
Մոսկվայում մեզ արդեն ոչ միայն որպես դաշնակցի, այլև անգամ որպես վստահելի գործընկերոջ չեն վերաբերվում․ Հայկ Խալաթյան
Բոլորս տեսնում ենք՝ ինչ զարգացումներ են գնում, և այդ ֆոնին՝ ինչ օրինագծեր է ընդունում Հայաստանի խորհրդարանը։ Ամենածիծաղելին այն է, որ նույնիսկ առանց Եվրամիության պաշտոնական հրավերի՝ մենք հայտարարում ենք, որ չնայած գտնվում ենք ԵԱՏՄ-ում և Ռուսաստանի հետ փաստացի սերտ տնտեսական կապերի մեջ ենք, բայց իբր երազում ենք դառնալ ԵՄ անդամ։ Նույնիսկ օրինագծի երկրորդ ընթերցման հետաձգման մեջ տարօրինակ և աբսուրդային տարրեր կան։ Փոխարտգործնախարարն ասում է՝ այս օրինագիծը որևէ կոնկրետ քայլ չի ենթադրում, բայց այն ուղերձ է ԵՄ-ին, որ մենք իրենց հետ ենք։ Նույն հարցը կարելի է Մոսկվայից ստանալ՝ դա ուղերձ է, որ մենք իրենց հետ չե՞նք ուզում լինել, երազում ենք ԵՄ-ի մասին, բայց ժամանակավորապես դեռևս Մոսկվայի հե՞տ ենք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը:
«Իհարկե, այս ամենը բերում է Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքի։ Առանց այդ էլ՝ ներկայիս իշխանությունների ձեռամբ հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի ամենամեծ խնդիրն այն է, որ Մոսկվայում նրանց չեն ընկալում ոչ միայն՝ որպես դաշնակից, այլև՝ որպես վստահելի գործընկեր։ Ալիևը նույնպես շատ մեծ խնդիրներ է ստեղծում, դժգոհություն կա, բայց Մոսկվայում կարծում են, որ եթե նրա կամ հատկապես Էրդողանի հետ պայմանավորվեցիր, նա կկատարի դա։ Այդ մասին անձամբ Պուտինն է խոսել։ Այլ հարց է, որ Էրդողանի հետ դժվար է պայմանավորվել տարբեր հարցերում, բայց եթե պայմանավորվեցիր, կարող ես վստահ լինել, որ այն կյանքի կկոչվի։ Նիկոլ Փաշինյանի դեպքում դա այդպես չէ»,- ասաց վերլուծաբանը:
«Փաշինյանի՝ ոչ վստահելի լինելու ամենավառ օրինակը 2021-ի ընտրություններն էին։ Ինքն ու թիմակիցները ռուսամետ դիրքորոշում էին զբաղեցնում, նման քննարկում էր գնում, և Հայաստանում շատերը կարծում էին, որ Փաշինյանը Ռուսաստանի մարդն է և գործում է Մոսկվայի թելադրանքով։ Բայց հետխորհրդային տարածքում կա՞ արդյոք մի ղեկավար քաղաքական գործիչ, որին Արևմուտքն իր ամբողջ ռեսուրսով՝ լրատվամիջոցներով, կուսակցություններով, ՀԿ-ներով աջակցի, և նա լինի ռուսամետ։ Արևմտամետ ռեսուրսն էր ամեն ինչ անում նրա հաղթանակն ապահովելու համար։ Դա շատ սպասելի էր, Զատուլինն էլ է այդ մասին խոսել՝ հարցազրույցներում նշելով, որ 2021-ի ընտրություններում Մոսկվայի միջամտության կարիքը կար։ Ուղղակի միջամտություն չեղավ, բայց ի վերջո՝ Մոսկվայի չեզոքությունը Փաշինյանի օգտին էր»,- նշեց Խալաթյանը:
Հասարակական գործչի կարծիքով՝ օրինակ, Մոլդովայի նախկին նախագահների հետ ռուսները նորմալ շփվել են, այլ հարց, որ ներկայիս նախագահ Մայա Սանդուն բացահայտ հակառուսական գիծ է տանում. «Սանդուի քայլերը Մոսկվայում ընկալվում են՝ որպես ուղղակիորեն իրենց դեմ ուղղված։ Փաշինյանն էլ է այդպես անում, բայց դեռևս ոչ այդ ծավալի։ Մոսկվան չի ուզում կամուրջներն այրել որևէ մեկի հետ։
Ռուս փորձագետներն ասում են՝ կարևոր է, թե ինչպես կավարտվի պատերազմն Ուկրաինայում։ Այս պահին այդքան էլ կարևոր չէ, թե Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ինչ են ասում և անում, քանի որ պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասում բոլորովին այլ իրավիճակ է լինելու։ Այն առաջարկները, հայտարարությունները, ուղերձները, որոնք հնչելու են Մոսկվայից, բոլորովին այլ կերպ են ընկալվելու այս տարածաշրջանում՝ թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի կողմից»:
«Դեռևս ուկրաինական պատերազմից առաջ՝ 2021 թվականի աշնանը, Ռուսաստանն առաջարկեց ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին՝ հետխորհրդային տարածքի որևէ երկրի հետ չխորացնել հարաբերությունները, բացառել նրանց ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելը, դադարեցնել ռազմական համագործակցությունն ու առաջխաղացումը ՆԱՏՕ-ի շարքերում։ Ոմանք դա բնութագրեցին՝ որպես պահանջ և վերջնագիր։ Գաղտնիք չէ, որ Մոսկվայում Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը մի փոքր այլ կերպ է ընկալվում՝ ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ, այլ առանցքային խաղացող Թուրքիայի հետ հարաբերություններ։ Բայց Զախարովան ժամանակին ասաց, որ բացառություններ չկան։ Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է։
Պարզ է, որ Ռուսաստանն այս պահին Ադրբեջանի վրա ազդելու մեծ լծակներ չունի։ Հայաստանի վրա այդ լծակները կան, բայց դեռևս չգիտենք՝ դրանք ինչ արդյունքների կարող են բերել»,- ամփոփեց Հայկ Խալաթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում