Իշխանության հերթական մանիպուլյացիան, կամ՝ ինչպես տարածքներ կորցնել, անվտանգությունը զիջել օտարին և «մնալ» ինքնիշխան
Փաստեր՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար
Նոյեմբերի 3-ին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ դեռևս 1990-ականներից ունենք Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Հայաստանի Հանրապետության տարածք, և կան թարմ օրինակներ։
«Ինձ հայտնի է նման շուրջ 200 քկմ Հայաստանի տարածք, որ հիմա գտնվում է ադրբեջանական ուժերի ներքո»,- շեշտել է նա:
Նշենք, որ 2021 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե Տավուշի ու Արարատի մարզերից տարածքներ են զիջվելու Ադրբեջանին, ասել էր.
«Արցախյան առաջին պատերազմի հետևանքով ավելի քան 70 քառակուսի կմ Սովետական Հայաստանի տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանի հետ խաղաղության գնացող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մի նոր մարտավարություն է որոշել, այն է՝ 1990-ականների տարածքային օկուպացիան 2021-ից տարածքային կորուստների հետ համատեղ ներկայացնել, որ մոռացվի 2021-ից ՀՀ շուրջ 140 քկմ-ի հասնող ինքնիշխան տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու փաստը: Չմոռանանք, որ կար ժամանակ, երբ օրվա իշխանությունները խուսափում էին հրապարակել 2021-2022 թվականների տարածքային կորուստները և շատ նեղվում էին, երբ դա անում էին ուրիշները:
Հիմա անկաշկանդ խոսում են 200 քկմ տարածքի կորստի մասին: Արդյոք սա միայն դրսի լսարանի համա՞ր է, թե՞ քաղաքական այլ հետին նպատակներից ելնելով՝ նաև ներքին լսարանի: Հնարավոր է՝ առաջիկայում սեփական ընտրազանգվածի և հանրության վրա որոշակի ազդեցություն թողելու համար լսենք նաև, թե քանի քկմ է «օկուպացրել» Հայաստանը, այսպես ասած, Ադրբեջանի տարածքներից, որը կարող է շոշափելի թիվ կազմել:
Ի դեպ, վերևում նկարագրված պատկերն է հիշեցնում նաև 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում Փաշինյանի այն հայտարարությունը, որ 2024-ին պաշտպանության ոլորտի բյուջեն 2018-ի համեմատ աճում է 125%-ով` կրկնապատկվում է:
«Պետք է արձանագրենք, որ մեր պաշտպանական ծախսերը էականորեն և առանցքային են, և մեզ համար առաջնային է մեր բանակի բարեփոխումները։ Պետք է ընդգծել, որ պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որևէ կերպ չի հակասում խաղաղության մեր օրակարգին, որովհետև մարտունակ զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է ու պարտադիր ատրիբուտ ցանկացած պետության համար»,- շարունակել էր Փաշինյանը:
Իհարկե, Փաշինյանը հանրությանը չի բացատրի, որ այդ պաշտպանական ծախսեր ասվածը միայն սպառազինության գնում չի ենթադրում, ոչ էլ դիրքերի կահավորում, զորանոցային նորմալ պայմանների ստեղծում: Դա ձեռնտու չէ քարոզչական տեսանկյունից: Չի ասի, որ այդ 125 տոկոսով պաշտպանական ծախսերի մեջ գուցե մտցրել են հնդկական և ֆրանսիական գնվելիք զենքերի գումարը: Այսինքն, նոր բան չի լինելու: Սա, սակայն, առանձին քննարկման թեմա է:
Անդրադառնանք 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանի մյուս ձևակերպումներին. ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը, թե որքան շատ է խոսվում ՀՀ սուվերենությունից ու տարածքային ամբողջականությունից, այնքան դրա կորուստն է ունենում երկիրը, ինչին Փաշինյանի իշխանության ԱԳ նախարարն արձագանքել է.
