«Մոռացի՛ր բոլորիս, հետ չնայե՛ս, Տոտո՛»․ Kinoashkharh
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո սիցիլիացիները գտել էին կյանքն ինչ-որ կերպ շարունակելու հնարը՝ առավոտյան գնում էին եկեղեցի, երեկոյան՝ «Պարադիզո» կինթատրոն։ Եկեղեցին և կինոթատրոնը աղքատ ու կիսավեր Ջանվալդո գյուղի միակ հանրային տարածքներն են, և կարելի է ասել, մրցակից կառույցներ, որտեղ լեգիտիմ իշխանությունը, միանշանակ, եկեղեցու հայրերի ձեռքերում է, բայց մարդկանց սրտերը՝ ինչպես և փոքրիկ Տոտոյինը, որ առավոտյան երգում է ժամերգությանը, երեկոյան՝ վազում կինոթատրոն, անվերապահորեն պատկանում է կինոթատրոնին։
Ջուզեպե Տորնատորեն «Cinema Paradiso» ֆիլմում ցույց է տալիս իր մանկության Սիցիլիան՝ հետպատերազմական աղքատիկ մի գյուղ, որտեղ տղամարդկանց մեծ մասը չի վերադարձել պատերազմից, ընտանիքներն ապրում են սոցիալական ծանր պայմաններում․ պատերազմն այստեղ անտեսանելի վերք է, որի վրա մարդիկ փորձում են նոր կյանք կառուցել՝ նորից սովորելով ապրել, սիրել, երազել։ Եվ միայն կինոթատրոնն է, որ տխուր համայնքի ոչ միայն ժամանցի, այլև հոգևոր կենտրոնն է՝ բուժման, հիշողության, հույսի տարածք։ «Paradiso»-ն աշխարհիկ տաճար է, գյուղացիների ետպատերազմական դրախտավայրը։ Քահանան ճիշտ զգում է «մրցակցի»՝ մարդկանց հոգիներն ու մտքերը գրավելու առեղծվածային ուժը, և ամեն կերպ փորձում է վերահսկել այդ նոր «կրոնը»՝ կտրտելով ցուցադրվելիք ֆիլմերի էրոտիկ, սիրային, բաց մարմնամասեր ցուցադրող կտորները՝ զրկելով սիցիլիացիներին չոր, կոշտ, անհրապույր առօրյան սիրային փափկությամբ լցնելու հնարավությունից։
«Cinema Paradiso»-ն իտալական նեոռեալիզմի հետ ունի շատ խոր՝ գրեթե գենետիկ կապ, բայց միևնույն ժամանակ նեոռեալիզմի յուրօրինակ էլեգիան է։ Ջուզեպե Տորնատորեն ողջ ֆիլմի ընթացքում երկխոսության մեջ է նեոռեալիզմի վառ ներկայացուցիչներ Ռոսելլինիի, Դե Սիկայի, Վիսկոնտիի կինեմատոգրաֆի հետ՝ իր ֆիլմի մեջ ցուցադրելով նաև նրանց ֆիլմերից պատառիկներ և ներկայացնելով դասական մետակինոյի (կինո կինոյի մեջ) օրինակ։ Սակայն եթե նեոռեալիզմը հետպատերազմական Իտալիայի հայելին էր, և ժողովուրդը, էկրանին դիտելով սեփական կյանքը, հուզվում, ծիծաղում և ծափահարում էր, ապա Տորնատորեն «Paradiso» կինոթատրոնում գյուղացիներին առաջարկում էր փախչել այդ կյանքից բարեկեցիկ Հոլիվուդ կամ հեքիաթի աշխարհ։ Մի դեպքում արվեստը կատարում էր իր սոցիալական ու հոգեբանական առաքելությունը՝ օգնելով մարդկանց ճանաչել սեփական ցավը, երկրորդ դեպքում՝ ինչ-որ տեղ՝ հեռվում, դրախտի հույս և խոստում էր տալիս։

