
Կարդինալին 3 տարով բանտարկեցին, որովհետև ասում էր՝ կուսակցական հրահանգով հաշտեցում չի լինում. Հովհաննես Իշխանյան

Վավերագրող ռեժիսոր, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Կարդինալ Վիշինսկին է (Նկարում՝ ձախից). 3 տարով բանտարկեցին, որովհետև ասում էր՝ առանց խղճի հանգստության, կուսակցական հրահանգով հաշտեցում չի լինում. «Խաղաղությունը ոչ թե պետության հայտարարությունն է, այլ մարդու սրտի հանգիստը, երբ նա ապրում է ճշմարտության մեջ»:
1950թ․ կոմունիստական Լեհաստանն ու Արևելյան Գերմանիան կնքեցին «Զգորժելեցյան համաձայնագիրը», որը հաշտություն էր պարտադրում երկու ժողովուրդներին։
Պետական քարոզչությունն ասում էր. «Լեհ և գերմանացի ժողովուրդները այժմ եղբայրական ժողովուրդներ են սոցիալիզմի դրոշի տակ»:
Բայց լեհերի մոտ վիրավորվածությունն ու անվստահություն չափազանց խորն էր Երկրորդ համաշխարհայինից հետո․ 6 տարվա մեջ Լեհաստանի օկուպացիայի ժամանակ գերմանացիները 2 միլիոն լեհ էին կոտորել։
Ու, բնականաբար, եկեղեցին ընդդիմանում էր առանց արդարության կեղծ հաշտությանը, ու, բնականաբար, Կոմունիստական իշխանությունը սկսեց ենթարկել եկեղեցին՝ ընդունելով օրենք, որի համաձայն պետությունը պիտի նշանակեր քահանաներին, եպիսկոպոսներին, վանահայրերին։ Եվ կարդինալ Վիշինսկին հայտարարեց․ «Եկեղեցին չի կարող ծառայել երկու տիրոջ՝ Աստծոն ու պետությանը»։
1953-ին նրան դասեցին պետության թշնամի ու ձերբակալեցին։ Հետագայում հենց Վիշինսկին առաջնորդեց երկու ժողովուրդների իրական հաշտեցման գործընթացը՝ հիմնված խղճի ու արդարության վրա։ Վիշինսկուն ազգային խիղճ էին անվանում լեհերը, իսկ 2021թ․ Կաթոլիկ եկեղեցին նրան հետմահու ճանաչեց Բարեպաշտ:
Հաշտեցումն ու խաղաղությունը լինելու է ազատության ու արդարության միջոցով, երբ խիղճներս հանգիստ լինի: «Երբ նրանք ամեն ինչ խլեն՝ մամուլը, դպրոցները, բարեգործ կազմակերպությունները, միևնույն է մենք մնալու ենք տերը ամենաթանկ բանի՝ մեր խղճի», – ասում էր Ստեֆան Վիշինսկին»: