«Բ1427». բնակարան, որտեղ ընկերության քողի տակ խարդավանքներ են տեղի ունենում
Սեր, մարդկային հարաբերությունների բացահայտումներ, ընկերության քողի տակ իրականացվող սադրանքներ, խարդավանքներ, անհաջող ամուսնություններ, սպանություն, այս ամենը Կամերային թատրոնի երիտասարդ դերասան Ժորա Մարտիրոսյանը մեկտեղել էր իր բեմադրած «Բ1427» դեդեկտիվ ժանրի ներկայացման մեջ։ Առաջնախաղը տեղի ունեցավ մայիսի 3-ին Երևանի պետական Կամերային թատրոնում։
Սա Ժորայի առաջին ռեժիսորական աշխատանքն է, նման ներկայացում բեմադրելու գաղափարն էլ վաղուց էր ծագել։
«Պիեսը բազմաթիվ ադապտացիաներ է ունեցել, շատ բաներ են փոխվել, որոշ բաներ ավելացել են, որոշները՝ նվազել։ Այլ խոսքով՝ պիեսը զրոյից գրել ենք, այն նախապես տղաների համար էր, մենք փոխեցինք ու դարձրեցինք աղջիկների համար։ Իհարկե, դժվար էր, որովհետև նյութի ասելիքն ինքնին արդեն փոխվում էր։ Խնդիրներ, որոնք դրամատուրգիայի մեջ հարմարեցված էին տղաներին, ավելի պարզ էր, աղջիկների պարագայում բարդ էր, թեպետ հույս ունեմ, որ հաղթահարել ենք»,- 168.am-ի հետ զրույցում ներկայացումից առաջ ասաց Ժորա Մարտիրոսյանը:
Սա Մարտիրոսյանի առաջին ռեժիսորական աշխատանքն է, և ինչպես ինքն էր ասում՝ տարբեր կարծիքներ են եղել, նաև փորձառու մասնագետների այնպիսի կարծիքներ, որոնք միանգամից ընդունել է ու ներկայացման մեջ որոշ շտկումներ կատարել, որևէ քննադատությունից, դիտողությունից կամ առաջարկից չի նեղվել, քանի որ բնական է համարում։
Կատակով նաև հավելում է՝ եթե հանդիսատեսը ցանկանա, ընդունի, ապա ներկայացումը կհամալրի թատրոնի խաղացանկը, քանի որ այն հատուկ նպատակով է բեմադրվել։
«Միշտ պետք է աշխատել ու երբեք չհոգնել, որովհետև եթե հանկարծ դերասանը հոգնեց՝ ներկայացումը չի ստացվելու։ Կամ եթե ռեժիսորը հոգնեց ու ամեն անգամ ներկայացումից հետո դերասանին չասաց, թե ինչ խնդիրներ նկատեց՝ ապա աստիճանաբար ներկայացումը կգնա տապալման։ Այսինքն՝ ներկայացման թիմը ամեն ինչ պետք է անի սիրելով ու հաճույքով»,- շեշտեց Ժորա Մարտիրոսյանը։
Դերասա՞ն, թե՞ ռեժիսոր, Ժորա Մարտիրոսյանի պատասխանը միանշանակ է՝ դերասան, դերասանական կարիերան երբեք չի թողնի, իսկ եթե ցանկություն ունենա նոր գործեր բեմադրել, ապա կզբաղվի, քանի որ այդ աշխատանքն իրեն դուր է գալիս, սակայն առանց դերասանի կարիերան թողնելու։
Հարցին՝ հե՞շտ էր աշխատել իր դերասան ընկերների հետ՝ արդեն որպես ռեժիսոր, Ժորա Մարտիրոսյանը պատասխանեց՝ միանշանակ հեշտ էր և հեշտ էր այն պատճառով, որ նրանք պրոֆեսիոնալներ են։
«Թատրոնը հայելի է, հանդիսատեսը գալիս ու տեսնում է այն, ինչ իրականում կա, բնականաբար, չափազանցված, մեծացրած։ Ցանկացած գործ ռեժիսորը ներկայացնելուց իր ասելիքը միշտ դնում է, այսինքն՝ ընտրվել է այնպիսի գործ ու թեմա, որի մասին ես կուզեի այս պահին խոսել։ Ներկայացումը դեդեկտիվ է, ծանր, էմոցիոնալ»,- շեշտեց նա։
Զրույցի ավարտին շատ փակագծեր չբացելով՝ Ժորա Մարտիրոսյանն ասաց, որ հաջորդ ներկայացման թեման ավելի թեթև ժանրի կլինի։
Ներկայացման դերասաններից գլխավոր «մեղավորից»՝ Սոնա Մաթևոսյանից էլ հետաքրքրվեցինք՝ հե՞շտ էր ռեժիսոր Ժորայի հետ աշխատել, նա մեզ անկեղծ պատասխանեց, որ որևէ բան հեշտ չէ, և եթե մարդը ցանկանում է իր աշխատանքով լավ արդյունք ունենալ, ապա այդ ճանապարհին պիտի հաղթահարի բարդություններ, տարաձայնություններ, հետևաբար՝ իրենք ևս բացառություն չեն։
«Խնդիրը կոնկրետ Ժորայի մեջ չի եղել, որպես խումբ՝ պարզ է, որ աշխատանքի ընթացքում ունենում ենք տարաձայնություններ, դա բնական է, դրանք հարթելով ու առաջ գնալով՝ ունենում ենք լավ արդյունք։ Իսկ այդ ամենի վերջնարդյունքի մասին կդատի հանդիսատեսը։
Փորձերը տևել են մի քանի ամիս, զգացմունքային տարբեր աստիճաններ ենք ունեցել և եկել-հասել այս օրվան»,- նշեց Սոնան։
Երիտասարդ խմբի մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում, ի վերջո, ստեղծվեց ներկայացումը, որն առաջնախաղից հետո արժանացավ հանդիսատեսի բարձր ծափահարություններին։