ՌԴ-ն հրաժարվեց համագործակցել ՀՀ ընդդիմության հետ. Զատուլինը սխալ է համարում այս մոտեցումը

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ժամանակին ինքը զգուշացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետևանքների մասին՝ ռուս-հայկական հարաբերությունների տեսանկյունից, բայց իրեն չեն լսել։ «…Երբ ես խոսում էի, զգուշացնում էի, ինձ ասում էին` Դուք կտրվել եք իրականությունից, չէ՞ որ նրան ժողովուրդն է սատարում։ Ասում էին` մենք չենք կարող համագործակցել ընդդիմության հետ, մենք սկզբունքային գիծ ունենք` աշխատում ենք ղեկավարների հետ, աշխատում ենք պաշտոնական իշխանությունների հետ… 2020 թվականին նա ձախողեց ռազմական գործողությունը, կարծում եմ՝ միտումնավոր արեց, քանի որ պետք էր ազատվել Ղարաբաղից»,- ասել է Զատուլինը։

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում նա մտահոգություն է հայտնել, որ հարաբերությունների վատթարացման վերջին միտումները կարող են կասկածի տակ դնել Գյումրիում ռուսական բազայի առկայությունը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։

Նա նաև նշել է, որ երբ Փաշինյանը որոշեց 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը և խնդրել է ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրենց։ Սակայն ռուսական կողմը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ եթե հայկական ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որը վերջ էր դրել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին։ Մոսկվայում ենթադրում էին, որ փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել, և չէին ցանկանում խառնվել դրա մեջ։

«Մենք ասացինք՝ ի՞նչ եք ասում, ոչ մի դեպքում։ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմը կանգնեցնող պայմանագիրը ստորագրած երեք կողմերից մեկն է։ Եթե նա չլինի, ապա նորից ռազմական գործողություններ կսկսվեն, մենք կներգրավվենք, մեզ կներքաշեն, մենք չենք ուզում, որ մեզ ներքաշեն, մենք մեր գործերն ունենք, այնպես որ ձեռք մի տվեք նրան»,- ասել է Զատուլինը:

Կարդացեք նաև

Նա քննադատել է նաև ՀԱՊԿ-ին, որը ժամանակին չարձագանքեց 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ իրականացրեց Հայաստանի դեմ։

«Պետք էր անհապաղ արձագանքել, գոնե կոչ անել, հրապարակային հայտարարել և այլն։ Արձագանքն ուշացավ։ Ու դրանից օգտվեց Փաշինյանը։ Նա շատ խելացի մանիպուլյացիա է անում, նա մանիպուլյատոր է։ Դա միակ բանն է, որ նա կարողանում է անել և անում է։ Ու պետք է ասել, որ բուն Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վստահությունը նվազում է, որովհետև առավոտից երեկո մարդկանց ուղեղները լվանում են համացանցում, հեռուստատեսությամբ և այլն։ Եվ մենք պետք է պայքարենք դրա դեմ»,- ասել է նա։

 

Տեսանյութեր

Լրահոս