
Զենք-զինամթերքի և թմրամիջոցների դեմ տարվող պայքարը պետք է անզիջում լինի. Արամ Ղազարյան

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Համայնքային ոստիկանության Սիսիանի և Գորիսի բաժիններում. տեղեկացնում են նախարարությունից:
Նշվում է, որ խորհրդակցություններին մասնակցել են նաև Ոստիկանության պետի տեղակալ-Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։
«Ներկայացնելով նախարարության առաջնահերթությունները՝ Արամ Ղազարյանը ընդգծել է համայնքների հետ սերտ աշխատանքի, իրավախախտումների և հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև թեթև և միջին ծանրության հանցագործությունների բացահայտման գործընթացում համայնքային ոստիկանների կարևոր դերակատարումը:
Նա առանձնահատուկ կարևորել է հակաիրավական արարքների կանխարգելումն ու յուրաքանչյուր իրավախախտման դեպքում օպերատիվ արձագանքը։ Այս համատեքստում Ղազարյանը շեշտադրել է Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև իրավապահ մյուս կառույցների հետ ամենօրյա արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը, ինչն ապահովելու է դրական արդյունքներ: Արամ Ղազարյանը ընդգծել է, որ նախարարության համար շարունակում է օրակարգային մնալ ապօրինի պահվող զենք-զինամթերքի և թմրամիջոցների դեմ տարվող ամենօրյա պայքարը՝ նշելով, որ Ոստիկանությունը հատկապես այդ հարցերում պետք է անզիջում լինի։
Ոստիկանապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների բացահայտման, թմրաշրջանառության ու ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, քրեական ենթամշակույթին հակազդելու և այլ ուղղություններով։Ներկայացվել է բաժինների կողմից կատարված աշխատանքների վիճակագրությունը, վերլուծվել են առկա խնդիրներն ու նշվել անելիքները։ Քննարկվել են նաև կարգապահական, մասնագիտական պատրաստվածության և ծառայողական բնույթի այլ հարցեր։
Արամ Ղազարյանը հանդիպել է նաև Ոստիկանության զորքերի ծառայողներին, որոնք սահմանային պահակակետերում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն, ծանոթացել ծառայողական պայմաններին և տվել հանձնարարականներ՝ առանձնակի կարևորելով կարգապահության և մասնագիտական գիտելիքների բարձրացման հարցերը»,- ասվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ: