Երկիր սուրհանդակ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցով արտակարգ նիստն ու դրան հետևած ներհայկական իրադարձությունները հերթական անգամ բացահայտեցին այն խորքային ողբերգությունը, որով և որում ապրում է Հայաստանը՝ արդեն իսկ կասկածի տակ դրած լինելով Արցախի կյանքի հնարավորությունը։

ՄԱԿ Անվտանգության խորհրդում հնչեցին ելույթներ՝ դատապարտող, չեզոք, լղոզված, և այլն։ Հասկանալի է, որ այդ ելույթներն ընդամենը հանրության համար բեմադրված ներկայացման մաս էին, և իրական քաղաքականությունը տեղի է ունենում կուլիսներում՝ ոչ թե ՄԱԿ-ում տարբեր երկրների ներկայացուցիչների հռետորաբանության, այլ նրանց ազգային շահերի հիման վրա։

Ահա այդ տեսանկյունից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը բացահայտեց, որ դրանում ներկայացված գրեթե բոլոր երկրների ազգային շահերն այս պահին, մեղմ ասած, ավելի մոտ են Ադրբեջանի դիրքորոշմանը, քան Արցախի փրկության հրամայականին։ Այսինքն՝ այդ նույն երկրների շահերից է բխում, որպեսզի Ադրբեջանը հասնի իր առջև դրած նպատակներին, եթե անգամ դրանց հասնելու է արցախահայերի կյանքի և ցեղասպանության միջոցով։

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի գոնե հրապարակային մասից ստացված ընդհանուր տպավորությունն այն էր, որ այն ոչ միայն և ոչ այնքան՝ Լաչինի միջանցքի, որքան՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման մասին էր։ Իսկ դրանից հետևությունն առավել քան սահմռկեցուցիչ է․միջազգային հանրությունն աշխարհի ամենաբարձր ամբիոնից հանդես է գալիս առաջարկներով, կամ առնվազն ամբողջությամբ չի մերժում առաջարկները, որոնց իրագործման դեպքում ադրբեջանցիները մուտք կգործեն Արցախ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով, իսկ արցախահայերը՝ Լաչինի միջանցքով կլքեն իրենց հայրենիքը։

Կարդացեք նաև

Սրա մասին էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, և, փաստորեն, այս արդյունքի առթիվ է, թեկուզ և չափավոր, բայց գոհունակություն հայտնել Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստում ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին նվիրված նրա ելույթը, սակայն, բացահայտեց շատ ավելի խորքային, աշխարհայացքային մակարդակի ողբերգություն։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարևոր էր, որ աշխարհը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արձանագրեց, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը, և, որ Արցախը հայտնվել է հումանիտար աղետի պայմաններում։

Ըստ Փաշինյանի տրամաբանության, ստացվում է, որ Հայաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից ունեցել է տեղեկատվական ակնկալիք և տեղեկացնելով դրա անդամներին՝ գոհ է արդյունքներից։

Այսինքն՝ 21-րդ դարում, երբ ՄԱԿ Անվտանգության խորհրդի գոնե մշտական անդամների արբանյակները 24-ժամյա ռեժիմում նկարահանում են ոզնուց մեծ ցանկացած օբյեկտի տեղաշարժը երկրագնդի ցանկացած կետում, նրանց տեղեկատվություն հաղորդելը համարվում է գոհացուցիչ արդյունք։

Նիկոլ Փաշինյանն իր կարիերայի գագաթնակետին հասել է՝ որպես թերթի խմբագիր։ Տարիներ շարունակ տեղեկատվություն հաղորդելը, այդ թվում՝ կեղծ և զրպարտչական, նրա համար եղել է առաքելություն, գերնպատակ։ Հիմա նա նույնպիսի աշխարհայացքով, նույնպիսի դրդապատճառներով ղեկավարում է պետությունը, որի առաքելությունը միջազգային քաղաքականության մեջ հասցրել է սուրհանդակի մակարդակի։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը փոխաբերական իմաստով շարունակում է թերթ հրատարակել, այն տարբերությամբ, որ այն կարդում է ոչ թե տեղական սահմանափակ լսարանը, այլ ողջ աշխարհը։ Եվ որքան էլ ցավալի, սակայն հանուն ճշմարտության անխուսափելի է արձանագրել, որ Հայաստանի հետ աշխարհը վարվում է մոտավորապես այնպես, ինչպես թերթի դարաշրջանում վարվում էին երեկոյան այժմեականությունը կորցրած թերթերի հետ, իսկ թվային դարաշրջանում՝ Delete կոճակի օգնությամբ։

Դա արձանագրվեց ամենաբարձր՝ ՄԱԿ ԱԽ մակարդակով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս