Անկարայի գագաթնաժողով. ՆԱՏՕ-ի ռազմավարական հաշվարկներն ու Թուրքիայի աճող դերը
Հուլիսի 7-8-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ նախագահական Բեշթեփե (Beştepe) համալիրում, մեկնարկեց ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների 36-րդ «Խաղաղության բանալին» կարգախոսով գագաթնաժողովը, որը համախմբեց դաշինքի բոլոր 32 անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին։
Հանդիպմանը մասնակցեցին նաև գործընկեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաև Եվրոպական միության և այլ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Գագաթնաժողովի շրջանակում Անկարայում երկկողմ հանդիպումներ անցկացրին նաև մի շարք տարածաշրջանային ղեկավարներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը բանակցություններ ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։
Անկարայի գագաթնաժողովի առանցքային օրակարգը ձևավորվել էր միջազգային անվտանգության միջավայրի խորացող փոփոխությունների պայմաններում ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության և զսպման կարողությունների հետագա ամրապնդման շուրջ։ Քննարկումների հիմնական թեմաներն էին անդամ երկրների պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ը հասցնելու ռազմավարությունը, եվրոպական պաշտպանական արդյունաբերության հզորացումը, Ուկրաինային տրամադրվող ռազմական և քաղաքական աջակցության շարունակականությունը, ինչպես նաև դաշինքի արևելյան թևի պաշտպանական և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումն ու ռազմական շարժունակության բարձրացումը։ Այս համատեքստում Անկարայի գագաթնաժողովը դարձավ նախորդ տարիներին ընդունված որոշումների իրագործման ընթացքը գնահատելու, եվրաատլանտյան անվտանգության համակարգի հետագա վերափոխման հիմնական ուղղությունները նախանշելու հարթակ։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքով՝ հանդիպումն անցել է հաջող, իսկ ինքը՝ դաշինքն, այսօր, առավել քան երբևէ, ուժեղ է և համախմբված։ Գագաթնաժողովի առաջին օրը մասնակից երկրները հատուկ ուշադրություն են դարձրել պաշտպանական խնդիրներին։ Մասնավորապես, առաջնորդները պայմանավորվել են շուրջ 50 միլիարդ դոլար հատկացնել պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանը։
Գումարները նախատեսվում է ուղղել հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջոցառման շրջանակում ասաց, որ դատելով վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում Իրանի գործողություններից՝ տեսնում է, որ այս ամենից որևէ օգուտ չկա։ «Ես լավ եմ ճանաչում այդ մարդկանց և կասկածում եմ, որ ցանկանում եմ նրանց հետ գործարք կնքել։ Հերի՛ք է խաղեր խաղանք։ Եկե՛ք պարզապես ավարտին հասցնենք սկսածը»,- ասաց Թրամփը։ Միևնույն ժամանակ, Թրամփը կրկին քննադատեց ՆԱՏՕ-ի ներսում ֆինանսական պարտավորությունների բաշխումը։
Նրա խոսքով՝ անցյալ տարի Դաշինքի բոլոր պաշտպանական ծախսերի ավելի քան կեսը ծածկել է հենց ԱՄՆ-ը։ Բյուջեի շուրջ վեճերի ֆոնին ամերիկյան առաջնորդը կրկին անդրադարձել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու թեմային։ Ի պատասխան՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն ընդգծել է, որ Գրենլանդիան չի վաճառվում, և այդ հարցում երկրի դիրքորոշումն անփոփոխ է։
Գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկն Ուկրաինային աջակցության հարցն էր։ Գագաթնաժողովի արդյունքներով ՆԱՏՕ-ն խոստացավ այս տարի Կիևին հատկացնել 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։ Ծախսերի հիմնական մասը կհոգան եվրոպական երկրներն ու Կանադան։ Ֆորումի շրջանակներում տեղի ունեցան նաև բանակցություններ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Դրանց արդյունքներով ԱՄՆ նախագահը խոստացավ Ուկրաինային տրամադրել Patriot հրթիռների արտադրության արտոնագիր (լիցենզիա)։ Այս հայտարարությունը անակնկալ էր, քանի որ Կիևն այդ իրավունքին ձգտում էր ավելի քան կես տարի, սակայն մինչ այժմ Վաշինգտոնից մերժումներ էր ստանում։
Գագաթնաժողովի արդյունքներով Թրամփը ցույց տվեց, որ ցանկանում է վերացնել խոչընդոտները նաև Թուրքիայի հետ հարաբերություններում։ Նա հայտարարեց, որ մտադիր է չեղարկել երկրի դեմ 2019 թվականից գործող պատժամիջոցները։ Դրանք սահմանվել էին այն բանից հետո, երբ Անկարան ձեռք բերեց ռուսական ՀՕՊ համակարգերը։ Արդյունքում՝ երկիրը դուրս էր մնացել ամերիկյան նոր սերնդի կործանիչների մատակարարման ծրագրից։
Իր հերթին՝ Թուրքիայի ղեկավարն ասաց, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ, ըստ էության, այլևս չկան։ «Դոնալդ Թրամփի հետ մենք արդեն քննարկել ենք պաշտպանական արդյունաբերության հզորացմանն ուղղված կոնկրետ քայլեր, հատկապես՝ նավաշինության ոլորտում»,- ասաց նա:
Գագաթնաժողովի արդյունքներով ՆԱՏՕ-ի անդամ երկրները կրկին վերահաստատեցին իրենց հավատարմությունը հավաքական պաշտպանությանը՝ համաձայն Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածի, և տրանսատլանտյան կապերին։
Մասնակիցները հավելեցին, որ Իրանը չպետք է տիրապետի միջուկային զենքի, և կոչ արեցին հետևել նավագնացության ազատությանը Հորմուզի նեղուցում։ Արևմտյան ԶԼՄ-ներն ու փորձագետներն արձանագրում են, որ գագաթնաժողովը Թուրքիայի համար առանձնահատուկ նշանակություն ունի՝ Անկարան պատրաստվում է դառնալ ՆԱՏՕ-ի ներսում կենտրոնական դերակատարներից մեկը։ 1952 թվականին Դաշինքին անդամակցելուց ի վեր հանրապետությունը մնում է հավաքական անվտանգության կարևոր հենասյունը, իսկ վերջին տարիներին նրա ազդեցությունը զգալի աճ է արձանագրել:
Ըստ Bloomberg-ի տվյալների՝ երկրի սպառազինության արտահանման ծավալը գերազանցել է 11 միլիարդ դոլարի սահմանագիծը, ընդ որում՝ մատակարարումների ավելի քան կեսը բաժին է ընկնում բլոկի գծով դաշնակիցներին՝ ԱՄՆ-ին և Եվրոպային։ Բացի այդ, վերջին տարիներին Թուրքիան հաջողությամբ ամրապնդում է իր՝ միջազգային ճգնաժամերում միջնորդի կարգավիճակը՝ ուկրաինական կարգավորումից մինչև Իրանի պատերազմ։
Անկարայի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները փաստում են, որ Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը՝ ՆԱՏՕ-ի ներսում վերածվելով առանցքային դերակատարի: ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկման հեռանկարը, պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկկողմ համատեղ նախագծերն ու Թուրքիայի ռազմական արտահանման շեշտակի աճը հերթական անգամ վկայում են այն մասին, որ դաշինքի գործընկերները, ԱՄՆ-ը, հավաքական Արևմուտքը մեծապես կարևորում են Անկարայի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանում, հետևաբար՝ շահերը Հարավային Կովկասում:
Միևնույն ժամանակ, գագաթնաժողովում հնչած հայտարարություններն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերաբերյալ ցույց են տալիս, որ Մերձավոր Արևելքում և հարակից շրջաններում ուժերի հավասարակշռությունը մնում է խնդրահարույց:
Հարավային Կովկասի կայունությունն ուղղակիորեն փոխկապակցված է հարևան մեծ տարածաշրջանների անվտանգային միջավայրի հետ: Ցանկացած լարվածություն կամ աշխարհաքաղաքական տեղաշարժ անմիջական ազդեցություն է ունենում հաղորդակցության ուղիների և տարածաշրջանային համագործակցության հեռանկարների վրա: Անկարայի գագաթնաժողովն ապացուցեց, որ միջազգային հարաբերություններում առաջնային են պրագմատիկ շահերն ու ռազմավարական հաշվարկները:

