Եթե ՀՀ-ն գնաց, մտավ այդ ծուղակը, ըստ էության, լրջագույն խնդիրներ կունենա. Ատոմ Մարգարյան

Օրերս ԱՄՆ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Վալի Ադեյեմոն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել էր հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կանխելու՝ Վաշինգտոնի ձեռնարկումներին:

«Ադեյեմոն ուշադրություն է հրավիրել Միացյալ Նահանգների գլոբալ ջանքերի վրա, որոնք ուղղած են կանխելու Ռուսաստանի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների և Ռուսաստանի նկատմամբ սահմանված արտահանման վերահսկողության շրջանցումը»,- ասվում էր ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։

Հենց այս համատեքստում, թերևս, պետք է դիտարկել նաև ԱՄՆ առևտրային դեպարտամենտի պատվիրակության այցը Երևան, որից հետո, ի դեպ, հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը արտահանման սահմանափակումներ է մտցրել 10 երկրների 28 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց մեջ կա նաև հայաստանյան ընկերություն։

Մասնագիտական տարբեր շրջանակներ ահազանգում են՝ Վաշինգտոնը ստիպում է Երևանին միանալ հակառուսական պատժամիջոցներին, ինչը կունենա լրջագույն հետևանքներ մեր պետության համար:

Կարդացեք նաև

Արդյոք Հայաստանի կառավարությունը չի՞ կարող մանևրել՝ 168.am-ը հետաքրքրվեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանից:

Ի պատասխան՝ տնտեսագետը պարզաբանեց. «Հայաստանի կառավարությունը միշտ էլ մանևրելու տեղ ունի, բայց դրա համար պետք է ունենալ կարողություն և քաղաքական կամք: Նախ հարկավոր է բացատրել գործընկերներին, թե ինչ վիճակում է ՀՀ-ն՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, և պետք չէ նման ճնշումների տրվել»:

Անդրադառնալով կոնկրետ կազմակերպություններին առնչվող սանկցիաներին՝ տնտեսագետը նկատեց, որ այն կազմակերպությունները, որոնք վերարտահանումներով կապակցված են ռուսական ընկերությունների հետ, պետք է ձեռնպահ մնան նման ճանապահներով շահույթների հետևից վազելուց:

Հայաստանի դիրքավորման մասին իր դիտարկումներում Ատոմ Մարգարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ՀՀ-ն եղել և մնում է Եվրասիական Տնտեսական Միության ֆորմատի անդամ երկիր:

«Հիշեցնեմ՝ Հայաստանը  ԵԱՏՄ ֆորմատի անդամ լինելու 29 պայմանագրեր ու համաձայնագրեր է ստորագրել, և իր առևտրատնտեսական հարաբերությունների մի զգալի մասը կառուցում է հենց այդ կառույցի անդամ-երկրների ու 95 տոկոսով՝ հենց ՌԴ-ի հետ:

Ամերիկյան ադմինիստրացիան, իհարկե, բոլորի վրա է ճնշում գործադրում, և ոչ միայն՝ Հայաստանի, բայց եթե ՀՀ-ն գնաց, այդ ծուղակը մտավ, ըստ էության, լրջագույն խնդիրներ կունենա:

Այնպես որ, սանկցիաները՝ սանկցիաներ, բայց ՀՀ իշխանությունները պետք է ճկուն լինեն այս հարցում և դիմակայեն այդ ճնշումներին, և ոչ թե՝ ինչ հրահանգում են Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Մոսկվայից, պիոների պատրաստակամությամբ կատարեն»,- ամփոփեց նա:

Տեսանյութեր

Լրահոս