Միգուցե հենց Ալավերդուց սկսվի այս իշխանության անօրինությունների վերջը. քաղաքացիները՝ ՀՀԿ-ականներին

ՀՀԿ ԳՄ անդամները Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնք էին այցելել։ Սա նրանց մարզային հինգերորդ այցելությունն էր: Լոռեցիները բազմաթիվ հարցեր ունեին կուտակած: Հանրապետականների հետ հանդիպումն էլ լավ առիթ էր անկեղծ զրուցելու, իրենց մտահոգող հարցերն ուղղելու և սպառիչ պատասխաններ ստանալու համար: Երկրի անվտանգության հարց, սահմանային իրավիճակ, ՏԻՄ ընտրություններ… լոռեցիներին ոչ միայն սոցիալական հարցերն էին հետաքրքրում, այլև Հայաստանում գրանցված կուսակցությունների մեծ քանակն ու դրանց ձևավորման սկզբունքները: Բայց հանդիպմանը մասնակցող ալավերդցիներին առավելապես հետաքրքրում էին Հայաստանի սահմանների վիճակին ու, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրին» վերաբերող հարցերը:

«Միգուցե հնարավոր էր 5 շրջանները հանձնելով՝ մինչև 2012 թվականն Արցախի հարցին լուծում տալ: Ասեմ ավելին, իմ սեփական ու սուբյեկտիվ կարծիքով, այս ամենը տեսնելով, հասկանում եմ, որ թուրքն իր աֆերիստությունն է անելու, թուղթը չի ստորագրելու, քիչ-քիչ առաջ է գալու»,- համոզմունք հայտնեց Ալավերդու բնակիչը:

Ի պատասխան, ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ Արցախյան բանակցային գործընթացը շատ երկար տարիներ ունեցել է տրամաբանություն, որն ընդունել են բոլոր երկրները, բացի Պակիստանից, Սաուդյան Արաբիայից, Ադրբեջանից ու Թուրքիայից: Իսկ այդ տրամաբանության հիմքում եղել են Մադրիդյան սկզբունքները:

«Այդ սկզբունքներից մեկը եղել է ինքնորոշման իրավունքի իրացումը: Ադրբեջանը երբեք երջանիկ չի եղել Մադրիդյան սկզբունքներով: Մեր ժողովուրդն է, մենք էլ, չթաքցնենք, ես նույնպես երջանիկ չեմ եղել, որ փոխզիջումային տարբերակով պետք է տարածքներ վերադարձնեինք: Բայց բոլորս հասկանում էինք, որ դա խաղաղ ճանապարհն է: Իսկ այդ խաղաղության երաշխավորը հենց այդ Մինսկի խումբն էր: Ապրիլյան պատերազմը միակ պատուհանն էր, որով Ադրբեջանը փորձեց ցույց տալ, որ ռազմական լուծում կար՝ չկարողացավ: Մեր ժողովրդի համար պատերազմ էր, իսկ քաղաքականության մեջ դա հետևյալն էր. աշխարհն Ադրբեջանին ասաց՝ տեսա՞ր, որ ռազմական լուծում չկա, հետևաբար՝ կգնաս, խելոք կնստես ու հայերի հետ կպայմանավորվես: Հայաստանն էլ ստացավ Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևում հաստատված արձանագրությունները, որը ենթադրում էր, որ այսուհետև աշխարհը ճանաչում է Ղարաբաղի և Ադրբեջանի միջև եղած շփման գիծը: Դա քաղաքական խոշոր հաղթանակ էր մեր դիվանագիտության համար: Ադրբեջանին ասում էին, որ՝ այս սահմանը խախտեցիր՝ համարում ենք ագրեսիա: Դրա համար էլ գնաց ու հոկտեմբերին, կառավարության նիստում ասաց՝ դե, իմ վրա ճնշում կա, պետք է ճանաչենք»,- հիշեցրեց ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարարը:

Կարդացեք նաև

Արտակ Զաքարյանը վստահեցրեց, որ աշխարհում որևէ դեպք չի եղել, որ պատերազմում պարտված ղեկավարը վերընտրվի: Նրա խոսքով՝ Հայաստանն այս առումով միակն է իր տեսակի մեջ։

«Դա աբսուրդ է, չի կարող այդպիսի բան լինել: Ո՞ւմ է դա պետք. Ադրբեջանին և Թուրքիային: Որովհետև իրենք են շահագրգռված: Մեզ իրենք են ասում ռևանշիստ՝ նկատի ունենալով ազգային ուժերին: Այսօր Հայաստանը շատ խախուտ է, բայց շատ արագ, մի երկու տարում շատ արագ կարող է վերականգնել իր դիրքերը, անվտանգությունը, զինուժի մակարդակն ու պահանջատիրությունը: Որովհետև այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, եթե աշխարհի լեզվով ասենք, ինքնորոշման իրավունքի ոչնչացում է եղել: Այսինքն, Հայաստանն այսօր լրիվ կարող է կանգնել ու ասել՝ աշխարհ, այս քո բերած կանոնները, ասում ես՝ կանոններով գնա: Բա սա կանոնների մեջ չէ՞ր: Դուք ու Ձեր երկրի ղեկավարները չէի՞ն այս տարիների ընթացքում այս 5 խոշոր հայտարարություններն արել: Բա հետո ինչի՞ թույլ տվեցիք Ադրբեջանին՝ խախտել այդ նույն կանոնները: Բռնի տեղահանվածի կարգավիճակը միջազգայնորեն իրավական կարգավիճակ է: Դա իրավունք է տալիս՝ դու պահանջես երաշխիք ու այդ մարդկանց վերադարձնես իրենց տուն»,- ասաց Արտակ Զաքարյանը:

ՀՀ գործող իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության, հակասական հայտարարությունների ու դրանց հետևանքների մասին խոսեցին նաև տեղի բնակիչները: Նրանց հատկապես անհանգստացնում էին դեկտեմբերի 5-ին Ալավերդիում սպասվող ՏԻՄ ընտրությունները։

«Դեկտեմբերի 5-ին, Ալավերդի խոշորացված համայնքում պլանավորված խփվում է տեղական ինքնակառավարման դագաղի վերջին մեխը: Չընտրված կուսակցությունն ուզում է ինքն իշխանազավթում անել: Ես մասնակցել եմ ընդդիմության շարժմանը: Բայց մի ամիս, երկու ամիս քայլելով՝ ի՞նչ լուծում եք դուք առաջարկում: Միգուցե հենց Ալավերդի խոշորացված համայնքից սկսվի այս իշխանության անօրինությունների վերջը»,- ասաց Ալավերդու բնակիչը:

Հարցին արձագանքեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Իհարկե, գիտեմ՝ ինչ է կատարվում Ալավերդի խոշորացված համայնքում: Երկու նախկին հանրապետականներ իրար մեջ կիսում են, թե ով է դառնալու քաղաքապետը, բայց ոչինչ: Թե չէ այդ որտե՞ղ է ընտրված: Երևանի գործող քաղաքապետին ընտրել է Երևանի ընտրելու իրավունք ունեցողների 9 տոկոսը: Ավելին ասեմ, Փաշինյանին ընտրել է Հայաստանի քվեարկելու իրավունք ունեցողների 25-ից էլ պակաս տոկոսը: Բայց այս մարզում մենք մի հատ էլ դեպք ունենք: Մամիկոնը Ասլանյան մի հատ «մեծ հանցագործություն» է արել: ՔՊ-ին կրել է, ինչի համար արդեն երկու տարի նստած է: Իրենք ուզում են ցույց տալ, որ՝ «մեր դեմ խաղ չկա»: Բոլոր իրենց գործողությունների նպատակն այդ է: Ընտրված քաղաքապետին չթողնել պաշտոնավարել մինչև վերջ, բերել-նստեցնել ուրիշ քաղաքապետի, մարդկանց բռնել: Մարդիկ նայում են՝ Աշոտյան Արմենը Եվրոպայում ամենաշատ կապերն ունեցող քաղաքական գործիչն է Հայաստանում, ներառյալ՝ ներկայիս ԱԳ նախարարին: Դե, որ իրեն բռնեցինք՝ մարսեցին, բա որ մե՞զ բռնեն՝ ինչ ենք անելու: Դա է իրենց արածի նպատակը: Ինչը, իհարկե, չի ստացվելու»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ հարցումների համաձայն, Հայաստանի բնակչության գրեթե 30 տոկոսը ո՛չ միայն կարծում, այլև հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է:

«Պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ թիվ է: ամեն 3-րդ, 4-րդ մարդը ո՛չ միայն համարում է, այլև չի վախենում խոսել այդ մասին: Իրականում, այդպես մտածում են շատ ավելի շատերը: Մեր կարծիքով՝ Փաշինյանի իշխանությունը երկու հիմք ունի՝ ուժային համակարգն ու իր խմբակցությունը, որովհետև մենք պառլամենտական երկիր ենք: Այսինքն, իրեն հեռացնելու համար դու պետք է իր խմբակցությունը տանես իր ոտքի տակից: Բացատրեմ, թե ինչու: Փաշինյանն այն մարդը չէ, որ 100.000 մարդ հավաքվի փողոցում, ասի՝ պատերազմող երկիր եմ, 100.000 մարդ փողոցում է, սահմաններ, տնտեսություն… չէ, սպասի՝ չավերեմ այս երկիրը, գնամ: Գենշտաբը պատերազմից հետո իր հրաժարականն է պահանջում, ինքը մնում է: Մարդ հանեց, դատեց… բայց ինքը չգնաց: Այնպես որ, ինքը կամովին հրաժարական տվողը չէ, իրեն պետք է ստիպել, որ գնա: Իսկ դրա միակ ձևն իմփիչմենթն է՝ մեր օրենքով՝ անվստահություն հայտնելը»,- ալավերդցիներին պարզաբանեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Իսկ ինչո՞ւ Հայաստանում մինչև այժմ կուսակցությունները չեն ձևավորվում կոնկրետ գաղափարի հենքով: Ինչո՞ւ են մեր երկրում շարունակում ստեղծվել ու գործել մարդ-կուսակցությունները: Այս հարցն անհանգստացնում էր տեղի բնակիչներից մեկին:

«Հայաստանի կուսակցությունները, կարծես, ստեղծվում են ինչ-որ առանձին անձանց նպատակները տեղ հասցնելու համար: Ինչպե՞ս անենք, որ գաղափարական աշխատանքով կարողանանք ապահովել կուսակցական աշխատանքի գաղափարական հենքը»,- հարց հնչեցրեց Ալավերդու բնակիչը:

Արտակ Զաքարյանը համաձայնեց հնչեցրած տեսակետի հետ՝ Հայաստանում կուսակցական համակարգը ձևավորված չէ։ Հայաստանի պես փոքր երկրում այժմ ավելի քան 100 կուսակցություն կա։

«Հայաստանում եթե հաշվենք, երևի 2.5 կուսակցություն կա: Մնացածը քաղաքական պրոցեսի, քաղաքական խմբի կամ անձի շահերը սպասարկող մարդկանց խմբավորումներ են: Որպեսզի կուսակցությունները կարողանան գաղափարական խնդիրների վրա դնել իրենց գործողությունները, անհրաժեշտ է, որ այդ կուսակցությունն ինքն իր մեջ գաղափարական հենք ունենա: ՀՀԿ-ն ունի այդ հենքը: Բայց, քանի որ երկար ժամանակ եղել ենք իշխանություն, ցավոք սրտի, ինչ-որ մի պահի գաղափարական կուսակցությունից վերածվել ենք իշխանության կուսակցության: Իսկ դա նշանակում է, որ բոլորը ցանկանում են դառնալ հանրապետական՝ հայտնի պատճառներով: Դե, տեսանք, 2018 թվականից հետո ինչ տեղի ունեցավ: Հանրապետականը ոնց հավաքվել էր, այնպես էլ նոսրացավ: Բայց մենք դա անվանում ենք կարծրացում, որովհետև բոլոր այն մարդիկ, որ պետք է գնային՝ գնացին, մնացողները մնացին: Մենք շատ քիչ մարդկանց պարագայում ենք զարմացել գնալու կամ մնալու առումով: ՄԵզ ուրախացնում է այն, որ վերջին շրջանում երիտասարդների մեծ ներհոսք կա դեպի կուսակցություն: Իսկ եթե 2018 թվականին Հանրապետականը չվախճանվեց, նշանակում է, որ կուսակցությունն ապագայի համար ունի անելիք, դա նշանակում է, որ Հանրապետականը պահանջված է»,- համոզմունք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

Լոռիում էլ, ինչպես մյուս մարզերում, մարդկանց հետաքրքրում էր՝ ինչու մանդատները վայր չեն դնում: Հնարավո՞ր է, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները միասին վայր դնեն մանդատները, և խորհրդարանը լուծարվի:

