«Արման Քալաշյանի հետ որևէ քննչական գործողություն մինչև այս պահը չի կատարվել». փաստաբանը՝ ձմերուկ վաճառող քաղաքացու մասին
Հուլիսի կեսերին շուկաներից մեկում ձմերուկ վաճառող Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ Արման Քալաշյանի և, այսպես կոչված, բլոգեր Արամ Ավետիսյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձմերուկ վաճառող քաղաքացու նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ խուլիգանության հատկանիշներով։
Նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց անցել է մեկ ամիս, ուստի 168.am-ը նրա շահերի պաշտպան Գուրգեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե գործն ի՞նչ փուլում է, և իր պաշտպանյալն ի՞նչ կարգավիճակ ունի։
«Իմ պաշտպանյալը որևէ կարգավիճակ չունի, գործի հետ կապված էլ որևէ բան չեն արել։ Ամեն դեպքում՝ Արման Քալաշյանի հետ որևէ քննչական գործողություն մինչև այս պահը չի կատարվել։ Կրկնում եմ՝ ոչինչ չի արվել»,- նշեց Գուրգեն Գրիգորյանը։
Հարցին, թե քրեական վարույթը կարո՞ղ է կարճվել, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ինչ կա՝ կա, ամեն ինչ տեսաձայնագրված է։ Այս պահին չեմ կարող կարծիք հայտնել, թե քննչական մարմինն ինչ կարող է անել։ Թե ինչ կանեն, չեմ կարող ասել. գնահատական կտան, թե չեն տա՝ չգիտեմ»,- ընդգծեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին շուկաներից մեկում ձմերուկ վաճառող քաղաքացու նկատմամբ իրավապահները քրեական հետապնդում էին նախաձեռնել խուլիգանության հոդվածով։ Պատճառն այն էր, որ քաղաքացին Արամ Ավետիսյան անուն-ազգանունով անձին հարցրել է, թե ո՞ւմ լրատվամիջոցն է ներկայացնում՝ «դավաճանների՞»։ Դրանից հետո բլոգեր ներկայացած անձը սկսել է հայհոյել քաղաքացուն, սպառնացել, որ «դատվելու է», քաղաքացին էլ փոխադարձաբար հայհոյել է նրան։ Միջադեպից ժամեր անց Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, որ ձմերուկ վաճառող քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել։

