Բանակցությունները հակամարտող հարթակներում ունեն որոշ վտանգներ, երբ իրավիճակից կարող են օգտվել թե դրսի, թե ռեգիոնալ խաղացողները. Եվրոպացի վերլուծաբան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի բացառում, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ընթացքում Բլինքենն ասել է․ «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»:
«Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք [համաձայնագրի] տեքստի վրա»,- ասել է Բլինքենը։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի սահմանազատմանը և այլն»։
«Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել, թե արդյո՞ք մենք կարող ենք օգնել նրանց՝ հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությանը»,- ասել է Բլինքենը:
Միաժամանակ նա նշել է «Լաչինի միջանցքում իրական խնդիրները»։
«Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը, մենք աշխատում ենք դրա վրա»,- ասել է պետքարտուղարը։
«Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես կհամապատասխանի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին»,- հավելել է Բլինքենը։
Եվրոպացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում ասաց, որ ամերիկյան կողմի լավատեսությունը դրական է, սակայն պետք է նաև նշել, որ ամերիկյան կողմը, որպես առանձին միջնորդ, այս հակամարտությունում նոր է և նոր է սկսում առնչվել այս մարտահրավերին:
Մյուս կողմից, նրա գնահատմամբ, ԱՄՆ-ը ամենաազդեցիկ միջնորդն է, սակայն հակամարտությունը բարդ պատմություն ունի՝ ազդված Ռուսաստանից:
«Նմանատիպ հակամարտություններին բնորոշ է նաև պայմանավորվածությունների ոտնահարումը, որը ավելի սուր բնույթ է ստանում համաշխարհային անկայունության և աշխարհակարգի, զսպող մեխանիզմների բացակայության պայմաններում: Ուստի բարդ է ասել, թե արդյո՞ք մոտ է այս հնարավորությունը, թե՞ ոչ: Իհարկե, դրականն այն է, որ որոշակի գործընթաց Արևմուտքում կա, դրական սպասում՝ ևս, բայց այս հակամարտությունն ամենաբարդերից է, որտեղ սրվել է Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը:
Կողմերը մեկ բան պայմանավորվում են ԱՄՆ-ում կամ Բրյուսելում, մեկ այլ բան կարող են խոսել Մոսկվայում: Մեկ հարթակում բանակցություններն ունեն այլ արդյունավետություն, իսկ բանակցությունները հակամարտող հարթակներում՝ այլ, ու դա ունի որոշ վտանգներ, երբ իրավիճակից կարող են օգտվել թե դրսի, թե ներսի՝ ռեգիոնալ խաղացողները: Մյունխենից հետո կար պայմանավորվածություն՝ հանդիպել Բրյուսելում, սակայն, ինչպես տեսնում ենք, դա ձգձգվում է, դրա փոխարեն՝ գուցե լինի մեկ այլ հանդիպում Մոսկվայում: Այսինքն՝ գործընթացը չունի կայուն ընթացք, հատկապես որ, կան նաև միջադեպեր»,- ասաց վերլուծաբանը: