Ամոթ ձեզ, եվրոպական կառույցներ. Ռուբեն Մելիքյան

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 300 պատվիրակները քիչ առաջ ժամանեցին Հանրապետության հրապարակ, որտեղ Ազգային պատկերասրահի շենքում նրանց համար ընթրիք է մատուցվելու։

Այստեղ պատվիրակներին սպասում էին բողոքի ակցիա իրականացնող ՀՀԿ-ականներն ու քաղաքացիները, որոնք, տեսնելով պատվիրակներին, վանկարկեցին «shame on you»։

Պատվիրակներից մի քանիսը կանգ առան՝ հետաքրքրվելու, թե ինչի դեմ են բողոքում հավաքվածները։

«Չկա որևէ հայտարարություն, որևէ ճնշում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ, դուք միայն սատարում ու նրանց հնարավորություն եք տալիս շարունակելու քաղաքական հետապնդումները։ Դատարաններում տասնյակ գործեր են միայն նրա համար, որ մարդիկ բողոքել են ռեժիմի դեմ»,- ակցիայի ժամանակ հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ եվրոպական կառույցները լուռ են և խոսում են միայն այն ժամանակ, երբ դա ձեռնտու է իրենց քաղաքական շահերին։

«Տարիներ շարունակ դուք խոսել եք արժեքների և մարդկանց իրավունքների մասին՝ համոզելով մեզ, թե այդպիսին է եվրոպական կենսաձևը։ Բայց դա սուտ է, որովհետև Եվրոպան ամբողջովին լուռ է, դուք չեք տեսնում Հայաստանի քաղբանտարկյալներին»,- հավելեց Մելիքյանը։

Իրավապաշտպանը նաև շեշտեց, որ ակցիաների ընթացքում ընդդիմադիրների հանդեպ բիրտ ուժ կիրառած ոստիկաններից որևէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն էլ նշեց, որ Հայաստանում խոսքի և տեղաշարժի ազատություն չկա:

Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 50 մարդ կա բանտերում, որոնք համաձայն չեն իշխող ռեժիմի հետ։

Տեսանյութեր

Լրահոս