Վուչիչը հայտարարել է, որ կհեռանա Սերբիայի նախագահի պաշտոնից խորհրդարանական ընտրությունների հայտարարումից հետո
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտարարել է, որ կլքի պետության ղեկավարի պաշտոնը խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարությունից մի քանի օր անց: Դրա մասին նա հայտնել է TV Pink հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է Danas-ը:
Ըստ Վուչիչի՝ ինքն իր որոշման մասին նախապես է հայտարարել, որպեսզի ընդդիմախոսները չկարողանան իրեն մեղադրել ընտրություններից խուսափելու փորձի մեջ։ Նախագահը նշել է, որ պատրաստ է խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացնել միաժամանակ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։«Ես այստեղ՝ որպես Հանրապետության նախագահ, պետք է հայտարարեմ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, իսկ հետո՝ մի քանի օր անց, հրաժարական տամ»,- հայտարարել է Վուչիչը:
Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ իր քաղաքական հակառակորդները գերագնահատում են բնակչության շրջանում իրենց աջակցության մակարդակը։ Ըստ Սերբիայի նախագահի՝ նախկինում ընդդիմությունը պնդում էր, թե վայելում է քաղաքացիների 70%-ի աջակցությունը, սակայն այժմ հարցն այն է՝ «արդյո՞ք նրանք ունեն գոնե 30%»։
Ավելի վաղ Վուչիչը հանդես էր եկել խորհրդարանի առջև՝ հաստատելով հրաժարական տալու մտադրությունը։ Նա հայտարարել էր, որ, հնարավոր է, վերջին անգամ է դիմում պատգամավորներին որպես նախագահ, և որ այդ պաշտոնում իր «վերջին օրերն ու շաբաթները» մոտենում են ավարտին։
Վուչիչի հայտարարությունները հնչել են Սերբիայում տևական հակակառավարական բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել են 2024 թվականի դեկտեմբերին՝ Նովի Սադի երկաթուղային կայարանի ծածկի փլուզումից հետո, ինչի հետևանքով 16 մարդ էր զոհվել։

