Չկա իրավական որևէ սողանցք, որով ՔԿ-ն կարող է խուսափել հանցագործության բացահայտումից. հող են նախապատրաստում գործի վարույթն ապօրինի դադարեցնելու համար. Հովհաննես Խուդոյան

Ապրիլի 13-ին 2022թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից կատարված բռնության զոհը դարձած ծնողները մեկօրյա ակցիա իրականացրեցին Քննչական կոմիտեի շենքի մոտ:

Նրանք փակել էին ՔԿ-ի մուտքերն ու ելքերը, պահանջում էին իրենց գործի արդար քննություն: Հիշեցնենք՝ մինչ այս պահը որևէ ոստիկանի մեղադրանք առաջադրված չէ, և սա այն դեպքում, երբ նրանց նույնականացնելը 1-2 ժամվա գործ էր, քանի որ կան տեսանյութեր, ողջ միջադեպը հեռարձակվել է նաև ուղիղ եթերում:

Ի վերջո, մի քանի շարք կարմիրբերետավորների բացած ճանապարհով, «ամոթ» վանկարկումների ներքո ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը կարողացավ հեռանալ ՔԿ շենքից:

Ծնողները, ի դեպ, ընդամենը հանդիպում էին պահանջում կամ ՔԿ նախագահի, կամ բարձրաստիճան որևէ այլ պաշտոնյայի հետ, ով կպատասխաներ իրենց հարցերին:

Կարդացեք նաև

Հաջորդ օրը ՔԿ-ն հանդես եկավ պարզաբանմամբ, որն ավելի շատ հարցեր առաջացրեց:

«Իրենց գործողություններով հանդիպման առանձին մասնակիցներ ակնհայտ են դարձրել շարունակաբար կրքեր բորբոքելու և իրավիճակը լարելու մղումները։ Նման իրողություններից խուսափելու նպատակով ակցիայի մասնակիցներին առաջարկվել է իրենց հարցադրումները ձևակերպել գրությամբ, որին ընթացք կտրվի ՀՀ ՔԿ գործավարական ընթացակարգերով և հնարավորինս սեղմ ժամկետներում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն։ Այս առաջարկը, սակայն, ակցիայի մասնակիցների կողմից մերժվել է։ Վերոնշյալ հանգամանքները փաստում են ակցիայի մասնակիցների՝ վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցության ցանկության բացակայությունը։
Վերջինս հիմնավորվում է նաև նրանով, որ տուժող ճանաչված անձինք հերթական հանդիպումից հետո հրապարակավ հայտարարեցին հետայսու առերեսում քննչական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու մասին՝ գիտակցելով հանդերձ, որ դրանք էական նշանակություն կարող են ունենալ միջադեպին մասնակից անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար»,- նշված էր ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ ՔԿ-ի՝ ակցիա իրականացնող անձինք նախընտրել են, առանց անգամ վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների բավարարությունը հաշվի առնելու և դրանցից բավարար չափով տեղյակ լինելու, նախաքննական մարմնին իրենց ցանկալի դատավարական որոշումները պարտադրելու, այդ դիրքերից ՀՀ քննչական կոմիտեին պահանջներ ներկայացնելու անընդունելի գործելաոճը։

Այսինքն՝ ՔԿ-ում կարծում են, որ 40-ից ավելի ծնողները հատ-հատ պետք է առերեսվեն 100-ից ավելի ոստիկանների հետ, որն անհասկանալի է՝ ինչ ժամկետներ կարող է ներառել իր մեջ, և ապա նոր որոշեն՝ մեղադրանք առաջադրե՞լ որևէ մեկին, թե՞ ոչ:

Դեպքից 7 ամիս անց որևէ ոստիկանի, որևէ կարմիրբերետավորի մեղադրանք առաջադրված չէ, և ՔԿ այս հաղորդագրությունը եթե ոչ «չեք ներկայանում, ուրեմն չենք կարող գործը քննել ու ավարտին հասցնել» հիմքով վարույթը կարճելու, ապա այն անժամկետ ձգձգելու մասին է, մինչև «պայծառ ապագա»:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, ի դեպ, ՔԿ-ի երեկվա հաղորդագրությունից հետո հրապարակել էր տեսանյութ, որում ֆիքսված էին բռնություն կատարած ոստիկանները, ու գրել՝ «Քննչական կոմիտե, եթե էս սրբապիղծներին չեք կարողանում պատշաճ մեղադրանք առաջադրել, փակեք էդ հիմնարկը»:

Վերջինիս հարցրեցինք՝ հնարավո՞ր է՝ Քննչական կոմիտեն հող է նախապատրաստում վարույթը կարճելու համար:

«Հանցագործության դեպքն ակնհայտ է։ Հանցագործների անձը՝ նույնականացված։ Կոմիտեն արդեն պետք է գործը դատարան ուղարկած լիներ, բայց նույնիսկ մեղադրանք չկա, այն դեպքում, երբ այլ դեպքերում մեկ-երկու օրում անձանց նկատմամբ հետապնդում են սկսում, կալանավորում։ Չկա իրավական որևէ սողանցք, որով կոմիտեն կարող է խուսափել հանցագործության բացահայտումից։ Բայց վերջին հայտարարությունից մատնում են իրենց նպատակը՝ աստիճանաբար ձերբազատվել գործից։ Ասում են՝ ծնողները մեր հետ չեն համագործակցում, առերեսման չեն մասնակցում, որպեսզի հետագայում այդ պատրվակով գործը կարճեն։ Բայց ով հետևել է գործի ընթացքին, վստահ գիտի, որ ամիսներ շարունակ ծնողներն ակտիվ մասնակցել են վարույթին, առերեսումներ են եղել։ Հետևաբար՝ ասվածը որևէ հիմք չունի, ընդամենը հող են նախապատրաստում գործի վարույթն ապօրինի դադարեցնելու համար»,- ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Տեսանյութեր

Լրահոս