«Սա գերեվարում չէ, այլ առևանգում է». Փաշինյանի պատասխանատվության չափը հայ զինծառայողների առևանգման հարցում

Օրերս ադրբեջանական կողմը 14 րոպեանոց տեսանյութ էր հրապարակել Ադրբեջանում պահվող հայ գերիների մասնակցությամբ՝ պատերազմից հետո Խծաբերդում գերեվարվածներ և երկու հայ զինծառայող, որոնք գերեվարվել էին 2021 թվականին Գեղարքունիքի սահմանագծից։

Նշենք, որ անցած տարի, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բաքվի դատարանը ՀՀ ինքնիշխան տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացի Իշխան Սարգսյանին դատապարտել էր՝ 19, իսկ Վլադիմիր Ռաֆայելյանին՝ 18 տարվա ազատազրկման։

Նշված էր նաև, որ նրանք 9 տարի պետք է անցկացնեն բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Կարդացեք նաև

Համացանցում տարածված ադրբեջանական լրատվամիջոցների տեսանյութում Իշխան Սարգսյանը հայերենով պատմում է.

«ՀՀ-ի և Ղարաբաղի տարածքի հետ կապված ինժեներական աշխատանք պետք է կատարեինք, այսպես ասած, փակեինք ճանապարհը փշալարով, ականներով, և պիտի նշեինք, որ այդ ճանապարհը փակ է: Հրամանում չի եղել մի այնպիսի բան, որ կոնֆլիկտի գնանք…»:

2021 թվականի մայիսի 27-ին, երբ վերը նշված զինծառայողները նոր էին գերեվարվել, և հնարավոր է՝ արագ վերադարձվեին, համենայն դեպս, այդ ժամանակ նման հույսեր կային, Նիկոլ Փաշինյանը նույն օրը տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր՝ «դա, ըստ էության, գերեվարում չէ, այլ տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից», այնուհետև Կառավարության հրապարակային նիստում գուցե ռազմական գաղտնիք պարունակող մանրամասներ էր հայտնել.

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ: Այսինք՝ դրանք արվել են ոչ թե դիվերսիոն նպատակով, այլ ականապատում է իրականացվել՝ զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատ լինելու վերաբերյալ: Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով»:

Այս տեղեկությունների հրապարակայնացումը, սակայն, ռազմական ոլորտի մասնագետներն անընդունելի էին համարել:

2021-ի մայիսի 28-ին «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր.

«Ի՞նչ խնդիր է դրանով լուծում, քանի որ, ըստ էության, միանգամայն մտածված ընդգծեց, որ կոնկրետ ականապատման աշխատանքներ են իրականացրել, ինչը ադրբեջանական կողմի հետ բանակցային այս փխրուն իրավիճակում չի կարող դրական ազդեցություն ունենալ»:

Հավելենք, որ 2021 մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Փաշինյանն առաջարկել էր նաև Սոթք-Խոզնավար սահմանային գծում տեղակայել միջազգային դիտորդներ, որը, ի դեպ, տեսանյութով պաշտոնապես տեղադրվել էր ՀՀ վարչապետի կայքում:

«Առաջարկը հետևյալն է՝ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները, այսինքն՝ Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն, սահմանի վերաբերյալ կա պատկերացում՝ 5 կիլոմետր այս կողմ, այն կողմ, որոշակի կիլոմետրերի տարբերություն կա՝ մեկ, երկու, երեք: Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող:

Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն՝ զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, տվյալ դեպքում հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել: Որից հետո արդեն կրկին միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում կրկին իմ պատկերացումն այն է, որ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն, ու այս գործընթացը պետք է տեղի ունենա Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո: Սա է առաջարկը, սա է իմ առաջարկած պլանը: Եթե Ադրբեջանն իրոք խնդիր ունի սահմանային կետերի ճշգրտման հետ, ապա այս պլանը մերժելու որևէ պատճառ պետք է չունենա»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Մինչդեռ 2021 թվականի մայիսի 27-ին այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը այլ մանրամասներ էր հայտնել.

«Գիշերը դիտարկելով և գրանցելով, որ հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները, որոնք գտնվում էին մեր պետական սահմանից 1.5-2.5կմ խորությամբ, 2 ուղղությամբ փորձում էին ուժերը միավորել ու ավելի նպաստավոր իրադրություն ստեղծել իրենց համար: Գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որը կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները: Նշված գործողության ընթացքում հակառակորդն իր օդային հետախուզության արդյունքում հայտնաբերել է մեր գործողությունները և ստորաբաժանումով շրջափակել մեր՝ գործողությունն իրականացնող խմբին, ու նրան հաջողվել է գերեվարել 6 զինծառայողի»:

Լրագրողների հակադարձող հարցին, թե ինչու մեր զինծառայողները զենք չեն կիրառել, Ասրյանը պատասխանել էր.

«16 օր արդեն ձեզ հայտնի է, որ նշված իրավիճակը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել, կասեցնել առանց զենքի, ուժի կիրառման: Գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ զինծառայողները ձեռնամարտի են բռնվել հակառակորդի հետ: Նույնը եղել է այս դեպքում: Մոտենալով մեր 4 զինծառայողներին, ովքեր կատարում էին համապատասխան աշխատանքներ, զենքն ուղղելով նրանց վրա՝ հրամայել են հանձնվել: Մեր 2 զինառայող էլ որոշակի հեռավորության վրա էին գտնվում, մոտեցել են բանակցելու հակառակորդի հետ, սակայն լինելով նենգ, դավադիր, զինաթափել և գերեվարել է մեր 6 զինծառայողներին: Ներկա դրությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, շարունակվում է բանակցային գործընթացը: Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ՝ յուրային և իրենց ուժերի հետքաշման համար: Մենք էլ ներկայացրել ենք մեր պայմանը, որ մեր առաջ քաշած ստորաբաժանումը հետ կքաշենք, եթե վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին, այլ պայման մեզ համար ընդունելի չէ»:

2021 թվականի մայիսի 27-ին Պաշտպանության նախարարությունն էլ հաղորդագրություն էր տարածել, որ վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ»,- նշված էր հաղորդագրությունում։

Պաշտոնապես հրապարակվել էին նաև գերեվարված պայմանագրային զինծառայողների ազգանունները՝ Ա. Ն. Աբգարյան, Ի. Ա. Սարգսյան, Վ. Վ. Սարգսյան, Բ. Ս. Օհանյան, Ա. Գ. Բուդոյան, Վ. Օ. Ռաֆայելյան։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել էր պաշտոնական Բաքվի պնդումները, թե գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում:

ՀՀ ինքնիշխան տարածքում գերեվարված 6 հայ զինծառայողից միայն 4-ը վերադարձվեց, իսկ 2-ը երկարաժամկետ ազատազրկման են դատապարտվել և դեռ Բաքվում ազատազրկման վայրում են: Հենց նրանք էլ տարածված տեսանյութում մանրամասներ էին պատմում իրենց գերեվարման հանգամանքների մասին, որ իրենք որպես զինծառայող՝ պարզապես հրաման են կատարել:

Հիշեցնենք, որ հայ զինծառայողների գերեվարման դեպքից մոտ երկու շաբաթ առաջ՝ 2021 թվականի մայիսի 12-ին, ադրբեջանական զինուժը մի քանի ուղղությունով ներխուժել էր ՀՀ ինքնիշխան տարածք, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի հատվածում:

Այս միջադեպի առիթով կալանավորված է գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը:

Ընդ որում, գեներալին մեղադրանք է առաջադրվել հրամանատարական անգործության համար: Կալանավորվել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին:

Ի դեպ, 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումներից հետո՝ նույն թվականի օգոստոսի 9-ին, Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, որից ազատվել էր 2022 թվականի փետրվարի 18-ին:

Ավելի ուշ 168.am-ը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

Ի դեպ, 2021 թվականի մայիսի 27-ին հենց 6 զինծառայողի գերեվարման օրը՝ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ արձանագրված է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիներին և նրանց տեղակայման կետերը, պատմում է, որ առավոտյան ժամը 7:00-ից շրջափակման մեջ են, ապա ինչ-որ առաջարկ է անում, որին Փաշինյանը գլխով բացասական պատասխան է տալիս:

Մինչ օրս պարզ չէ՝ արդյո՞ք քննության առարկա դարձել է այս տեսանյութը:

Արայիկ Հարությունյանի փաստաբանը մի քանի անգամ այս հարցին պատասխանել է, թե տեղեկություն չունի, և այդ հարցը պետք է նախաքննական մարմնին ուղղենք:

Թերևս, կգա ժամանակը, և նաև Նիկոլ Փաշինյանը կտա այսօր հանրության զգալի մասին հետաքրքրող հարցի պատասխանը՝ ինչո՞ւ միայն դեպքից 1.5 տարի հետո որոշեցին մեղադրանք առաջադրել գեներալ Արայիկ Հարությունյանին, կա՞ արդյոք կապ Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդների տեղակայման և զորքի հետքաշման Փաշինյանի առաջարկի, Ադրբեջանի պահանջի և գերեվարված զինվորներին տրված առաջադրանքի միջև:

Տեսանյութեր

Լրահոս