«Ձեր զենքը պիտի ավելի շուտ խոցի, զորավարժությունները պատասխան են մեզնից մի բան պոկել փորձողներին». հարձակողական և «մարգարեական» սցենարների հետքերով
Հունիսի 28-ին 24TV-ին տված հարցազրույցում ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է.
«1994-ից հետո ԶՈՒ քանի՞ գեներալ-գնդապետ է գոնե մեկ բանակային կորպուսի լիարժեք ծավալներով, նորմալ չափորոշիչներով գեթ մեկ հարձակողական զորավարժություն կազմակերպել, իրական օպերացիա չեմ ասում»:
Նախկին իշխանությունների հետ աշխատած Արծրուն Հովհաննիսյանը շատ է սիրում ասել, որ ինքը խոսում է փաստերով, և եթե որևէ մեկը հակափաստարկ ունի, թող ներկայացնի:
ՀՀ պաշտպանության նախկին նախարարներին կփորձենք նման առաջարկ անել, իսկ մինչ այդ փորձենք ինքներս մի քանի փաստ կամ հակափաստ ներկայացնել: Եվ այսպես՝
Փաստ առաջին
«Ձեր զենքը պետք է ավելի շուտ խոցի»
2010 թվականի նոյեմբերի 1-13-ը Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը լայնամասշտաբ զորավարժություններ էր անցկացրել, որին հետևելու նպատակով Արցախ էր մեկնել Նախագահ Սերժ Սարգսյանը:
Զորավարժությունից հետո իր ելույթում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել էր.
«Մենք հրապարակավ ասում ենք` այո՛, պատրաստ ենք գնալու փոխզիջումների, մենք պատրաստ ենք գնալու խնդրի լուծմանը, եթե կորոշվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը, այսինքն` Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության խնդիրը:
Եվ որպեսզի այս խնդիրը լուծվի, պարոնա՛յք զինվորներ և սպաներ, դուք մշտապես պետք է կարողանաք ավելի բարձր լինել, լինել ավելի մարտունակ, ձեր զենքը պետք է ավելի շուտ խոցի, ձեր կամքը պետք է գերակայի, ձեր նվիրվածությունը սահման չպետք է ունենա: Ես վստահ եմ, որ եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1992-94 թվականներին, այլև վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին: Մենք պետք է միշտ զգոն լինենք, միշտ պետք է պատրաստ լինենք: Եվ որևէ մեկը չպետք է կասկածի ձեր վճռականության վրա, ինչպես ե՛ս չեմ կասկածում, որովհետև շարունակվում են սադրանքները, կրակոցները, զոհվում են մարդիկ, և ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը:
Ուրեմն պետք է զգոն լինենք, ուրեմն մեր զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրավիճակին, պետք է զգուշացում լինեն ուրիշների համար, իսկ մեզ համար` դառնան կյանքի նորմ: Այդ զորավարժությունների ընթացքում սպաները պետք է ցուցադրեն իրենց գիտելիքները, զինվորները` իրենց կարողությունները, հրամանատարությունը պետք է մշտապես կատարելագործի իր հմտությունները: Սա՛ է մեր ճանապարհը, մենք այլ ճանապարհ չունենք: Որպես Գերագույն գլխավոր հրամանատար, որպես Հանրապետության ղեկավար, սիրելի՛ զինվորներ և սպաներ, ես խոստանում եմ, որ դուք որևէ բանի կարիք չեք ունենալու: Մենք ձեռք ենք բերելու ժամանակակից միջոցներ, ինչպիսին հիմա էլ ունենք, մենք ունենալու ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնայել մեզ համար ամենից թանկագինը` մեր զինվորների և սպաների կյանքը: Մեր ունեցածն ամբողջովին բավարար է, որպեսզի այսօր էլ կարողանանք պատվով կատարել մեր առջև դրված ամենակարևոր խնդիրը»:
2010 թվականի նոյեմբերի 15-ին այն ժամանակ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ, այժմ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն անդրադառնալով գրեթե 2 շաբաթ տևած այս զորավարժություններին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում, մասնավորապես, շեշտել էր.
«Միանշանակ է, որ իրականացված զորավարժություններն ունեին ինչպես հստակ ռազմական նշանակություն` ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակության ստուգումը, այնպես էլ` քաղաքական: Սա հստակ ազդակ է պաշտոնական Բաքվին առ այն, որ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ ռազմաքաղաքական հետևանքներ կունենա, և այդ գոտում ռազմական գործողություններ սկսող երկիրը բարձր գին կվճարի դրա համար: Այդ զորավարժությունները 1994 թվականի մայիսին ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո ամենալայնածավալն էին, և հնարավոր է` կիրառված զինտեխնիկայի ու հրետանու քանակով գերազանցում էին 1993-94 թվականների խոշոր մարտերի ժամանակ ղարաբաղյան զորքերի կիրառած ռազմաօդային տեխնիկային: Իմ հաշվարկներով` զորավարժությունների ընթացքում ակտիվ օգտագործվել է ծանր և ռեակտիվ հրետանի, ռազմական զրահամեքենաներ: Կիրառվել է 350-ից ավելի միավոր թրթուրավոր զրահամեքենա, մասնավորապես` տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային միավորներ, ինչպես նաև ռազմական օդուժ: Փաստորեն, առաջին անգամ ԼՂՀ Պաշտպանության բանակը զորավարժություններ է անցկացրել զինվորական միավորման` դիվիզիայի, անգամ բանակային կորպուսի մակարդակով: Զորավարժությունները առավելագույնս մոտ էին մարտական իրավիճակին, և դրանց ընթացքում փորձարկվել են մի շարք մարտավարական հնարքներ, որոնց կիրառումը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հավանական հակառակորդի համար պետք է անսպասելի լինի: Բացի այդ, զորավարժությունների ժամանակ արցախյան բանակն առաջին անգամ փորձարկել է սպառազինության ու զինտեխնիկայի մի շարք նոր օրինակներ, որոնցով ԼՂՀ ՊԲ-ն նոր է համալրվել, և դրանք, հասկանալի պատճառներով, թաքցվում են հավանական հակառակորդից»:
Այնուհետև Մինասյանը հավելել էր. «Դեռևս 1992-1994թթ. ռազմական գործողությունների ընթացքում արցախյան զորքերը բազմիցս գործածել են մարտը գիշերով կամ կլիմայական բարդ պայմաններում վարելու հնարքը, ինչը հաճախ հաջող գործողությունների գրավական է դարձել: Մութ պայմաններում ռազմական գործողություններ վարելու մեթոդների մշակումը` հատկապես նման խոշոր զորախմբերի ու ստորաբաժանումների մասնակցությամբ, վկայում է արցախյան զորքերի զրահատեխնիկայի խորը արդիականացման մասին, որը հնարավորություն է տալիս մարտը հաջողությամբ վարել մթության ու սահմանափակ տեսանելիության պայմաններում, նաև ցույց է տալիս հայ զինծառայողների բավարար մարտավարական գիտելիքներն ու պատրաստականությունը»:
Փաստ երկրորդ
Հրաման տրված է. հայկական միավորումն անցել է հարձակման
2013 թվականի նոյեմբերին Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի էր ունեցել հայկական զինված ուժերի մարտավարական զորավարժություն, որի ընթացքում առաջին անգամ ներկայացվել էր մարտարշավային զորախմբի մոդելը։
Զորավարժությունը հատկապես նշանակալի էր նրանով, որ հայկական միավորումները կատարել էին զուտ հարձակողական գործողություններ, որին հետևել էին հայկական երկու պետությունների ղեկավարները, Պաշտպանության նախարարները և հայկական զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը։
Ըստ զորավարժության սցենարի՝ հնչել էր «Կասկադ-100» հրամանը ու սկսվել հայկական միավորման հարձակումը, որի մեկնարկից անմիջապես հետո հրետանային նախապատրաստություն էր իրականացվել, հրետակոծվել էին հակառակորդի դիրքերը, որից հետո առաջ էր շարժվել հարձակվողների զրահատեխնիկան։
Տանկերից, հետևակի մարտական մեքենաներից ու ինքնագնաց զենիթային համակարգերից կազմված առաջին զորախումբը մխրճվել էր հակառակորդի պաշտպանության բնագծերի մեջ։
Այնուհետև նրանց էր միացել երկրորդ էշելոնի զորախումբը։ Հակառակորդի ջախջախվելուց հետո հայկական զորամիավորման մարտարշավային զորախումբը՝ կազմված տանկերից, հետևակի մարտական մեքենաներից, ինքնագնաց զենիթային ու հրետանային համակարգերից, կայծակնային հարձակմամբ մխրճվել էր հակառակորդի պաշտպանության խորքը ու ոչնչացրել նրա պահեստային ուժերը, որից հետո հայկական միավորումը զբաղեցրել էր բարենպաստ մարտագծեր։
Փաստ երրորդ
Հարձակողական օպերացիա՝ առկա ուժերով և միջոցներով. կանխատեսվել էր 44-օրյա պատերազմի սցենարը
2017 թվականի դեկտեմբերին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում միացյալ զորախմբի կողմից անցկացվել էին լայնածավալ զորավարժություններ, որին դարձյալ հետևել էին հայկական երկու պետությունների ղեկավարները:
Զորավարժության թեման էր՝ «առկա ուժերով և միջոցներով հարձակողական օպերացիայի նախապատրաստումն ու վարումը», «նպաստավոր բնագծերի զբաղեցումը և պաշտպանության կազմակերպումը»: Ներգրավված էին զինված ուժերի բոլոր զորատեսակները:
Զորավարժության սցենարով ընդհանուր պայմանական իրադրությունը հետևյալն էր. հակառակորդի զինված ուժերը զորավարժությունների քողի տակ անցկացրել էին միջոցառումներ՝ զինված ուժերը խաղաղից ռազմական դրության ծածուկ փոխադրելու նպատակով։
Նրանք պլանավորել էին սկսել ագրեսիա՝ ավիացիայի և հրետանային հարվածներ հասցնելով հայկական կողմի կարևոր ռազմական և պետական օբյեկտներին, հետագայում ցամաքային զորքերի ուժերով անցնել հարձակման հյուսիսարևելյան ուղղություններով՝ նպատակ ունենալով ջախջախել հայկական զորքերի առաջին էշելոնի հիմնական խմբավորումները։
Իսկ հայկական կողմը լարվածությունը թուլացնելու համար քաղաքական միջոցառումների հետ մեկտեղ՝ զորամիավորումները բերել էր մարտական պատրաստականության աստիճանի։
Հակառակորդի զորամիավորումը ռազմաքաղաքական լարվածության ֆոնին հանկարծակի անցել էր հարձակման՝ գլխավոր հարվածը հասցնելով հյուսիսարևելյան ուղղություններով։
Հարձակողական մարտի ընթացքում հակառակորդը մոտոհրաձգային բրիգադի ուժերով ճեղքել էր պաշտպանական շրջանի առաջնագիծը, մխրճվել պաշտպանության խորքն ու սպառելով հարձակողական ունակությունները, կրելով ուժերի և միջոցների մինչև 40 տոկոս կորուստներ, հապճեպ անցել էր պաշտպանության։
Հակառակորդի օպերատիվ պահեստազորը, կտրվելով հարձակվող ուժերից, ձգտել էր արագ դուրս գալ կենտրոնացման շրջանից՝ զորամիավորման հարձակման հաջողությունը զարգացնելու համար։
Զորավարժության սյուժեով ծրագրվել էր հակառակորդի զորամիավորման հարձակման հաջողությունը զարգացնել պահեստային ուժերով՝ գլխավոր հարվածը հասցնելով հարավային ուղղություններով։
Հայկական ուժերը բացահայտելով հակառակորդի զորքերի հրամանատարական կետերը և կենտրոնացման շրջանները, բերվել էին մարտական պատրաստականության աստիճանի, կատարել էին երթ և դուրս եկել կենտրոնացման շրջաններ՝ պատրաստ կատարելու մարտական խնդիրները։
Մեր ստորաբաժանումները պաշտպանական մարտի վարման ընթացքում հարձակվող հակառակորդին հասցրել էին առավելագույն կորուստներ՝ մասամբ կասեցնելով նրա առաջխաղացումը։
Հարձակման համար ելման շրջանի նախապատրաստումից հետո սկսվել էր զորավարժության հիմնական փուլը՝ հարձակողական մարտի վարումը:
Անօդաչու թռչող սարքերով օդային հետախուզում կատարելուց հետո հակառակորդի ուժերին բոլոր խորություններում հասցվել էր հրետանային հուժկու հարված: Զորամիավորման հրամանատարի ազդանշանով զորամասերն առաջացել էին մեր պաշտպանության խորքից և զբաղեցրել նշանակված բնագիծը:
Կատարվել էր հակառակորդի առաջ շարժվող ստորաբաժանումների ուղիղ նշանառությամբ խոցում տարբեր զինատեսակներով՝ պատճառելով առավելագույն կորուստներ:
Ապահովվել էր զորամիավորման գլխավոր ուժերի առաջխաղացումը ծավալման և կազմակերպված հարձակման անցնելու նպատակով: Թևային հզոր հարվածներով հայկական ուժերը մասնատել էին հակառակորդի ուժերը, ճեղքել նրանց պաշտպանությունը:
Իսկ 2017 թվականի դեկտեմբերին իրականացված զորավարժության ավարտին լրագրողների հետ զրույցում այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը նշել էր.
«Զինված ուժերի ռազմական դոկտրինը պաշտպանողական է, բայց պաշտպանողական գործողությունն իր մեջ ներառում է պաշտպանողական, հարձակողական ու հակահարձակողական գործողություն, որովհետև հակառակորդին միայն պաշտպանությունով չես կարող ամբողջությամբ ջախջախել:
Այս խմբավորումը նախատեսված էր նրա համար, որ հարձակվի, մասնատի, ջախջախի այն հակառակորդին, որը կփորձի հատել Արցախի կամ Հայաստանի սահմանը»:
Նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր.
«Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո բերում և յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի: Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաև նշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակին և ամբողջ հզորությամբ: Այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ և պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է: Մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանը, մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքը»:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի հետևում այդ ժամանակ պաստառ կար՝ ուժն է ծնում իրավունք:
Ըստ էության, 2017-ի դեկտեմբերին զորավարժության շրջանակում պլանավորվել կամ խաղարկվել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմին մոտ սցենար: Այսինքն, նախկինում ոչ միայն հարձակողական սցենարով զորավարժություններ են իրականացվել, այլ կանխատեսվել թշնամու հարձակման հավանական սցենարն ու ուղղությունները:
Հավելենք, որ Արցախյան վերջին պատերազմի «սցենարը» նախապես հայտնի էր նաև, եթե հաշվի առնենք 44-օրյա պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ուղարկած «գաղտնի» նամակը:
Փաստաթղթում զորավարժությունների սցենարի համատեքստում մանրամասն նկարագրված էր այն, ինչին հետագայում ականատես եղանք պատերազմի ժամանակ և դրանից հետո, ինչին 168.am-ն այլ առիթներով անդրադարձել է։