Վերջին 10 օրերի ընթացքում սպանության հինգերորդ կամ վեցերորդ դեպքն է. ներքին գործերի համակարգի ռեֆորմ ասվածը պաստառ է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դանակահարություն ու զոհ. հիմա էլ՝ Լոռու մարզում: Վերջին մոտ 10 օրերի ընթացքում սպանության կարծես թե հինգերորդ կամ վեցերորդ դեպքն է: Այս մասին շատ է խոսվում, գրվում, բայց, ըստ էության, թերևս, ապարդյուն:

Չկա օպերատիվ վիճակի կառավարում, որովհետև ներքին գործերի համակարգի ռեֆորմ ասվածը պաստառ է, իսկ գործնականում, այդ պաստառի ներքո տեղի է ունենում համակարգի գոյություն ունեցող մեխանիզմների քայքայում՝ նորի ստեղծման բացակայությամբ:

Այդ ամենի համար քաղաքական պատասխանատվությունն էլ լղոզվում է հենց «ռեֆորմ» բնութագրի ներքո, որն այլ բան չէ, քան ընդամենը քաղաքական նկատառումներով արևմտյան շրջանակների հետ հաղորդակցություն, որտեղ էականը ոչ թե բուն ոլորտային արդյունքն է, այլ քաղաքական լոյալությունը:

Այս իրավիճակը հանրային ենթագիտակցական շերտերում բերում է փլուզումների, առաջին հերթին օպերատիվ կառավարելիության զգացումի փլուզման:Դա էլ հենց բերում է ռազբորկաների, հաշվեհարդարների, այլ նմանօրինակ երևույթների աճի, ինչի հետևանքով էլ բնականաբար աճում են մահվան դեպքերը:

Վերջին հաշվով, հանրային կարգը պահողը, հանրային վարքը կառավարողը այն չէ, որ ամեն ռիսկային տեղում կա մի ոստիկան պահակ-պարեկ: Հանրային վարքը զսպողը միջավայրի գիտակցումն է, միջավայրի զգացումը, տվյալ դեպքում՝ օպերատիվ իրավիճակի կառավարման զգացումը: Երբ դա չկա, հանվում են նախ ենթագիտակցական արգելակները, հետո նաև՝ գիտակցական»:

Տեսանյութեր

Լրահոս