Հայկ Մամիջանյանը նախ ասաց, որ այդ տեսակետը Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզն է, ինչն իրականության հետ կապ չունի, ԱԺ-ն այդպիսով չի լուծարվի:

Իշխանությունները պարբերաբար հայտարարում են, թե Թուրքիայի հետ սահմանը բացելով՝ զարգանալու է ՀՀ տնտեսությունը, իսկ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվելու։ Որքանո՞վ են այդ պնդումներն իրականությանը մոտ: ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն արձանագրեց, որ Ներկա իշխանությունների՝ ղեկին մնալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է հայտնվել շատ ավելի վատ վիճակում, քան Արցախը:

«Եթե որևէ մեկը մտածում է՝ հես ա բիզնեսը զարգացնենք, թուրքերի հետ սահմանները բացենք, առևտուր անենք՝ չի լինելու այդպիսի բան: Թուրքը հո ապո՞ւշ չի՝ ծնկի եկած Հայաստանում ներդրում անի, զարգացնի, ուժեղացնի, հայ ժողովուրդն էլ բարձրացնի գլուխը, հաջորդ սերունդն էլ գա ասի՝ նորից պատերազմում եմ: Տեղում, բնում խեղդելու է՝ հենց այդ նույն բիզնես կանոններով: Ինչ կա-չկա՝ վերացնելու են, գյուղատնտեսություն, տնտեսություն, մշակույթ… ամեն ինչ: Աջարիայի նման ենք դառնալու:

Ասում է՝ մի գիշերվա մեջ գնացիք մտաք ԵԱՏՄ: Նախ, մի գիշերվա մեջ չէր: Ամիսների բանակցությունների արդյունք էր: Երկրորդը՝ բա այս քո 5 տարվա տնտեսական աճն ինչի՞ արդյունք էր», – պարզաբանեց Հայկ Մամիջանյանը:

Լոռիում էլ ՀՀԿ ԳՄ անդամներն անդրադարձան հատկապես վերջին շրջանում ակտիվ տարածվող այն թեզին, թե ՀՀԿ-ն է իշխանության բերել ներկա իշխանություններին։

«Բոլոր այն մարդկանց, որ ասում են՝ սրանց Հանրապետականն է բերել՝ առաջնային տարբերակն ուղղակի հայհոյելն ու առաջ անցնելն է: Եթե ուզենայինք՝ մենք չանեինք դա՝ կուսակցության կողմից նախագահ Սարգսյանն ուղղակի չէր առաջադրվի վարչապետի պաշտոնին: Երկրորդ, Սերժ Սարգսյանն իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին: Ու վերջինը, որ էլի ցուցիչ է. ուզում եմ հասկանալ՝ երկրագնդի վրա կա ինչ-որ մարդ, ով քաղաքական ինչ-որ խնդիրներ լուծելու համար պատրաստ է սեփական կուսակցության փոխնախագահին դատի՞»,- պարզաբանեց Հայկ Մամիջանյանը:

Մինչև այս իշխանությունների գալը, Հայաստանը տարածաշրջանում անվտանգություն արտադրող է եղել, ոչ թե սպառող։

Հայաստանի պաշտպանական քաղաքականության մասին խոսեց Արտակ Զաքարյանը․

«Մեր ԶՈւ 2/3-ը չի մասնակցել 44-օրյա պատերազմին: Պատերազմի ակտիվ գործողություններին մասնակցել է միայն մի կորպուս և Արցախի ՊԲ-ն, երբ սոված- ծարավ զինվորի վրա հարձակվում են, ու նա կարողանում է գոնե մեկ օր պահել իր դիրքերը: Պարզ է, քաղաքական որոշում է, Հայաստանն ասում է՝ ես չեմ մասնակցում: Ենթադրենք՝ մի շաբաթ էլ կռիվ անեին, զոհվեին, ի՞նչ էր լինելու: Իսրայելում 200 մարդ գերի է ընկել՝ պատերազմը չի դադարում: Մեր գերիները բանտերում են՝ մենակ ասում ենք՝ դե, մենք չենք խառնվում: Մենք ռեգիոնալ անվտանգության արտադրող ենք եղել, դրա համար էլ մեզ անվճար զենք էին տալիս, զորավարժությունների էին կանչում, իսկ հիմա իշխանություններին ծափահարում են, որ ծառայեցնեն իրենց նպատակներին, հիմա էլ ուշ չէ առկա իրավիճակը փոխելու համար»,- վստահեցրեց ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Դրա համար պետք է միայն նորմալ քաղաքական իշխանություն ու քաղաքականություն։

Զաքարյանը վստահեցրեց, որ 44-օրյա պատերազմը կարող էր չլինել, իսկ լինելու դեպքում էլ հայկական կողմը 99.9 տոկոսով հաղթանակով էր ավարտելու: Դրա համար պետք էր ունենալ նորմալ քաղաքական ղեկավարություն:

«Սերժ Սարգսյանը միայն մի խնդրով ու մի դարդով պայմանավորված էր համաձայնել շարունակել իր պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում՝ Արցախյան բանակցային գործընթացը հասել էր կուլմինացիային: Եվս մեկ տարի ու կես ժամանակ էր պետք, որպեսզի հարցը լուծվեր այնպես, որ հայ ժողովուրդը խաղաղ, առանց պատերազմի դուրս գար այս իրավիճակից, Արցախը մնար հայկական, ստանար միջանկյալ կարգավիճակ, Քարվաճառն ու Լաչինը մնային մեր վերահսկողության տակ՝ այնքան ժամանակ, մինչև Արցախն ամբողջությամբ, միջազգայնորեն կիրացներ պարտադիր իրավական ուժ ունեցող ռեֆերենդումն ու դրանից հետո այն երկուսի մասին կմտածենք: Այդ երկուսից մեկը, հիշեցնում էինք, որ սահմանն է Հայաստանի հետ, որը պետք է ապահովվի: Քարվաճառն էլ դրված էր որպես ռեֆերենդումի դիմաց երաշխիք: Չհամաձայներ՝ դա էլ կմնար հայկական»,- ասաց ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարարը՝ հավելելով, որ ներկա «խաղաղության խաչմերուկի» փոխարեն՝ պետք է թափ տալ Հյուսիս-Հարավին՝ ակտիվ գործակցելով Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի ու նաև Արևմտյան երկրների հետ:

Անկլավների մասին էլ ներկաների համար որոշ մանրամասներ հայտնեց Մամիջանյանը: «Որ ասում են՝ այդ արոտավայրերի դիմաց Տիգրանաշեն ես տալիս, 7 գյուղ Տավուշի մարզից ես տալիս: Վրաստանին միացնող երկու ճանապարհներից մեկը կա՛մ վերանալու է, կա՛մ ուղիղ վերահսկողության տակ է ընկնելու: Սյունիքի ճանապարհ առհասարակ չենք ունենալու: Ասում են՝ արոտավայրեր ենք բերելու»:

Ներկա իշխանություններին, սակայն, հայրենիքից առավել հետաքրքրում է իշխանությունը պահելը, Ադրբեջանի նախագահի նպատակն էլ Փաշինյանին անուղղակիորեն աջակցելն է իշխանությունը պահելու հարցում:

«Ալիևը Ստեփանակերտում ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո մի քանի անգամ մենք տեսանք, որ Հայաստանում իշխանության գլուխ են բարձրացնում ռևանշիստ ուժեր: Այդ «ռևանշիստ»-ը մենք ենք: Մեզ այդպես անվանում են թուրքերը, ադրբեջանցիներն ու Փաշինյանը: Ասում է՝ տեսնելով, որ դրա վտանգը կա, մենք ռազմական գործողություններ իրականացրինք: Ջերմուկ, Սյունիք, Գեղարքունիք… Այսինքն, Ալիևը պահել է Փաշինյանին: Տենց չի՝ թող հերքի: Չի՛ հերքի»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:

Արտահերթ ընտրություններ կլինե՞ն: ՀՀԿ ԳՄ անդամները համոզված են. դա իշխանությունների տարածած կեղծ օրակարգն է։ Պայքարը պետք է լինի միայն փողոցում։ Իսկ երկիրը հնարավոր է ոտքի կանգնեցնել միայն գաղափարական ամուր հենք ունենալու պարագայում։

«Ունե՞նք խաղաղության պայմանագրի հայկական օրակարգ, թե՞ ոչ։ Նոր պատերազմ սպասվո՞ւմ է»,- հարցնում էին ալավերդցիները:

«Դա համարյա ոչ մեկին պետք չէ: Փաշինյանին պետք չէ, որովհետև ինքը հասկանում է, որ ինքը ոչ մեկի գործիքն էլ չի լինելու ստորագրելուց հետո: Ռուսաստանին հասկանալի պատճառներով պետք չէ, Թուրքիային ու Ադրբեջանին էլ դա պետք չէ: Արևմուտքին՝ գուցե, որովհետև իրենք ճակատներից գոնե մեկում պետք է հաղթանակ ցույց տան….Բայց այն, որ ինքն ունակ է գնալ պայմանավորված պատերազմի՝ կասկած չունեմ»,- համոզմունք հայտնեց Հայկ Մամիջանյանը:

Պատերազմից խուսափելու համար պետք է հնարավորինս արագ երկիրը ոտքի կանգնեցնել,- ասաց Լոռու բնակիչներից մեկը, որն անդրադարձավ նաև ստեղծված իրավիճակի նկատմամբ հանրության անտարբերությանը:

«Վարդենիս կատարած վերջին այցի ժամանակ բնակիչներն ասում էին՝ մենք հիմա նոր հասկանում ենք՝ ինչ է նշանակում տեղային նշանակության պրոբլեմ ունենալը: Ասում է՝ առաջ մենք չէինք հասկանում արցախցիներին: Աստված չանի, որ մյուս տարածքներում էլ նույն բանը զգան ու նույն իրավիճակը լինի: Հայաստանն ուներ 36 սահմանամերձ գյուղ, հիմա դրանց թիվը 104 է: Իսկ դա լուրջ անվտանգային պրոբլեմ է: Վաղը որ պատերազմ լինի՝ չեմ պատկերացնում, թե սրանք ինչ են անելու: Իսկ մենք՝ որպես քաղաքական ուժ, կոչ ենք անելու մի կողմ դնել բոլոր քաղաքական հակասությունները, զենք վերցնել, գնալ Սարդարապատ: Ուղղակի այն ժամանակ Ղարաբաղի գունդը կար, վերջին պահին եկավ-փրկեց հայ ժողովրդին, իսկ հիմա չկա»,- ի պատասխան հարցին՝ ասաց Արտակ Զաքարյանը:

Զաքարյանի խոսքով՝ առկա բարդագույն ճգնաժամային իրավիճակում՝ Հայաստանի ԶՈւ-ն իր առջև նոր խնդիրներ ունի դրած։ Ներկա իշխանությունների կողմից ԶՈւ-ում կատարվող ռեֆորմները, սակայն, ծիծաղելի կլինեին, եթե ողբերգական չլինեին։

Ալավերդի խոշորացված համայնքում քիչ չեն նաև սոցիալական ու առողջապահական խնդիրները։ Քաղաքացիներն անհանգստացած են շտապօգնության բրիգադի աշխատանքով։

«Տարածաշրջանում միակ բրիգադն է, որ աշխատում է: Եվ ես՝ որպես ալավերդցի, համարում եմ, որ շատ քիչ է: Հիվանդների քանակը շատացել է, բրիգադը ֆիզիկապես չի հասցնում»:

Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա կեսից մեկնարկող բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրն էլ իր խութերն ունի: Այս բոլոր հարցերը պարզաբանեց առողջապահական ոլորտի մասնագետ Անուշ Պողոսյանը:

«Իրականում, ապահովագրության հարցում ոչինչ չի փոխվելու, միայն վճարվելու է: Սկզբից ասացին՝ 16 հազար դրամ, հետո դարձավ մինչև 200 հազար դրամ: Նաև, եթե քաղաքացին չունի աշխատանք, այսինքն՝ գրանցված եկամուտ, ապա պետք է ուսումնասիրվի նրա կողմնակի եկամուտները: Վճարումը պետք է կատարվի և՛, օրինակ՝ խոպանից գումար ուղարկողի, և՛ ընտանիքի մյուս անդամների համար: Եթե չվճարեք, ապա հարկադիրից նամակներ եք ստանալու»,- ասաց Անուշ Պողոսյանը

Քննարկումները բավական երկար տևեցին: Ակնհայտ էր, որ նման հանդիպումները պետք է հաճախ և շարունակական լինեն: Կարևոր է նաև համախմբված քայլ կատարելը մեկ նպատակի՝ Հայրենիքի փրկության համար։

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս