Տասնյակ-հազարավոր տնտեսվարողներ՝ փաստի առաջ. նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ստել է

2020թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները:

«Այս հարցով Բարձր դատարանից հետ էի վերցրել որոշ ժամանակ առաջ հասցեագրած դիմումս, քանի որ Կառավարության հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ բարեփոխումներով արագ լուծում կտրվի այս հարցին: Սակայն հաշվի առնելով, որ դրանից հետո Կառավարությունը չընդունեց, որ առկա է սահմանադրականության խնդիր ու այդպիսով փոփոխություններ չեն իրականացվել՝ նորից եմ դիմել Սահմանադրական դատարան՝ հաշվի առնելով, որ խնդիրը շարունակում է մնալ արդիական»,- գրել էր Արման Թաթոյանը:

Խոսքը, ըստ նրա, մասնավորապես, վերաբերում էր Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300.000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով՝ 1․000․000 դրամի չափով: «Ստացվում է, որ օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել։

Մասնավորապես, տուգանքները նշանակվում են առանց անհատականացման. դրանք չեն նշանակվում հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը: Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։

Կարդացեք նաև

Խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց և/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող և մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման»,- նշել էր Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ այս դիմումը ՍԴ-ի տիրույթում է 2019թ. մայիսի սկզբից:

ՍԴ-ն մերժել էր դիմումը և ըստ էության որոշում չէր կայացրել այն պատճառով, որ ՍԴ դատավորների ձայները բաշխվել էին հավասար, ինչն արգելք չէր նորից ՍԴ նույն խնդրով դիմելու համար։ Եվ Արման Թաթոյանը 2021թ. հոկտեմբերի 12-ին կրկին նույն հարցով դիմեց ՍԴ:

Արման Թաթոյանն իր պաշտոնավարման ավարտից քիչ առաջ՝ 2022թ. հունվարի 18-ին, նաև արտահերթ զեկույց հրապարակեց այն մասին, որ Հարկային օրենսգիրքը նախատեսել է տուգանքների ֆիքսված, այն էլ բարձր չափեր հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար։

2021թ. հոկտեմբերի 26-ի աշխատակարգային նիստում ՍԴ-ն որոշեց այս գործի դատաքննությունը սկսել 2022թ. մարտի 15-ին՝ ժամը 11:00:

2022թ. մարտի 15-ին, սակայն, դատաքննությունը չկայացավ. ՍԴ-ն աշխատակարգային նիստ գումարեց և որոշեց հետաձգել գործի քննությունը և այն նշանակել 2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին:

Եվ մինչ տասնյակ-հազարավոր տնտեսվարողներ սպասում էին ՍԴ որոշմանը, այս գործով դատաքննությունը չկայացավ նաև 2022թ. հունիսի 7-ին, որովհետև, պարզվում է, մինչ այդ՝ 2022թ. մայիսի 20-ին, գործող ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ՍԴ-ից հետ էր վերցրել Արման Թաթոյանի դիմումը:

Այս մասին, բնականաբար, չի հայտարարվել, և հավանաբար դեռ երկար ժամանակ չէր էլ իմացվի, եթե 168.am-ը պատահաբար չընթերցեր Սահմանադրական դատարանի 2022թ. ընթացքում ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ հաղորդումը:

Հենց այդ հաղորդման մեջ՝ «ՄԻՊ դիմումների հիման վրա ընդունված ՍԴ որոշումներն ու դրանց կատարումը»,  զարմանքով հայտնաբերեցինք, որ պարզվում է՝ Քրիստիննե Գրիգորյանը հետ է վերցրել Արման Թաթոյանի վերոնշյալ դիմումը:

Մի կողմ թողնենք Քրիստիննե Գրիգորյանի մոտիվացիաները, տասնյակ-հազարավոր տնտեսվարողների փաստի առաջ կանգնեցնելը: Անակնկալ կերպով իր պաշտոնից հրաժարական տված ու նույն օրն իսկ երկիրը լքած նախկին Պաշտպանը նաև տարրական բարոյականության հետ խնդիրներ ունի:

2022թ. հունվարի 21-ին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի  թեկնածության հարցը, Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ ընտրվելու դեպքում հետ չի վերցնելու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝  Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումները:

«Դա ունի հաստատության հեղինակությունը  հաջորդ պաշտպանի կողմից չստվերելու տրամաբանական  բացատրություն: Կարծում եմ՝ անկախ տարբեր հարցերի վերաբերյալ մեր հնարավոր տարբեր մոտեցումների, հաստատության  ինստիտուցիոնալ զարգացումը շատ ավելի կարևոր նպատակ է»,- ասաց ՄԻՊ թեկնածուն:

Թե ինչը կամ ով ստիպեց նրան սուտ խոստումներ տալ, հետո հրաժարվել դրանցից, կիմանան միայն իրենք ՔՊ թիմի ներսում:

Հ. Գ. Քրիստիննե Գրիգորյանն իհարկե, կարող է ասել, որ Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք սպառել են դիմումի առարկան, ու դրա համար է ինքը հետ վերցրել դիմումը, բայց նա կստի հերթական անգամ:

Այսպես՝ Արման Թաթոյանը ՍԴ է դիմել ու վիճարկել երկու հոդվածի սահմանադրականություն՝ 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերը և 422-րդ հոդվածը: 2022թ. ապրիլին Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել նույն թվականի մայիսին:

Այդ նախագիծը փոփոխություն է կատարել միայն 416-րդ հոդվածում, և հոդվածը շարադրվել է այլ խմբագրությամբ: Կատարված փոփոխությունները, սակայն, խնդրո առարկա հարցը չեն լուծել:

Ավելին, 422-րդ հոդվածում, որը նույնպես վիճարկվում էր ՍԴ-ում, առհասարակ փոփոխություն չի կատարվել, իսկ այդ հոդվածը վերաբերում է ակցիզային դրոշմանիշներին: Այսինքն` այս հոդվածը մնացել է այն նույն խմբագրությամբ, ինչ 2022 թվականին էր, երբ Արման Թաթոյանը դիմել էր ՍԴ:

Քրիստիննե Գրիգորյանը ՍԴ է դիմել ու ըստ էության ասել, որ միայն 416-րդ հոդվածի փոփոխություններով հարցը լուծվել է, ինչն իրականության հետ որևէ աղերս չունի:

Այսինքն՝ դարձյալ պահպանվել են նորմեր, որոնք իրավակիրառողին հնարավորություն չեն տալիս այս կամ այն կերպ անհատականացնելու սանկցիան կամ ցուցաբերելու անհատական մոտեցում` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները, արդարացիությունը. բոլորը պատժվում են նույն կերպ, ֆիքսված չափով: Այսինքն՝ ֆիքսված չափի խնդիրը չի լուծվել:

Քրիստիննե Գրիգորյանը դիմումը հետ վերցնելու իրավունք չուներ, որովհետև նա չէր կարող իմանալ՝ կա՞ այստեղ սահմանադրականության հարց թե՞ ոչ, առավել ևս, որ վիճարկվող հոդվածներից մեկն ընդհանրապես չի փոխվել:

Իրականում, տեղի ունեցածը մաքուր քաղաքական գործարքի արդյունք է, և ողջ պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցած Քրիստիննե Գրիգորյանին պարզապես հրահանգվել է դիմումը հետ վերցնել, որովհետև այն իշխանությունների համար լուրջ պրոբլեմներ էր առաջացնելու իրենց իսկ գործած սխալների համար, հատկապես այն պայմաններում, որ նրանք ֆետիշացնում են ՀԴՄ-ների հարցը:

Տեսանյութեր

Լրահոս