Կիրանցեցիների իրավունքները կոպտորեն խախտվել են. բոլոր ապօրինի գործողությունները խնդիրներ են դառնում. Հովհաննես Խուդոյան

Ապրիլի 19-ից Տավուշի մարզում ՀՀ իշխանությունների կողմից իրականացված սահմանագծման արդյունքում Կիրանցի մի քանի բնակիչների տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Տները կորցրած բնակիչներն իրենց ձեռքին ունեն պետության կողմից տրված սեփականության վկայականներ, նրանք այդ մասին մի քանի անգամ բարձրաձայնել են, սակայն պատկան մարմինները  չեն արձագանքել։

Թեև օրերս մամուլի ասուլիսի ժամանակ Կադաստրի կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Ալեքսանյանը խոսելով Կիրանցում սեփականության վկայականների մասին, ասաց, որ օրենքով այդ վկայականները համարվում են ճիշտ և ունեն ապացուցողական ուժ, քանի դեռ դատարանով անվավեր չեն ճանաչվել այդ գրանցումները։

Այսինքն՝ ստացվում է, որ դատարանը դեռևս չի ապացուցել, որ այդ սեփականության վկայականներն անվավեր են, բայց Կիրանցում բնակիչները պետության տրամադրած  սեփականության վկայականները ձեռքներին՝ արդեն կորցրել են իրենց տները։

168.am հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանն անդրադառնալով այս խնդրին, ասաց՝ այս ամենը միանշանակ հակաօրինական քայլ է, և խնդիրը գալիս է այլ տեղից։

Կարդացեք նաև

«Երբ իշխանությունն ուզում է ապօրինաբար տարածքներ հանձնել Ադրբեջանին, դրանից բխող բոլոր գործողությունները խնդիրներ են դառնում, քանի որ, երբ հայտարարում են, թե պետությունը կադաստրի վկայական չպետք է տար, այդպես չէ։ Իրականում պետք է տար։ Դա եղել է հայկական տարածք, Հայաստանի վերահսկողության ներքո, իսկ կադաստրն էլ տվել է այդ սեփականության վկայականները։ Ստացվում է, որ իշխանությունը փորձում է իր քայլերի հետևանքով առաջացրած խնդիրները փաթաթել մանր ու միջին օղակի պետական ծառայողների վրա»,- նշեց Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանի պնդմամբ՝ սեփականության իրավունքից հնարավոր չէ զրկել՝ առանց դատարանի որոշման, իսկ  կոնկրետ դեպքերում՝ առանց հանրային գերակա շահ ճանաչելու ընթացակարգի։

«Օրինակ, եթե պատկերացնենք, որ ինչ-որ խաղաղության պայմանագրի շրջանակում պետք է փոխադարձ զիջումներով գործընթաց տեղի ունենա, որը ենթադրում է  նաև Հայաստանի տարածքների հանձնում, ինչ-որ բան ստանալու դիմաց, ապա այդ ամենը, բնականաբար, պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով։ Դրանից հետո այն անձանց սեփականությունը, որոնց տարածքները պետք է հանրային գերակա շահ ճանաչվեն, պետք է ունենա համապատասխան հատուցում, որը նախատեսում է շուկայական արժեք՝ գումարած 10-15 տոկոս։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի այդ մարդկանց զրկել իրենց սեփականության իրավունքից դատական կարգով»,- հավելեց փաստաբանը։

Տվյալ դեպքում ի՞նչ կարող են անել Կիրանցում իրենց տները կորցրած բնակիչները. նրանք կարող են դիմել ՄԻԵԴ, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, որ բոլոր երկրներն ունեն նման գործընթացներ, որտեղ սեփական քաղաքացիները կամ տվյալ երկրի տարածքում գտնվող մարդիկ հայց են ներկայացնում Եվրոպական դատարան։

«Ընդունելի չէ մոտեցումը, երբ ասում են՝ դու քո պետությանը դատի ես տալիս։ Եթե պետությունը չի կարողացել քո իրավունքներն ապահովել, ապա, բնականաբար, այդ գործիքից քաղաքացին պետք է օգտվի։ Մարդիկ միանշանակ իրենց իրավունքների համար պետք է պայքարեն, գուցե լինեն մարդիկ, որոնք համաձայնեն օրենքի սահմաններից դուրս ինչ-որ փոխհատուցում ստանալու առաջարկին, նաև լինեն մարդիկ, որոնք օրենքով սահմանված կարգով հարցը վիճարկեն։ Տվյալ պարագայում օրենքը միանշանակ քաղաքացիների կողմից է, այդ անձանց իրավունքները կոպտորեն  խախտվել են, ընդ որում, միայն այդ մարդկանց մասին չէ խոսքը, քանի որ մարդկանց սեփական պետության տարածքից, առանց իրենց կամքը հարցնելու, զիջում են թշնամուն»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը։

Տեսանյութեր

Լրահոս