Սրիկան դո՛ւ ես, ձա՜յնդ, պապանձվի՛ր. ՔՊ-ականները՝ Սեյրան Օհանյանին, լարված իրավիճակ ԱԺ-ում
Այսօր խորհրդարանում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցավ հերթական միջադեպը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթի ժամանակ, երբ Սեյրան Օհանյանը հակադարձեց, որ պատերազմում զինվորը չի պարտվել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղից արձագանքեց.
«Քեզ նման գեներալները պարտվեցին, դու ես պարտվել»։
Այնուհետև արձագանքեց Հայկ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին հորդորելով, որ իրեն կոռեկտ պահի, հավելելով. «Պարոն Օհանյան, դուք դաստիարակություն ստացե՞լ եք, չգիտե՞ք, որ չի կարելի «դու»-ով խոսել։ Սուս, ձայնդ, լռիր»։
Կողքից արձագանքեց նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, նրան ի պատասխան՝ Կոնջորյանը կրկին ասաց.
«Հանգիստ, պարոն Մինասյան, առանց ավելորդ տվայտանքների»:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նկատողություն արեց, թե՝ պատգամավորների հետ պետք է «դուք»-ով խոսել։
«Կարծում եմ՝ շատ տրամաբանական ու լեգիտիմ պահանջ եմ ներկայացնում, հիմա խնդրում եմ, ինձ մի պատասխանեք, լռություն։ Հիմա ելույթ է ունենում Հայկ Կոնջորյանը»։
Ելույթ ունենալու փոխարեն, Հայկ Կոնջորյանը կրկին դիմելով Սեյրան Օհանյանին՝ ասաց.
«Դահլիճի մեծ մասը չլսեց՝ դուք ինչ ասացիք, բայց ես հիմա ասում եմ՝ սրիկան դուք եք»։
Այնուհետև միջամտեց Ալեն Սիմոնյանը՝ հայտարարելով, որ ընդդիմադիր պատգամավորները լռեն, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հակադարձեց Ալեն Սիմոնյանին, վերջինս պատասխանեց. «Պապանձվիր»։ Այնուհետև Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց։
Թեպետ ընդմիջում էր հայտարարվել, այդուհանդերձ վեճը նիստերի դահլիճում շարունակվեց, հետո Ռուբեն Ռուբինյանը դիմելով բոլորին՝ հայտարարեց, որ ընդմիջում է, և բոլորը պետք է լքեն նիստերի դահլիճը։ Չնայած հայտարարված ընդմիջմանն ու դահլիճը լքելու մասին պատգամավորներին ուղղված կոչին, այդուամենայնիվ քիչ թվով պատգամավորներ դուրս եկան նիստերի դահլիճից, իշխանական պատգամավորներից ոմանք մատեցան ընդդիմադիր պատգամավորներին և սկսեցին հարցեր լուծել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում