Ո՞վ է դատարկում Սյունիքը
Մենք ապրում ենք անվտանգային ճգնաժամում, մարդիկ տագնապած են, մեծ անորոշություններ են, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց չի ասում, թե ինչպե՞ս և ո՞ւմ շնորհիվ հայտնվեցինք անվտանգային ճգնաժամի մեջ, ինչո՞ւ են մարդիկ տագնապած ու անորոշության մեջ։
Ոչ մեկը չի կարող պնդել, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, Հայաստանում անվտանգային ճգնաժամ կար։ Գուցե անվտանգության հետ կապված խնդիրներ կային, բայց դրանք ճգնաժամային չէին։
Ճգնաժամ առաջացավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը քանդեց անվտանգային համակարգերը, թուլացրեց ու բարոյազրկեց բանակը, երկիրը անպաշտպան թողեց թշնամու առաջ։ Թշնամին էլ անարգել մտնում ու տարածքներ է զավթում, նոր բնագծեր ստեղծում, նոր պահանջներ ներկայացնում, սպառնում բնակչությանը, մարդ սպանում։
Ոչ մեկը չգիտի, թե ինչ է սպասվում իրեն վաղը։
Սա է պատճառը, որ մարդիկ տագնապած են։ Անորոշության մեջ են։ Եվ այդ տագնապի ու անորոշության հեղինակը Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն է։ Մինչև նրա իշխանության գալը ոչ մեկի մտքի ծայրով չէր էլ անցնում, որ Հայաստանը կարող է հայտնվել անվտանգային նման ճգնաժամի առաջ։ Բայց հայտնվեց՝ Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի մեղքով։
Ու այդքանից հետո էլի նախկիններին են մեղադրում, Սյունիքը դատարկելուց են խոսում։
«Իսկ որևէ մեկը հաշվել է` Սյունիքում մինչև 2018-ը քանի հայկական գյուղ է ֆիզիկապես դատարկվել։ Տասնյակ գյուղեր են դատարկվել, և բոլորը գիտեն այդ մասին»,- Սյունիքը դատարկելու մեջ նախկիններին է մեղադրում Նիկոլ Փաշինյանը, ում իշխանության տարիներին Սյունիքը շատ ավելի է դատարկվել, քան նախկինում։
Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, բերենք պաշտոնական վիճակագրության տվյալները։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը կամ 2017թ. վերջին Սյունիքի տարածաշրջանի բնակչությունը կազմել է 138,9 հազար։ 2023թ. հունվարի սկզբի դրությամբ մնացել է 134,5 հազարը։
Հինգ տարում կրճատվել է 4,4 հազարով։
Սյունիքում բնակչության թվի նվազումն արագացել է հատկապես վերջին 2 տարիներին կամ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, Սյունիքը առավել ևս, քան Հայաստանի այլ բնակավայրերը, հայտնվեց անվտանգային ճգնաժամի մեջ։
2020թ. վերջին Սյունիքի բնակչությունը շուրջ 137,3 հազար էր։ Արդեն այս տարվա սկզբին դարձել է 134,5 հազար։ Երկու տարում նվազել է 2,8 հազարով։
Հիմա տեսնենք, թե ինչպիսի՞ն է եղել Սյունիքի բնակչության թվաքանակի փոփոխությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նախորդած հինգ տարիներին։
Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն, 2013թ. սկզբին Սյունիքի բնակչությունը կազմել է 141,7 հազար, 2018թ. սկզբին՝ 138,9 հազար։
Նիկոլ Փաշինյանի իշխանության 5 տարիներին Սյունիքի բնակչությունը կրճատվել է 4,4 հազարով, դրան նախորդող 5 տարիներին՝ 2,8 հազարով։
Եթե, ըստ Նիկոլ Փաշինյանի, 4,4 հազարն ավելի քիչ է, քան 2,8 հազարը, այլ հարց է։
Անշուշտ, վատ է, որ երբևէ նման բան է եղել, կապ չունի՝ նախկինո՞ւմ, թե՞ հիմա։ Բայց այս թվերը ցույց են տալիս, թե Սյունիքն ում օրոք է ավելի շատ դատարկվել։
Ասում են՝ վերջին տարիներին Սյունիքում աննախադեպ ներդրումներ են արել, պետական ներդրումներ։
«Սյունիքում 2018-ից մինչ օրս կառավարությունը 100 միլիարդ դրամ է ներդրել։ Ոչ մի մարզում մենք ավելի մեծ ներդրումներ չենք արել, ինչքան արել ենք Սյունիքի մարզում»,- այնպես է հպարտանում Նիկոլ Փաշինյանը, կարծես նախկինում Սյունիքում ներդրումներ չէին արվում, ճանապարհներ, մանկապարտեզներ ու դպրոցներ չէին կառուցվում ու վերակառուցվում։
Գուցե վերջին տարիներին պետական ներդրումներն ավելացել են, ինչը բնական է։ Երբ տնտեսությունն աճում է, իսկ պետական եկամուտներն ավելանում են, ավելանում են նաև պետական ներդրումները։
Միշտ էլ այդպես է եղել։ Բնական է, որ հինգ տարի, տասը տարի, տասնհինգ տարի առաջ պետական ներդրումներն ավելի քիչ պիտի լինեին։ Դրանք ժամանակի ընթացքում են ավելանում՝ պետության հնարավորություններին զուգահեռ։
Խնդիրն այս պարագայում ամենևին էլ նրանում չէ, թե ինչքան ներդրումներ է արել պետությունը Սյունիքում, քանի դպրոց կամ մանկապարտեզ է կառուցել, ճանապարհ աֆալտապատել։ Խնդիրը շատ ավելի խորքային է, և ճանապարհ կամ դպրոց կառուցելով չէ, որ այն լուծվում է։
Այլապես, եթե նույնիսկ համարենք, որ աննախադեպ ներդրումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ասածները ճիշտ են, դրանք պիտի նպաստեին տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Բայց ժողովրդագրական իրավիճակը վատացել է։ Վատացել է, որովհետև մարդիկ բախվել են անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրների հետ, որոնք շատ ավելի կարևոր են, քան կառուցվող ճանապարհն ու մանկապարտեզը։
Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի իր ձևերով հիմնավորումներ գտնել, միևնույն է, ճանապարհ կամ դպրոց ու մանկապարտեզ կառուցելով չէ, որ լուծվում է այդ խնդիրը։ Եթե չկա անվտանգություն, երկրի սահմանները պաշտպանված չեն, թշնամին երբ կուզենա՝ առաջ կգա, մուտք ու ելք կանի, ո՞ւմ են պետք այդ ճանապարհները, դպրոցներն ու մանկապարտեզները։
Որքան էլ համարենք, որ ճանապարհն ու մանկապարտեզը կարևոր են, նախ անվտանգության խնդիրը պետք է լուծել, սահմաններն ամրացնել, նոր մտածել ճանապարհ ու մանկապարտեզ կառուցելու մասին։
Ճանապարհի ու մանկապարտեզի կառուցումը կարող է սպասել, իսկ անվտանգությունը չի կարող։
Տեղ գյուղի օրինակը մեկ անգամ ևս ցույց տվեց, թե Սյունիքի բնակավայրերի ու բնակչության համար ինչպիսի անվտանգային միջավայր են ստեղծել իշխանությունները։ Թեև դա միայն Սյունիքին չի վերաբերում։ Ամենուրեք է այդպես։
Երկիրն իսկապես անվտանգային ճգնաժամի մեջ է, իսկ իրենք հպարտանում են, որ ճանապարհ ու մանկապարտեզ են կառուցում կամ վերակառուցում։ Մարդիկ գնում են ոչ թե նրա համար, որ ճանապարհ ու մանկապարտեզ չկա, այլ, որովհետև իրենց անվտանգ չեն զգում։ Քանի դեռ այդ խնդիրը կա, ու թշնամին երբ ուզի՝ կմտնի, դուրս կգա կամ չի գա, 100 միլիա՞րդ, թե՞ 200 միլիարդ կծախսեն, ոչ մի նշանակություն չունի։ Առավել ևս, երբ պետական բյուջեից հանրային այդ միջոցները Փաշինյանի կառավարությունը օգտագործել է հատկապես ընտրական գործընթացների ընթացքում ձայներ կորզելու նպատակով: Բայց դա արդեն ուրիշ թեմա է:
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