«Պատվաստանյութը եվրոպական է, դրանից որակյալ մենք չենք կարող գտնել»

168.am-ը բազմիցս անդրադարձել է տուբերկուլյոզի պատվաստանյութի հետևանքով երեխաների մոտ առաջացած խնդիրներին: ՀՀ առողջապահության նախարարության  աշխատակազմի հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանից հետաքրքրվեցինք՝ այժմ քանի երեխա է բուժվում Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերում (Տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութի՝ ԲՑԺ, հետպատվաստումային ռեակցիաներով երեխաներին ուղեգրում են այնտեղ):

«Միանգամից, կտրուկ նվազել է այդ երեխաների թիվը, որովհետև մեր բժիշկների մոտ էլ մենք քննարկումներ արեցինք, բացատրեցինք, ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) մոտեցումները: Բացատրեցինք, որ դրանից կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում. այդ թարախը ներծծվում է, ուղղակի որոշակի ժամանակամիջոց է հարկավոր: Այստեղ խնդիրն այն էր, որ որոշ երեխաների, մոտ 15-ի մոտ հետպատվաստումային ռեակցիաներ էին եղել, մի փոքր խուճապ էր առաջացել: Բացատրելուց, քննարկելուց, գնահատելուց հետո խուճապն անցավ»,- ասաց Արտավազդ Վանյանը:

Նա ևս մեկ անգամ նշեց, որ տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութն անորակ չի եղել. «Պատվաստանյութը եվրոպական պատվաստանյութ է, դրանից որակյալ մենք չենք կարող գտնել, և ԲՑԺ-ն շատ կարևոր պատվաստում է երեխայի համար: Դուք գիտեք, այսօր տուբերկուլյոզի խնդիր մանկական հասակում մենք չունենք: Այդ պատվաստման միջոցով մենք հանել ենք այդ խնդիրը: Եթե այսօր մենք ունենք այդ հնարավորությունը պայքարելու այդ հիվանդության դեմ, ինչպե՞ս չպայքարենք»:

Տեսանյութեր

Լրահոս