«Կյանքում առաջին անգամ ներողություն եմ խնդրել և շնորհակալություն հայտնել»
Ասում է Ալենի մայրը՝ Նարինե Հարությունյանը
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 62 հասցեի բնակիչներ Նարինե Հարությունյանի և նրա որդու մասին մեր հրապարակումներով առայսօր հետաքրքրվում են բազմաթիվ մարդիկ: Հիշեցնենք, որ 2 տարեկան Ալենն ապրում էր հարբեցողների և անբարոյականների միջավայրում, իսկ մայրը՝ Նարինեն, որդուն անտարբերության մատնելուց զատ՝ տարածքում հայտնի էր իր վատ վարքով:
Ալենին մենք հայտնաբերել էինք արյունլվա, ցրտահարված և ծայրահեղ անպաշտպան վիճակում, ով, փաստորեն, առավոտից իրիկուն գտնվում էր էպիլեպսիայով հիվանդ տատիկի՝ տիկին Անահիտի խնամքի ներքո: Հիշեցնենք նաև, որ Նարինեին կրկին հարբած վիճակում հայտնաբերելուց հետո մենք ահազանգել էինք Ոստիկանություն, ինչին հաջորդել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստը:
Այնուհետև աշխատանքային խումբը որոշում էր կայացրել Նարինեին 3 օր ժամանակ տալ մայրական պարտականությունները պատշաճ կատարելու, կյանքը վերանայելու համար: Փոքրիկ Ալենի մասին պատմությանն ի սկզբանե հետևողականորեն արձագանքել և աննկարագրելի մեծ աշխատանք են կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված «Փրկենք Ալենին» խմբի ներկայացուցիչները: Կամավոր երիտասարդները հոդվածի հրապարակման առաջին օրվանից սկսած մինչ օրս անում են ամեն հնարավորը՝ երեխայի «խաթարված» մանկությունը վերափոխելու համար:
«Փրկենք Ալենին» խմբի նախաձեռնող Գոռ Թադևոսյանն անձամբ ամեն օր, ամեն ժամ ոչ միայն Նարինեին և երեխային աջակցում է ֆինանսապես, այլ նաև պատրաստ է ապագայում նույնպես հետևողական լինել այս ընտանիքի բոլոր դժվարություններին աջակցելու ուղղությամբ: Ալենի մոր՝ Նարինեի կյանքում շրջադարձային փոփոխություն է եղել: Նա հիմա նույնիսկ կարողանում է խելամիտ խորհուրդներ տալ այն կանանց, ովքեր չեն կարողանում ձերբազատվել ալկոհոլի և անբարոյական կյանքի ճահճից:
Ասում է. «Գիտեք, սուտ է, երբ ասում են, թե հարբեցողությունն անբուժելի է: Ես շատ եմ պայքարել դրա դեմ, բայց չեմ կարողացել, որովհետև բավարար կամքի ուժ չեմ ցուցաբերել, բացի դրանից՝ ինձ շրջապատող մարդիկ անընդհատ ինձ քաշել են դեպի ներքև: Բոլորն էլ գիտեին, որ ինձ ալկոհոլ հյուրասիրելով` ամեն ինչ հնարավոր ա: Անկեղծ եմ ասում՝ ես հիմա մի տեսակ հոգեբանական շոկ եմ ապրում, որովհետև ինձ մոտ ստացվել ա թողնել հարբեցողությունը: Եթե հիմա ինձ ալկոհոլ հյուրասիրեն, նույնիսկ սիրտս կխառնի, կզզվեմ, որովհետև չեմ ուզում խմել: Ես հիմա համ երջանիկ եմ, համ շփոթված եմ, որովհետև էս մարդիկ, որոնք իմ կողքին են, ինձ հետ ընկերություն են անում, իմ մասին հոգ են տանում, կարծես նվեր լինեն Աստծո կողմից: Մեկ-մեկ մտածում եմ՝ իրականությո՞ւն ա սա, թե՞ երազ: Ես անկեղծորեն երջանիկ եմ»:
Նարինեն հիմա խոսելիս շատ է հուզվում ու մտքերն արտահայտելիս մշտապես ասում է. «Չեմ կարա ճիշտ բացատրեմ զգացողություններս»: Ասում է՝ եթե նախկինում ամեն իրիկուն աչքերը փակելիս ոչինչ չէր զգում, որովհետև ալկոհոլից ուղեղը մթագնում էր, ապա հիմա ամեն իրիկուն աղոթում է: «Ճիշտն ասած՝ իմ ամենասիրելի օրը կիրակին ա: Առաջին անգամ երբ գնացի եկեղեցի՝ վախենում էի, ամաչում էի, ինձ սարսափելի մեղավոր էի զգում: Հիմա ամեն օր աղոթելիս Աստծուց ներողություն եմ խնդրում ու զգացում ունեմ, որ ներվել եմ:
Կյանքում ինձ էսքան ազատ չեմ զգացել: Ինքս ինձնից չեմ ամաչում, սկսել եմ ինձ սիրել, մի քիչ էլ` հպարտանալ, որ կարողացա ուժեղ գտնվել: Երբ ամեն կիրակի գնում եմ եկեղեցի, գիտակցում եմ, որ իմ կյանքում առաջին անգամ սովորել եմ Աստծուց ներողություն խնդրել և շնորհակալություն հայտնել: Կարող ա չհասկանաք՝ ինչ եմ ասում, բայց կյանքում առաջին անգամ զգում եմ, որ մեջս անզուսպ ցանկություն կա լավ մայր, լավ կին լինելու: Առաջ երբեք նման զգացումներ չեմ ունեցել»: Ալենն, արդեն երկու շաբաթ է, հաճախում է ՀՕՖ երեխաների աջակցման կենտրոն, որտեղ մասնագետները ջանք չեն խնայում` երեխայի միջի «գազանին» հանդարտեցնել: Նախկինում Ալենը որևէ խաղալիք ձեռքը վերցնելիս այն այնքան էր խփում հատակին` մինչև կտոր-կտոր աներ: Նա հիմա սովորել է խաղալիքներով խաղալ: Նարինեն հիմա սովորել է որդու համար հեքիաթներ կարդալ ու նրան շատ գրկելով, շոյելով` խաղաղեցնել:
«Փրկենք Ալենին» խմբի երիտասարդները բազմաթիվ բարի մարդկանց օգնության, նվիրատվությունների շնորհիվ այս օրերին իրականացնում են Նարինեենց բնակարանի վերանորոգումը: Երիտասարդ աղջիկներն ու տղաներն առավոտից մինչ ուշ գիշեր կամավոր կերպով մասնակցում են այդ աշխատանքներին, դրանից բացի՝ օգնում են Նարինեին ու երեխային ցանկացած հարցում: Խմբի նախաձեռնող Գոռ Թադևոսյանն ասում է, որ Նարինեի մոտ ամեն օր նկատվող փոփոխությունն է՛լ ավելի ոգևորում է այս նվիրյալ երիտասարդներին:
«Եթե հիշում եք, մենք իր հետ անգամ չէինք կարողանում նորմալ խոսել, քանի որ ընդունակ չէր որևէ բան ընկալելու: Փորձում էինք բացատրական աշխատանք տանել, օգնել, բայց ալկոհոլ ընդունած մարդունգ Հիմա շատ բան է փոխվել: Ամեն օր տեսնում ենք՝ ինչ հոգատարությամբ է երեխային խնամում: Մենք իր, Ալենի կողքին ենք ցանկացած պահի, երբ դրա անհրաժեշտությունը կա: Մեր երկարատև պայքարի արդյունքում այս տուն այլևս ոտք չեն դնում Նարինեի նախկին հարբեցող և ոչ այնքան լավ վարք ունեցող ընկերները: Անկեղծ ասած՝ դժվար իրավիճակների միջով անցանք, բայց այն, ինչին ականատես ենք լինում այսօր՝ հասկանում ենք, որ ոչինչ իզուր չէր:
Նարինեն նոր մարդ է դարձել: Ընդհանրապես այս պատմությունն արտառոց էր նրանով, որ 2 տարեկան մի փոքրիկ երեխա կարողացավ հարյուրավոր մարդկանց ոտքի կանգնեցնել: Այս պատմությունը սենսացիա էր մեզնից յուրաքանչյուրի համար նրանով, որ ամեն մեկիս զգացմունքները տակնուվրա եղավ»,- ասում է Գոռը, ով եղբոր հոգատարությամբ Նարինեին աջակցում է ամեն օր ու ամեն ժամ:
«Փրկենք Ալենին» խմբի երիտասարդներից Հայկ Հարությունյանն աննկարագրելի բարի և լավ մարդ է: Նա ամեն օր առավոտից մինչ ուշ ժամ մասնակցում է տան վերանորոգման աշխատանքներին, ամեն կիրակի Նարինեին ուղեկցում է եկեղեցի և, հարկ եղած դեպքում, թե՛ հոգեբանորեն, թե՛ իր ներկայությամբ մշտապես այս ընտանիքի կողքին է: Նա նույնիսկ չի զլանում Նարինեին խորհուրդներով օգնել, թե ինչպես վերաբերվել երեխայի հետ, ինչ անել, երբ հոգեբանական դժվարությունների առաջ է կանգնում, և այլ մանրուք թվացող հարցերի լուծումն է առաջարկում:
«Ալենի պատմությունն իսկապես խորհրդավոր դեպք էր: Այս երեխան ամեն մեկիս մեջ այնպիսի խանդավառություն առաջացրեց, որ նրա կյանքը փոխելու մեր մղումները դարձան նաև մեզնից ամեն մեկի գերխնդիրը: Կարող եմ հավաստիացնել, որ այս ամենը հրաշքի է նման՝ լուրջ ու խորքային իմաստով: Ընդամենը 2 տարեկան մի փոքրիկ, որը մինչ այս անտեսված էր հասարակության, ընտանիքի, նաև բոլորիս կողմից՝ մարդկանց սրտերը շարժեց: Մարդիկ իրենց մարդեղենությունը տեսան այս անմեղ փոքրիկին օգնելու մեջ, և այդ ընթացքը ցույց տվեց, որ Աստծո օգնությամբ և օրհնությամբ հրաշք կատարվեց. Այս ամենն ընթացք, թափ առավ, բարի մտադրությունն առաջ շարժվեց (չնայած` մեծ դժվարություններով), մարդկանց միավորեց: Նարինեն ամեն կիրակի ցանկանում է եկեղեցի գնալ, որը մեր ներարկած մտայնության մասն է կազմում և իր ներքին հոգևոր պահանջի դրսևորումն է»,- ասում է Հ. Հարությունյանը՝ հավելելով, որ Նարինեի կյանքի պատմությունը մեր հասարակական կյանքում լավ նախադեպ է` ալկոհոլիկի և անբարոյականի կյանքով ապրած կանանց ճահճից դուրս բերելու մոտեցումը փոխելու իմաստով. «Մենք նաև շատ օգտակար մի փաստագրում ունենք:
Ընկածին պետք չէ հրել, գցել ներքև և միայն փոքրիկին փրկել, որի արդյունքում նաև կխարանվեր երեխայի կյանքը: Մենք ունենք մի հրաշալի պատմություն, թե ինչպես կարելի է ընկածին ձեռք մեկնելով, բարձրացնելով` երեխային ընտանիքում պահել ու փայփայել:
Այդ մեծ միասնական ձեռքը մեկնվեց բոլորին՝ ընկածին ճահճից հանելու համար: Այս պատմությունը նաև կարող է օրինակ լինել հասարակության այդ որմը, մարդկանց միջի այդ անտարբերության ճիճուն սպանելու, սպառիչ կերպով ջնջելու համար: Նարեկացին ասում է՝ այն մարդը, ով կխոնարհեցնի իր անձը՝ կբարձրանա: Մենք բոլորս հիմա մեր անձը խոնարհեցրել ենք, և այդպես նաև փորձում է անել Նարինեն, ով նախկինում ամեն գնով միմիայն իր անձի խնդիրներն էր լուծում՝ մոռանալով սեփական երեխային»:
Նարինեն դժվարությամբ է մարսում այն նոր իրականությունը, որտեղ Հայկի, Գոռի, Հակոբի, Գայանեի ու մյուս երիտասարդների նման մարդիկ իր կողքին են, ընկերներն են:
Ասում է. «Դեռ մի 15 օր առաջ ես ամաչում էի փողոցով քայլել: Ահավոր կաշկանդված էի. երբ քայլում էի՝ անընդհատ նայում էի շուրջս, մարդկանց հայացքներին: Ինձ թվում էր` մարդիկ գիտեն, որ ես հարբած եմ, թե ինչ կյանքով եմ ապրում: Ես մարդկանց հայացքներից վախենում ու ամաչում էի: Հիմա քայլում եմ ազատ ու անկաշկանդ, շուրջս չեմ նայում, որովհետև ես ինքս գիտեմ, որ ես մեղք չեմ գործում: Ես ներողություն եմ խնդրել և չեմ դադարելու ամեն օր շնորհակալություն հայտնել»: