Բաժիններ՝

Հելոուինը «անմեղ» խա՞ղ. մի՛ խաղացեք ձեր փրկության հետ

«Սարսափելի ոչինչ չկա, հետաքրքիր է, սուր զգացողություն ենք ունենում, մրցակցում ենք, թե ում դիմակը կամ հագուստն ամենասարսափազդուն կլինի, բացի այդ առիթ է, հանդիպում ենք, ուրախանում: Ինչո՞ւ չի կարելի տարին մեկ անգամ ուրախանալ. չէ՞ որ դա միայն դիմակահանդես է՝ կրոնի հետ ոչ մի կապ չունեցող»,- այսպես են արտահայտվում Հելոուինի տոնին պատրաստվող պատանիները:

Հելոուինը նշում են հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը՝ կաթոլիկ եկեղեցու բոլոր սրբերի տոնի նախօրեին: Սակայն այն ոչ մի առնչություն չունի եկեղեցական այդ տոնի հետ, այլ ընդհակառակը՝ աստվածանարգության ծպտված ենթատեքստով փորձում է տոնի շուքի տակ իր տարածումը գտնել: Հելոուինը Հայաստանում այնքան մեծ մաշտաբներ չի կրում, որքան արտերկրում, բայց Երևանում արդեն նկատելի են որոշ խանութների, ակումբների, փաբերի և սրճարանների նախապատրաստությունը տոնին «հելոուինյան» ձևավորումներով, տոնի խորհրդանիշ ատրիբուտների վաճառքներով և ուրախ ժամանց անցկացնելու հրավերներով:

Որպես հայ քրիստոնյա կարևոր է գիտակցել, թե որն է այս տոնի իրական ենթատեքստը, մարդկության թշնամին՝ չարը, հերթական ինչ ծուղակ է լարել «Հելոուին» անվան տակ: Մոլորված են նրանք, ովքեր կարծում են, թե տոնակատարությունն ուղղակի ուրախ ժամանց է: Առաջին հայացքից «անմեղ» թվացող տոնն իր մասնակիցներին կամա թե ակամա մասնակից է դարձնում մի ծեսի, որ պաշտամունք է սատանային:

Վերջերս ամերիկյան սատանիստական եկեղեցին Հելոուինը բացահայտ հռչակել է որպես իր գլխավոր տոն, որը, ըստ իրենց, պետք է տոնվի՝ ի վկայություն սատանայի երկրպագության: Անկասկած, տոնը սատանիզմի պրոպագանդան է:

Կարդացեք նաև

Տոնի մասնակիցները, եթե մի փոքր անգամ պատկերացում կազմեին տոնի բուն էության մասին, ապա հեռու կմնային այս հեթանոսական և հակաքրիստոնեական տոնից, որ իրենից հոգևոր մեծ վտանգ է ներկայացնում: Ցավալի է, որ շատերը, զվարճանալով տոնին հատուկ կոստյումներով, դիմակներով և խաղերով, չգիտեն կամ էլ չեն ցանկանում իմանալ Հելոուինի բուն էությունը, այսինքն՝ իրենց չիմացության կամ անլուրջ մոտեցման արդյունքում, սատանիստներին միանալով, երկրպագում և փառավորում են մարդկության թշնամուն՝ սատանային: Իսկ այդ ընթացքում Հելոուինի ոգիները, այսինքն՝ չարն իր արբանյակներով, փորձում են մեծ թվով հոգիների ճշմարիտ ուղուց հեռվացնել և միաժամանակ նաև զվարճանալ՝ տեսնելով, թե ինչպես է մեղքը հարազատացել մարդուն, թե ինչպես է չարիքը դիտվում որպես բարիք և ուրախալի մի ժամանց:

Ի՞նչ տպավորություն և ազդեցություն է թողնում տոնն իր սարսափազդու դիմակներով կամ ի՞նչ է սերմանում այն տոնի հիմնական մասնակիցների՝ երեխաների և պատանիների սրտում:

Մանկական վախերը, նևրոզները, հոգեբանական խախտումները, ագրեսիան, ըստ հոգեբանների, հոգեբուժների և փորձագետների, «անմեղ» թվացող Հելոուինի հետևանքներն են: Նրանք նշում են, որ նման հրեշային, էմոցիոնալ վառ պատկերները տպավորվում են երեխաների ենթագիտակցության և հոգեբանության մեջ՝ վերածվելով մշտական վախերի մթությունից, մենակությունից և գիշերային սարսափներից: Զգացմունքային և տպավորվող երեխան, ի տարբերություն մեծի, չի կարողանում ընդունել կյանքը՝ պատկերացումներից հեռու, և նա սկսում է յուրացնել այդ փորձը և զգացումները, որոնք անհետևանք չեն մնում երեխայի հետագա կյանքում: «Դիվական պարահանդես» անվան տակ Հելոուինը երեխաների մոտ առաջ է բերում ագրեսիա և այն համոզմունքը, որ չարը պարտադիր հաղթելու է բարուն: Փորձագետները ենթադրում են նաև, որ մահազդու պատկերներն երեխայի գիտակցության մեջ համառորեն արմատավորում են մահվան մասին մտածումներ և իմիջայլոց վերաբերմունք կյանքի նկատմամբ, որոնք ցավալիորեն մեծամասամբ տանում են ինքնասպանության, ինչը վերջին շրջանում բարձր աստիճանի է հասել: Ծնողների մտքով անգամ չի անցնում, որ տոնը կարող է իր երեխայի մոտ նման խնդիրների պատճառ հանդիսանալ:

Եկեղեցին իր բազմադարյան փորձով հորդորում է հեռու մնալ անպարկեշտ, անպատկառ, չափից ավելի ազատ պահվածքից, խոսքից և նույնիսկ հայացքից, այսինքն՝ հանդգնությունից, ինչը, ըստ եկեղեցու հայրերի, ծնողն է մի շարք կրքերի: Աբբա Դորոթեոսն ասել է. «Հանդգնությունը հոգուց վանում է Աստծո երկյուղը: Եթե Աստծո երկյուղով խույս է տալիս չարը, ապա, անկասկած, այնտեղ է ամեն չարիքը, ուր չկա Աստծո երկյուղը»: Եկեղեցու հայրերից մեկն էլ, արտաքին բարեպաշտությունը կարևորելով, նշում է, որ այն մարմնից անցնում է հոգուն, և հակառակը՝ ազատ և սանձարձակ պահվածքը տանում է հոգու անբարոյացմանը:

Ծնողը թույլ չի տալիս իր երեխային խաղալ լուցկու, դանակի կամ ասեղի հետ, ապա ինչպե՞ս է թույլ տալիս խաղալ դևի հետ: Ի՞նչ պատասխան են տալու Աստծուն այն ծնողները, ովքեր իրենց երեխային և նրա հոգին չարին են զոհաբերում: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է, որ այն մանկավարժներն ու ծնողները, ովքեր իրենց երեխայի սրտում չեն սերմանում Աստծո երկյուղը, ապա Աստծո դատաստանին նրանց սպասում է ավելի մեծ պատիժ, քան մարդասպաններին, քանի որ մարդասպանը սպանում է մարդու մարմինը, իսկ նման ծնողն ու մանկավարժը՝ որպես ապականիչ, սպանում է երեխայի հոգին հավիտենական կյանքի համար:

«Հելոուինը ոչնչացնում է հոգևոր կյանքի հենարանները: Տոնի մասնակիցները բարոյահոգեբանական կորուստ են ունենում, իսկ, նմանվելով չար ոգիներին, անարգում և ոչնչացնում են Տիրոջ կողմից իրենց շնորհված աստվածային պատկերն ու նմանությունը: Երբեմն որոշ մարդիկ շատ ավելի հեշտությամբ վստահում և հավատում են չար ոգիներին, քան Աստծուն և Նրա պատվիրաններին: Դարեր առաջ «Լույսն աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան Լույսը, որովհետև չարություն էին գործում» (Հովհաննես 3:19): Բոլոր ժամանակներում էլ հակաքրիստոնեական մտքերը միշտ էլ թաքնվել են «լույսի» դիմակի ներքո: Սբ. Պողոս առաքյալն ասել է, որ բոլոր ծածուկ արարքները Քրիստոսի լույսով հայտնվում և հանդիմանվում են, որովհետև լույսը հայտնի է դարձնում ամեն բան (Եփեսացիներ 5:13): Մեղքի աշխարհում իշխում է սատանան, և քրիստոնյան՝ որպես Աստծո որդեգիր, չի պատկանում չարին: Հնարավոր չէ բարեկամանալ աշխարհի հետ՝ միաժամանակ սիրելով Աստծուն. «Չգիտե՞ք, որ աշխարհի հետ բարեկամություն անել՝ նշանակում է թշնամություն անել Աստծո դեմ. որովհետև ով ուզում է բարեկամ լինել աշխարհին, ինքն իրեն թշնամի է դարձնում Աստծուն» (Հակոբոս 4:4): Ուստի քրիստոնյային՝ որպես Աստծու որդեգրի, մնում է ոչ այլ ինչ, եթե ոչ, մեծամասնությանը հակառակ, լողալ հոսանքին հակառակ»,- ասում է Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս