Պարտադրված խաղաղության պայմանագրից հետո նա կոչվելու է կրկնակապիտուլյանտ. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին

Այսօր դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո 168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա իրատեսակա՞ն է համարում, որ մինչև տարվա վերջ Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի հետ կկնքի խաղաղության պայմանագիր, ինչպես հայտարարում են, և առհասարակ ինչ կարծիք ունի իշխանությունների ներկայացրած «խաղաղության խաչմերուկի» մասին։

Երրորդ նախագահի կարծիքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհրաժեշտություն է, ինչպես նաև տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը։

«Տասնյակ տարիներ ես այդ կարծիքին եմ եղել և այդ կարծիքին ոչ երեկ, ոչ էլ այսօր եմ եկել։ Երևի բոլորդ հիշում եք՝ սկսած 90-ականների կեսերից՝ խոսում էի փոխզիջումների, խնդիրը բանակցություններով կարգավորելու մասին։ Ես ոչ միայն հարցազրույցներում, այլև ԱԺ ամբիոնից եմ հայտարարել, որ Աղդամն իմ հայրենիքը չէ։ Իսկ որոշ ժամանակ առաջ, մարդիկ, որոնք իրենց համարում են հայրենասեր, չգիտեմ՝ շատ բան իմացող, Հայաստանի ապագայի մասին մտածող, Աղդամում նկարվում ու ասում էին՝ «Աղդամը մեր հայրենիքն է»։ Իրենց կարծիքով՝ դրանով խայթում էին ինձ՝ չհասկանալով, որ հիմարություն են խոսում, վերջն այսպիսին է լինելու։

Իրականության մեջ կոնկրետ ես չգիտեմ, թե ինչ տեքստ ու տեսք ունի խաղաղության այն պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը։ Մենք որոշակի արտահոսքերից, այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություն անում և տեսնում ենք, որ ամեն անգամ մենք գնում ենք զիջումների։ Սա ինչպե՞ս կարելի է կոչել խաղաղության պայմանագիր։ Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա ճիշտ կլինի այն կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր։ Իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո «կապիտուլյանտ» բառը դաջվեց Նիկոլ Փաշինյանի վրա։

«Ես վստահ եմ, եթե այսպիսի խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, ինչպիսին մենք, նորից եմ ասում՝ տարբեր տեղերից նախադասություն առ նախադասություն, բառ առ բառ որսալով՝ տեսնում ենք, ապա նա կոչվելու է կրկնակապիտուլյանտ։ Անարդար խաղաղությունը բուն է, պատճառ է նոր պատերազմի»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս