Թուրքիան իր S-400-ները վաճառում է 3-րդ երկրի. Hürriyet

Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին հայտնել է, որ Թուրքիան Ռուսաստանից գնած հակաօդային պաշտպանության S-400 համակարգերը վաճառում է Պարսից ծոցի մի երկրի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Ըստ իմ տեղեկությունների՝ S-400-ները վաճառվում են 3-րդ երկրի։ Վաճառքի մասին կհայտարարվի այսօր։ S-400-ները տեղափոխվելու են Պարսից ծոցի երկրներից մեկը։ Երեկ դեռ աշխատում էին վերջին խոչընդոտների վերացման ուղղությամբ։ Ասում էին, որ կեսգիշերին վերջին խնդիրներն էլ են կարգավորվել։ Ոմանք ասում են՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, մյուսները մատնանշում են Կատարը։ Ամենաճիշտը պաշտոնական հայտարարությանը սպասելն է»,- գրում է Սելվին։

Դեռևս 2017 թվականին Անկարան հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ ստորագրել է S-400 զենիթահրթիռային պաշտպանության 2 համակարգ գնելու պայմանագիր։ Գործարքի արժեքը կազմել էր 2.5 մլրդ դոլար։ 2019-ի հուլիսի 12-ին արդեն այդ համակարգերի առաջին բաղադրիչները մատակարարվել էին Թուրքիա։

Այդ գործարքից հետո ԱՄՆ-ն հայտարարեց, որ Թուրքիային հեռացնում է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից։ Այնուհետև Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի շրջանակում պատժամիջոցներ կիրառելու որոշում ընդունվեց և ուժի մեջ մտավ 2021թ. ապրիլին։

Բայց օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի պատժամիջոցները վերացվելու են, իսկ F-35 կործանիչները կմատակարարվեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031