ գյուղատնտեսական արտադրանքի գրեթե 99%-ի, ինչպես նաև ԵՄ միասնական շուկա խմիչքների և ոգելից խմիչքների ձեր արտահանման 90%-ի համար: Սա միայն սկիզբն է»,- «օդային ամրոցները» նկարել է ֆրաու ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով` Բրյուսելը նույնպես լի է վճռականությամբ` աջակցելու Երևանին էներգամատակարարման դիվերսիֆիկացման հարցում. շուտով Երևան կժամանի փորձագետների խումբ` այդ խնդիրը լուծելու համար: «Մենք նման իրավիճակներում աշխատելու մեծ փորձ ունենք։

Մենք դրա միջով անցել ենք Ուկրաինայում, Մոլդովայում, զգալի փորձ ենք կուտակել»,- Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ այս առիթով հստակեցրել է պաշտոնյան, ով այս անգամ զգուշացել է Մոսկվայի և Բրյուսելի միջև կտրուկ հակադրություններ անելուց։

Շեշտադրելով այն հանգամանքը, որ Երևանում ոչ ոք չի պլանավորում հետ շրջել եվրաինտեգրումը, վարչապետը պարզաբանել է, որ հայկական կողմը մտադիր չէ նաև վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. «Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում: Բնականաբար, մենք չենք անտեսում մեր միջազգային գործընկերներից և ոչ մեկի շահերը, բայց մյուս կողմից՝ չենք կարող մեր որևէ գործընկերոջ շահերը դասել Հայաստանի Հանրապետության շահերից վեր»։

Միանգամայն ակնհայտ է, որ տնտեսական և էներգետիկ նախագծերը և այդ ուղղությամբ երկարաժամկետ շահերը, որոնք սերտորեն կապված են տրանսպորտային ուղիների զարգացման հետ, ակնհայտորեն դարձել են Անդրկովկասում Եվրահանձնաժողովի ղեկավարի շրջագայության գլխավոր լեյտմոտիվը։ Պատահական չէ, որ 2022 թվականի ամռանն Ադրբեջան կատարած նախորդ այցի արդյունքներով ԵՀ ղեկավարը հայտարարել է Հարավային գազային միջանցքի` Կասպյան տարածաշրջանը Եվրոպային կապող շուրջ 3500 կմ երկարությամբ խողովակաշարերի համակարգի թողունակությունը մինչև 2027 թվականը տարեկան մինչև 20 մլրդ խմ գազի հասցնելու վճռականության մասին։

Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ անդրկովկասյան հետխորհրդային տարածքում տրանսպորտային երթուղիների նկատմամբ ԵՄ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն լոգիստիկ խնդիրներով, այլև էներգառեսուրսների, հազվագյուտ հողերի, ուրանի և ռազմավարական կարևոր այլ ռեսուրսների կայուն մատակարարումներ ապահովելու հաստատակամ մտադրությամբ, որոնք անհրաժեշտ են Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ պետությունների արդյունաբերության և ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար, որոնք բացահայտորեն պատրաստվում են Ռուսաստանի հետ զինված դիմակայությանը:

Յուրի Մավաշև

vpoanalytics.com

Թարգմանությունը ՝ ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031