Սալվատորե Դի Վիտան՝ փոքրիկ Տոտոն, որի հայրը նույնպես չի վերադարձել պատերազմից, սիրահարվում է կինոյին և իր օրերն անցկացնում «Paradiso»-ում։ Այնտեղ մտերմանում է կինոմեխանիկ Ալֆրեդոյի հետ, որը դառնում է նրա ուսուցիչը, երկրորդ հայրը, կյանքի ամենակարևոր ուղեկիցը։
Ալֆրեդոն Տոտոյի համար փորձում է հնարավորինս լրացնել այն, ինչ պատերազմը խլել էր նրանից՝ հոր ներկայությունը։ Իսկ Տոտոն Ալֆրեդոյին վերադարձնում է այն, ինչ մարել էին տարիքն ու պատերազմը՝ հավատն ապագայի հանդեպ։ Տոտոն դեռ հավատում է, որ աշխարհը կարելի է փրկել լույսով, իսկ Ալֆրեդոն արդեն գիտի, որ աշխարհը փրկել հնարավոր չէ, բայց կարելի է փրկել մեկ մարդու։ Ալֆրեդոն ցույց է տալիս, որ երբեմն սիրո ամենաբարձր արտահայտությունը ոչ թե սիրած մարդուն կողքիդ պահելն է, այլ՝ ճանապարհելը։ «Ես իմ կյանքն ապրեցի մթության մեջ՝ կինոխցիկի հետևում, բայց դու պետք է դուրս գաս խցիկից և ապրես իրական կյանքը․․․ Կյանքը ֆիլմերի նման չէ, կյանքը շատ ավելի դժվար է։ Գնա՛ Հռոմ։ Դու երիտասարդ ես, աշխարհը քոնն է։ Ես ծեր եմ։ Մի՛ հանձնվիր կարոտին, մոռացի՛ր մեզ՝ բոլորիս, հետ չնայես, Տոտո․․․Ինչ էլ որ անես կյանքում, սիրիր այն այնպես, ինչպես մանկության տարիներին սիրում էիր կինոխցիկի սենյակը»․․․ Ալֆրեդոն Տոտոյին տալիս է ազատություն։ Տոտոն դառնում է հաջողակ, հարուստ ռեժիսոր Հռոմում՝ արտացոլելով 1960-ականներին Իտալիայի տնտեսական հրաշքը։ Սակայն սոցիալական խնդիրներին փոխարինելու են գալիս էքզիստենցիալ մենությունը և անհատի անձնական դրաման։
Ֆիլմի երկրորդ կեսում, երբ հին կինոթատրոնը պայթեցվում է՝ տեղը զիջելով ավտոկանգառին, Տորնատորեն սիմվոլիկ կերպով թաղում է հին իտալական կինոյի դարաշրջանը, այդ թվում՝ նեոռեալիզմը՝ ծնելով «պոստ-նեոռեալիստական» կինոն։
Նեոռեալիզմի դյուրավառ ժապավանները, որոնք դարձել էին Ալֆրեդոյի կուրացման պատճառը, փոխարինվել են անվտանգ ժապավաններով։ Սակայն ո՛չ Ալֆրեդոն, ո՛չ կինոթատրոնն այլևս չկան։ Մնացել են միայն քահանայի կողմից կտրտած ժապավենի այն էրոտիկ տեսարանների հատվածները, որոնք Ալֆրեդոն պահպանել և ետմահու փոխանցել է Սալվատորե Դի Վիտային։ Էրոտիկ կադրերը, որոնք ժամանակին մեղք էին համարվում, վերածվում են մաքուր, վերամբարձ գեղեցկության։ Կրոնական արգելքը՝ գրաքննությունը, ժամանակավոր էր, մինչդեռ Ալֆրեդոյի շնորհիվ պահպանված արվեստի կտորները դառնում են հավերժական։ Եվ արվեստը վրեժխնդիր չի լինում կրոնից, այլ վերականգնում է մարդկային փորձառության ամբողջականությունը՝ ներելով անցյալի կուրությունը։
Մարինա Բաղդագյուլյան

