«Նիկոլ «անհողն» ի վիճակի չէ Բաքվի բանտերում  գտնվող Արցախի նախկին պաշտոնյաներին վերադարձնել հայրենիք. ցանկություն չունի». Գագիկ Համբարյան

Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը, Արցախի ԱԺ ներկայիս նախագահը և հարյուրավոր հայեր շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ։ Նրանց մասին ՀՀ ղեկավարությունն ակտիվ միջազգային կառույցներից չի բարձրաձայնում՝ որևէ խոսք չի ասում, փոխարենը՝ միջազգային հարթակներն օգտագործում են ՀՀ ժողովրդավարությունից խոսելու, իրենց մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի  հարցը բարձրացնում,  միայն իրավապաշտպանները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը պարբերաբար իրազեկող հաղորդագրություններ է տարածում, այցելել են Բաքվում պահվող հայերին։

168.am հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն  ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ճակատագրի մասին ասաց, որ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ու ցանկություն չունի հայրենիք վերադարձնել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը և այն գերիներին, որոնք Բաքվի բանտում են հայտնվել հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով։

«Մտածում եք, որ «Նիկոլ անհողնը» ի վիճակի՞ է Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնել հայրենիք։ Բացատրեմ՝ ինչու ի վիճակի չէ, 2020 թվականի նոյեմբերից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Բաքվի բանտերում գտնվող հայերն իրեն կներեն, եթե 2-3 ամիս ավելի մնան ադրբեջանական գերության մեջ։ Այդ մարդիկ արդեն երեք տարի է՝ գերության մեջ են, Նիկոլը նույնիսկ ի վիճակի չէ այդ տղաներին հետ բերել, սովորական քաղաքացիներին։ Այսքանից հետո մտածում եք, որ կապիտուլյանտ, թուրքի դեմ ծնկի եկած Նիկոլը կարող է հայրենիք վերադարձնել Արցախի նախկին նախագահների՞ն կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների՞։ Նա սովորական ՄՈԲ ռեզերվի տղաներին չի կարողանում գերությունից ազատել, նա Հայաստանի սովորական քաղաքացու անվտանգությունը չի կարողանում ապահովել։

Նիկոլը և՛ չի կարողանում, և՛ ցանկություն չունի զբաղվելու այդ մարդկանց ճակատագրով, չի կարողանում, որովհետև այդքան չկա»,- նշեց քաղաքագետը։

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ այս հարցում պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, թե Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներից ում նկատմամբ  ինչ վերաբերմունք ունի։

«Ես ունեմ սուբյեկտիվ կարծիք, որ գոնե Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գերեվարության հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Ռուբեն Վարդանյանը Նիկոլի թիվ մեկ քննադատներից էր, որին Նիկոլն ատելով ատում էր։ Նիկոլի դավաճանական թիվ մեկ կամակատարն է եղել Արայիկ Հարությունյանը, այսինքն՝ իր բոլոր հակաարցախյան քայլերը Նիկոլը կատարում էր Արայիկ Հարությունյանի միջոցով։ Այդ անձանց ներկայությունը ՀՀ-ում, Նիկոլի համար բացարձակ ցանկալի չէ։

Սրանով Նիկոլը նաև ուզում է ցույց տալ, որ հայերը շատ «հանգիստ» պետք է ապրեն այնպես, ինչպես ցանկանում են թուրքերը։ Այսինքն՝ մենք չպետք է ունենանք ազգային-ազատագրական պայքար, սեփական արտաքին քաղաքականություն, պետք է ենթարկվենք թուրքերին, հակառակ դեպքում պատժվելու ենք, և այդ պատժվող սիմվոլները պետք է անպայման լինեն արցախյան պատերազմի հերոսները»,- հավելեց մեր զրուցակիցը։

Իշխանության այս անգործության պարագայում, քաղաքագետը մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելն այս փուլում իրատեսական չի համարում, քանի որ մոտ ապագայում Ադրբեջանը շոու է սարքելու Արցախի նախկին պաշտոնյաների դեմ, որպեսզի կարողանա ամրապնդել Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան թեզերը։

Ըստ նրա, դրանով Ադրբեջանը հայ ժողովրդին կփորձի ցույց տալ, թե «դուք որ դուրս էիք եկել պայքարի, ինչպես ասում էր Աննա Հակոբյանը՝ հանուն ոչինչի էր»։ Ադրբեջանը հենց այդ «անիմաստությունն» է ապացուցելու հայ ժողովրդին։

«Ճիշտը ասենք՝ ծեծվողն ինչպե՞ս կարող է իրեն ծեծողի հետ հավասար բանակցել։ Եթե հայ ժողովրդի համար հետպատերազմյան 3 տարիները բավարար չէին հասկանալու, որ կապիտուլյանտ Նիկոլը չի կարող հավասարը հավասարի պես բանակցել իրեն նսեմացրածի հետ, ուրեմն՝ սա արդեն ժողովրդի խնդիրն է։ Բռնապետ Ալիևն իր հարցազրույցներում հատուկ նշում է՝ եթե մինչև 2021 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատերը մտածում էին, որ պարտվածը Նիկոլն է, ապա այդ ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն ընդունել է, որ ինքը պարտվել է թուրքերին»,- շեշտեց Գագիկ Համբարյանը։

Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի մեծ մասը Շիրակի մարզից է, արդյո՞ք նրանց հարազատները համակերպվել են դրա հետ, քանի որ ՀՀ իշխանություններին որևէ պահանջ, ամեն դեպքում, վերջին շրջանում, չեն ներկայացնում, Գագիկ Համբարյանը պատասխանեց, որ ժամանակին այդ գերեվարվածների հարազատներն անհասկանալի թեզեր առաջ տանելով՝ մեղադրում էին ՀՀ նախկին իշխանություններին, մասնավորապես, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ասելով, որ նրանք են մեղավոր իրենց հարազատների գերեվարության համար։

«Սա այն նույն թեզն է, որը տարածում էին Նիկոլին սպասարկող «ժեխ նյուզերը», ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև նորմալ լրատվականը չէր կարող նյութ գրել և շիրակցի գերեվարվածների համար մեղադրել ոչ թե օրվա, այլ նախկին իշխանություններին։ Ասեկոսեներին չեմ ուզում հավատալ, բայց Գյումրին փոքր քաղաք է, որտեղ տարածվում են դրանք։ Ըստ այդ ասեկոսեների՝ գերեվարվածների հարազատներն այս իշխանություններից գումար են ստացել։ Թե ինչի համար են ստացել, չեմ կարող ասել, այդ ասեկոսեներին տարբեր առիթներով անդրադարձել եմ, սակայն գերեվարվածների հարազատների կողմից որևէ արձագանք չի եղել։ Ասում են՝ այդ գումարի տրամադրումն այսօր օրինականացված է, բայց այն ժամանակ, երբ տարածվեցին այդ ասեկոսեները՝ օրինականացված չէր։ Հիմա դրանց չեմ ուզում հավատալ, թող գերեվարվածների հարազատներն իրենք արձագանքեն այս ամենին»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը:

Տեսանյութեր

Լրահոս