«Բերեք մեկ օրինակ, երբ ասում եք, թե մեր իշխանության ժամանակ տեսնում եք Հայաստանի ինքնիշխանության կորուստ։ Եկեք վերլուծենք ՀՀ ինքնիշխանության ամրության աստիճանն այս շրջանում և այն շրջանում, որտեղ դուք այս կամ այն կերպ առնչվել եք իշխանությանը։ Աղմկահարույց գործարքներ, որոնցով Հայաստանն իր ենթակառուցվածքների մի զգալի մասը տվեց այլ երկրների կամ երկրի, հասկանում եմ, հարցի մեջ սադրանք կա։ Եկեք նստենք վերլուծենք, կամ փորձագետները վերլուծեն, թե այդ ում օրոք է ինքնիշխանությունը կորուստ ունեցել և ում օրոք է ինքնիշխանության ամրապնդում տեղի ունեցել»:
Արարատ Միրզոյանը, թերևս, նկատի ունի «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, կամ՝ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը: Եթե ուզում է շեշտել ՌԴ-ից ՀՀ կախվածությունը, ապա օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ երկրի ինքնիշխանության աստիճանը որոշվում է սեփական անվտանգության ապահովման հարցում տվյալ երկրի դերակատարման մակարդակով կամ չափով, ինչո՞ւ չէ՝ նաև բանակի սուբյեկտայնության:
Այսօր այս հարցերում Հայաստանն անկում ունի:
2023 թվականի հունվարին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքն էր խոստովանել կամ ընդունել, որ Հայաստանը նույնիսկ իր անվտանգությունը չի կարողանում երաշխավորել, ուր մնաց՝ Արցախինը կարողանար:
Հիշատակված «ՀՀ ինքնիշխանության դեմ հերթական առաջարկը. ՀՀ զինված ուժերին նոր փոխարինող են գտել» վերտառությամբ հոդվածում մենք ասվածի շրջանակում հստակ փաստեր էինք բերել՝ Սոթք-Խոզնավարը ռուսական ուժերին կամ միջազգային դիտորդներին վստահելու պատրաստակամությունից մինչև ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնում ՀՀ տարածքում:
Ի դեպ, Արարատ Միրզոյանն ինքն է ասում, որ ՀՀ 200 քկմ տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, որից զգալի մասը հենց իրենց իշխանության օրոք է եղել, և եթե 1990-ականներին և մինչև 2018 թվական ՀՀ զինված ուժերն ապահովել են տարածքային և դիրքային բարելավում, ապա փաշինյանական իշխանության օրոք միայն կորուստներ ենք ունեցել և նորերը դեռ առջևում են: Տարածքային կորուստները չե՞ն հանգեցնում ինքնիշխանության կորստի, ի՞նչ է կարծում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ի դեպ, թերևս, տեղին է հիշեցնել Վազգեն Սարգսյանի ժամանակին արտահայտած մի միտքը՝ «հայ զինվորը պետք է ենթարկվի հայ եֆրեյտորին»: Ինքնիշխանության բանաձև չէ՞:
Իսկ ՀՀ ԱԳ նախարարն ընդդիմադիր պատգամավորի վերոնշյալ դիտարկմանն ի պատասխան՝ նաև հայտարարել է. «Մենք կարողանում ենք զենք ձեռք բերել անհամեմատ ավելի և անհամեմատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ կերազեր ամենապայծառ երազում նման գործարքներ անել։ Չէ, սովոր էիք, և այդպես էր կարգը, և համակերպված էիք, որ պիպետկով կաթացնեն այնքան զենք, ինչքան պետք է, և չկաթացնեն այնքան, երբ դրա կարիքը չլինի, որպեսզի այդտեղ էլ Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի և գործի դրվի այլ սցենարներ, բարեբախտաբար, հիմա այլ վիճակում ենք»:
Եվ սա ասում է պատերազմից հետո 3 տարի զենք գնել չկարողացող իշխանության ներկայացուցիչը: Եվ սա ասում է մի իշխանության ներկայացուցիչ, ով չի կարողանում հասնել նրան, որ դաշնակից կամ գործընկեր երկրները կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները:
2023 թվականի հունիսի 28-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշել էր.
«Մեզ չհաջողվեց իրականացնել զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, ինչի հետևանքով զինված ուժերի ռազմական հզորությունը չհասցրեցինք բերել պլանավորված մակարդակին: Այսինքն, պատերազմը սկսվեց մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում:
Պետք է նշեմ, որ ռազմական կառավարումը պետական կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է, և նրա գործունեության արդյունավետությունն անմիջականորեն կախված է պետական կառավարման համակարգի մակարդակից: (Չմոռանանք, որ զինված ուժերը վարում են ռազմական գործողությունները, իսկ պատերազմը վարում է պետությունը)»:
Այնուհետև Օնիկ Գասպարյանը շարունակել էր. «Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:
Ի դեպ, հայկական կողմը զենք գնելու խնդիր էր ունեցել ոչ միայն ՌԴ-ից, այլև Հորդանանից:
168.am–ը գրել էր, որ 2022թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշում էր կայացրել միակողմանի ամբողջությամբ լուծարել հորդանանական «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության հետ պայմանագիրը, որը կնքվել էր 2021թ. օգոստոսի 6-ին: Սրա ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց:
Իսկ «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությունը հայտնի էր, մասնավորապես, ռուսական ՁՀՆ-32 (РПГ-32) ձեռքի հակատանկային նռնականետերի արտադրությամբ, որոնք Հորդանանում ստացել են «Նաշշաբ» անվանումը։
Ի դեպ, մեր տեղեկություններով, Հորդանանից Հայաստան որոշակի քանակությամբ դրանցից ժամանակին ներմուծվել է:
2020-ի հուլիսին դրա հետ կապված ադրբեջանական կողմը նույնիսկ լուրջ աղմուկ էր բարձրացրել և Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել Հորդանանի դեսպան Սամի Աբդուլա Ղոշեհին։
Հիմա հնդկական զենքից ինչ-որ քանակ, ըստ տարբեր տեղեկությունների, արդեն ՀՀ-ում է, ինչ վերաբերում է ֆրանսիականին, ապա դրա համար դեռ պետք է վճարի, լուծվեն լոգիստիկ խնդիրները, բնական է՝ Իրանն իր տարածքով դրանց տեղափոխումը թույլ չի տա, մնում է Վրաստանը: Սա առանձին քննարկման թեմա է: Ի դեպ, այն, ինչ ձեռք է բերվելու, զուտ պաշտպանական է:
Իսկ Փաշինյանի ռազմական մանիպուլյացիաներին՝ նախքան 44-օրյա պատերազմը ձեռք բերված զենքի հետ կապված, 168.am-ն անդրադարձել էր։
Քանի որ Արարատ Միրզոյանը հեռու է ռազմական ոլորտից, հիմա չենք մանրամասնի արդեն ասվածը: