ԱՆԻՖ-ը ձեռք է բերել ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը և իրականացրել մի շարք հաջող գործարքներ. Դոմինիկ Դը Վիլպեն
ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անկախ անդամ, Ֆրանսիայի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենի համոզմամբ դեռ վաղ է հիմնադրամի գործունեությանը խորքային գնահատական տալու համար։ Այնուամենայնիվ, ըստ նրա՝ այս 4 տարուց պակաս ժամանակահատվածում ԱՆԻՖ-ը ձեռք է բերել մի քանի խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը և իսկապես իրականացրել է մի շարք հաջող գործարքներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անկախ անդամ Դոմինիկ Դը Վիլպենը՝ ընդգծելով, որ դա, անկասկած, նշանակում է, որ իրենք ճիշտ ուղու վրա են։
Պարոն Դը Վիլպեն, ասացեք խնդրեմ, ո՞րն է Ձեր և Հայաստանի կապը և այս համատեքստում ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ, ինչպե՞ս դարձաք ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ։
Հայաստանն ու Ֆրանսիան միշտ էլ առանձնահատուկ պատմամշակութային կապեր են ունեցել։ Ֆրանսիան հազարավոր հայերի տունն է, հատկապես 1915-ի Ցեղասպանությունից հետո: Շատ հայեր Ֆրանսիայում հաջողակ են դարձել, իսկ ոմանք, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Անրի Վեռնոյը կամ Միշել Լեգրանը, դարձել են ֆրանսիական ժամանակակից մշակույթի խորհրդանիշները: Այսպիսով, Հայաստանի հետ Ֆրանսիայի սերտ կապերը Հայաստանի անկախությունից հետո առավել քան բնական էին: Որպես Ֆրանսիայի վարչապետ, նաև արտգործնախարար, ես մշտապես ձգտել եմ ֆրանս-հայկական կապերը զարգացնել: Շարունակել եմ լավ հարաբերություններ պահպանել իմ հայ ընկերների հետ նաև պաշտոնը թողնելուց հետո: Ես հրավեր ստացա միանալու ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդին 2019 թվականին և ուրախությամբ ընդունեցի առաջարկը: Հայաստանի ինքնիշխան ֆոնդի ստեղծումը, կարծում եմ, ժամանակի հրամայականն էր:
-Պարոն Դը Վիլպեն Ձեր կարծիքով Հայաստանը ի՞նչ ներդրումային հնարավորություններ ունի: Այսինքն ինչպիսի՞ գրավչություն և առաջարկ ունի ներդրումների տեսակետից:
Կարծում եմ` զարգացող և հատկապես փոքր հետխորհրդային երկրների համար, ինչպիսին է Հայաստանը, ամենամեծ մարտահրավերն այն է, որ այն քիչ հայտնի ուղղություն է պոտենցիալ ներդրողների համար, և շատերը կարող են այնտեղ ներդրումներ կատարելը համարել ռիսկային կամ պարզապես չկարողանալ չափել հարակից ռիսկերը: Հայաստանն ունի բազմաթիվ մրցակցային առավելություններ, որոնցից ամենակարևորը նրա ստեղծագործ և աշխատասեր ժողովուրդն է, նրա ժողովրդավարական դիրքը, որպես երկիր՝ համաշխարհային շուկայում ինտեգրվելու պատրաստակամությունը: Այս առավելությունը պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու կարողությունից է կախված մշտապես ներդրողներին ներգրավելու հաջողությունը:
-Այս համատեքստում ո՞րն է ԱՆԻՖ-ի դերն ու նշանակությունը Հայաստանում:
Ինքնիշխան ներդրումային ֆոնդերը կարևոր դեր են խաղում երկրի ներդրումային և տնտեսական ուղին կանխանշելու և առաջնորդելու գործում, և ԱՆԻՖ-ը կարող է վճռորոշ լինել նշաձողեր սահմանելու և երկրի տնտեսական առաջընթացի կայուն ուղիներ ընտրելու հարցում: ԱՆԻՖ-ի ընտրած մոդելը փորձարկված, կիրառելի մոդել է։ Կարծում եմ, որ Հայաստանը ներդրողների համար ինստիտուցիոնալ ուղղորդման կարիք ունի, որը տրամադրում է ԱՆԻՖ-ը: Դա այն կարևոր դերերից մեկն է, որն ունեն ԱՆԻՖ-ի նման հաստատությունները:
– ԱՆԻՖ-ը ակտիվ է 2019 թվականի գարնանից և հասցրել է իրականացնել տարբեր հաջողված ծրագրեր: Ինչպե՞ս կգնահատեք ԱՆԻՖ-ի գործունեությունը, ինչպե՞ս եք գնահատում գործադիր թիմի աշխատանքը։
Դեռ վաղ է խորքային գնահատական տալու համար։ Այնուամենայնիվ, այս 4 տարուց պակաս ժամանակահատվածում, կարծում եմ, ԱՆԻՖ-ը ձեռք է բերել մի քանի խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը և իսկապես իրականացրել է մի շարք հաջող գործարքներ: Դա, անկասկած, նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ինչպես ասացի, մարդիկ Հայաստանի հիմնական ներուժն են, և ես կարծում եմ, որ ԱՆԻՖ-ի թիմը այդ մրցակցային առավելության էությունն է։ Ներդրողների վստահությունը պահպանելու համար չափազանց կարևոր է ճիշտ ռազմավարությամբ և կառավարման ներուժով ճիշտ մարդկանց, ճիշտ տեղում ունենալը: Կարծում եմ, որ ինչպես ԱՆԻՖ-ի, այնպես էլ Հայաստանի համար դեռ զգալի անելիք կա, և ես հուսով եմ, որ և՛ ԱՆԻՖ-ը, և՛ Հայաստանը կկարողանան հաղթահարել մարտահրավերները և լավագույնս օգտագործել հնարավորությունները:
– Տնտեսության ո՞ր ոլորտներում եք տեսնում ԱՆԻՖ-ի ակտիվ ներկայության անհրաժեշտությունը:
Կարծում եմ, որ Հայաստանը, ինչպես ցանկացած զարգացող երկրի տնտեսություն, պետք է բաց լինի բոլոր տեսակի գործընկերությունների համար՝ ներդրումներ ներգրավելու իր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, իհարկե պահպանելով ԲՍԿ (բնապահպանական, սոցիալական, կառավարչական խմբ.) բարձր չափանիշները։ Ինչպես արդեն նշեցի, շատ ներդրողներ նախընտրում են ունենալ ինստիտուցիոնալ աջակցություն, երբ ներդրումներ են անում քիչ հայտնի ներդրումային ուղղությունում, ինչպիսին Հայաստանն է, և շատերը ակնկալում են տեսնել, որ պետությունը կիսում է պատասխանատվությունը ծրագրի համար։ ԱՆԻՖ-ն այս առումով կարևոր դեր ունի: Կարծում եմ նաև, որ այս կարճ ժամանակահատվածում ԱՆԻՖ-ի կուտակած ինստիտուցիոնալ գիտելիքներն ու փորձը օգտակար կլինեն Հայաստանին` տարբեր ոլորտներում ներդրումներին առնչվող ամենատարբեր հարցի հետ կապված:
Դոմինիկ Դը Վիլպենը ֆրանսիացի քաղաքական գործիչ և դիվանագետ է` երկար տարիների աշխատանքային փորձով։ Նա ավարտել է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը և Կառավարման ազգային դպրոցը։ Դը Վիլպենն աշխատել է Քուայ դ’Օրսեի Աֆրիկայի և Մալագասիայի գործերի գրասենյակում` զբաղեցնելով ղեկավար պաշտոն: Բացի այդ, նա աշխատել է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը, եղել Նյու Դելիում Ֆրանսիայի դեսպանատան խորհրդատուն, հետո նշանակվել Պետքարտուղար Ալեն Ժյուպենի աշխատակազմի ղեկավար: Այնուհետև նախագահ Ժակ Շիրակը Դոմինիկ Դը Վիլպենին նշանակել է նախագահի աշխատակազմի ղեկավար, հետո` արտաքին գործերի նախարար։
2005-2007թթ. Դոմինիկ Դը Վիլպենը եղել է Ֆրանսիայի վարչապետը:
Դոմինիկ Դը Վիլպենը Ֆրանսիայի անունից ղեկավարել է իրաքյան ճգնաժամի կարգավորման գործընթացը և ՄԱԿ-ում պաշտպանել Ֆրանսիայի դիրքորոշումը` Իրաքում ռազմական կարգավորման վերաբերյալ։
Դոմինիկ Դը Վիլպենը հեղինակել է Նապոլեոն I-ի , դիվանագիտության, Եվրոպայի և միջազգային հարաբերությունների մասին մի շարք պատմական էսսեներ, ինչպես նաև գրություններ ունի հայտնի պոետների և նկարիչների մասին: