Արցախցիների միայն գլուխն է հողի վրա, արմատները խորն են. «Դեդո-բաբոյի» արձանի խորհուրդը
Արցախի ամենահայտնի խորհրդանիշը «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանն է կամ ինչպես մտերմաբար այն արցախցիներն են անվանում` «Դեդո-բաբոն»։ armeniasputnik.am-ը հիշեցնում է, որ այն տեղադրվել է 1967 թվականին. հիմա մի պահ կանգ առեք ու ևս մեկ անգամ կարդացեք` 1967 թվական, Խորհրդային Ադրբեջան ու դրա կազմում` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ։ Բնականաբար, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները դեմ էին հուշարձանի տեղադրմանը, ասում են` անգամ բողոքի ցույցեր կազմակերպվեցին, բայց արցախցիների համառությունը հաղթեց։
Քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը` Յուրի Բաղդասարյանը։
Ասում են` քանդակագործը երկար ժամանակ պտտվում էր Արցախում` փնտրելով քանդակի տեղադրման հարմար վայր։ Ընտրվեց մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող
բլուրը։ Կարմիր տուֆից քանդակի կառուցումն ավարտվեց 1967 թվականի նոյեմբերի 1-ին։ Քանդակագործն այս հուշարձանում խտացված կերպով ներկայացրել է արցախցիների բնավորությունը, պայքարը, պատմությունը, լինելիության խորհուրդը։ Հողի վրա միայն ավանդական արցախյան տարազով տատիկի և պապիկի գլուխներն են երևում, հայացքները` հպարտ, անսասան։ Մարմինները հողի տակ են։
Քանդակագործի մտահղացմամբ` արցախցիների արմատներն այնքան խորն են` հողի տակ, որ նրանց երբևէ հնարավոր չի լինի արմատախիլ անել, պոկել հողից։
2013թ.–ին հուշարձանը վերանորոգվեց ու բարեկարգվեց։ «Դեդո-բաբոն» ոչ թե պարզապես Արցախի խորհրդանիշն է, այլ արցախիների համար սուրբ վայր։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին կռիվ մեկնելուց առաջ շատերը եկել, հենց այս հուշարձանի մոտ են երդվել, ուժ ստացել, խաղաղության օրերին էլ հարյուրավոր ամուսնացող զույգեր իրենց հարսանիքի օրը եկեղեցում պսակադրությունից բացի նաև հուշարձանի մոտ են եկել` լուսանկարվելու և արցախյան դեդո–բաբոյի օրհնությունը ստանալու։
Նշենք, որ լեհ ակտիվիստ, հայասեր Թոմաս Բուչեկն օրերս ահազանգեց, որ Ալիևը հրամայել է քանդել «Մենք ենք, մեր սարերը» կոթողը։ Նրա խոսքով` իրեն այդ մասին ասել է Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր մի բլոգեր։