Նիկոլ Փաշինյանը միանգամայն մտածված ընդգծեց, որ կոնկրետ ականապատման աշխատանքներ են իրականացրել գերեվարված զինծառայողները». Վիտալի Մանգասարյան

Երեկ, կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀՀ տարածքում 6 զինծառայողների գերեվարվելու միջադեպին՝ հայտարարել էր, թե նրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ:

«Ի՞նչ նկատի ունենք՝ պետական սահմանի կահավորման աշխատանքներ: Իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ: Այսինքն՝ դրանք իրականացվել են ոչ թե դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել, զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ: Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով»,- ասել էր նա:

168.amի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը նշեց, որ նման հայտարարությունը, մեղմ ասած, տարօրինակ է. երկրի ղեկավարն այս լարված իրավիճակում ի լուր աշխարհի հայտարարում է, որ մեր ստորաբաժանումն իրականացրել է ականապատման աշխատանքներ, երբ կարող էր ընդամենն ասել՝ ինժեներական աշխատանքներ են իրականացրել:

«Ի՞նչ խնդիր է դրանով լուծում, քանի որ, ըստ էության, միանգամայն մտածված ընդգծեց, որ կոնկրետ ականապատման աշխատանքներ են իրականացրել, ինչը ադրբեջանական կողմի հետ բանակցային այս փխրուն իրավիճակում չի կարող դրական ազդեցություն ունենալ։ Գերեվարված զինծառայողների հետ կապված հաջորդ անտրամաբանական դրվագը սա է. արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ մեր պաշտպանական գերատեսչությունը և պատասխանատու այլ անձինք հայտարարում են, որ առաջ եկած հակառակորդի ստորաբաժանումների մատակարարման բոլոր ճանապարհները գտնվում են մեր հսկողության տակ, այսինքն՝ հակառակորդը գտնվում է շրջափակման մեջ, հիմա հարց է առաջանում՝ շրջափակման մեջ գտնվող հակառակորդին ինչպե՞ս է հաջողվել գերեվարել մեր 6 հոգանոց խմբին, որը, ըստ ԳՇ պաշտոնական ներկայացուցչի, ունեցել է նաև ապահովվման, աջակցման խումբ, որի ֆունկցիան, մարտական խնդիրը տվյալ դեպքում ականապատում իրականացնող տղաների անվտանգ ելման դիրքերի հետ վերադարձն է:

Երբ տարբեր փորձագետներ, քաղաքական և ռազմական գործիչներ ժամանակին հայտարարություններ էին անում, որ պետք է հնարավորինս արագ կահավորվեն դիրքերը, առավելևս՝ ռիսկային ուղղություներ հանդիսացող հատվածները, երկրի ղեկավարն ԱԺ ամբիոնից հայտարարում էր ինչ-որ անտեսանելի աշխատանքների մասին, իսկ ՊՆ նախարարը՝ ոգևորված ասում, որ իրենք լուծել են սահմանում զոհեր և վիրավորներ չունենալու խնդիրը, ինչը, ըստ նրա, ամենակարևորն է այս պահին։ Մինչդեռ պարզվեց, որ ռազմաքաղաքական ղեկավարության այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հերթական ականջահաճո և միտինգային տրաբանության մեջ հնչեցված հայտարարություններ»,- նշեց փորձագետը:

Երեկ Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը, ելնելով առկա պայթունավտանգ իրավիճակից, միջազգային հանրությանը, Ադրբեջանի կառավարությանն առաջարկել էր պայմանավորվածության գալ, որ շատ արագ երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից:

«Մենք առաջարկում ենք, որ այդ տարածքներից վերադառնան մշտական տեղակայման վայրեր, դրա փոխարեն՝ սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ` Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է»,- ասել էր Փաշինյանը:

Վիտալի Մանգասարյանն այս առնչությամբ ասաց, որ ըստ այս առաջարկի՝ ադրբեջանական կողմն ինչ-որ հեռավորությամբ հետ է քաշվում, միևնույն ժամանակ՝ հայկական կողմը նույնքան հեռավորությամբ է հետ քաշվում։

«Ստացվում է, որ ադրբեջանական կողմը հետ է քաշվում մեր իսկ սուվերեն տարածքից, և մենք էլ ենք հետ քաշվում մեր իսկ տարածքից կամ տարածքում։ Բնականաբար, այս առաջարկը պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի համար, և՛ տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների համար, մասնավորապես՝ Ռուսաստանի: Արձանագրենք, որ այս առաջարկից առաջ, երբ համացանցում հայտնվեց հայտնի փաստաթուղթը, որի շուրջ ինչ-որ բանակցություններ էին ընթանում, Փաշինյանը հայտարարեց, որ այդ փաստաթուղթը 100%-ով հայանպաստ փաստաթուղթ է, ինչից կարելի է ենթադրել, որ ըստ Փաշինյանի տրամաբանության՝ այս առաջարկն էլ է 100%-ով հայանպաստ առաջարկ։ Արձանագրենք նաև, որ այս «հայանպաստ» առաջարկի հրապարակումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարը հրաժարական տվեց, ինչը, բնականաբար, բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ինձ համար պարզ է մի բան, որ 100%-անոց հայանպաստ ոչ մի առաջարկի ադրբեջանական կողմը երբեք չի համաձայնի»:

Տեսանյութեր

Լրահոս