Վրաստանում օդի աղտոտվածությունը Հայաստանից և Ադրբեջանից բարձր է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ միայն 2019 թվականին Վրաստանում օդի աղտոտվածության պատճառով մահացել է 5 220 մարդ, ըստ aliq.ge-ի՝ նշված է ISET հետազոտական ինստիտուտի զեկույցի մեջ:
Զեկույցի համաձայն, 100 հազար քաղաքացու հաշվով տարեկան աղտոտված մթնոլորտային օդի հետևանքով առաջանում է 130 մահ, այս ցուցանիշը զգալիորեն բարձր է Արևմտյան Եվրոպայի երկրների, իսկ տարածաշրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի ցուցանիշներից։
«Եվրոպական այլ երկրների համեմատ Վրաստանն ունի ներսի օդի և շրջակա միջավայրի օդի աղտոտվածության ինդեքսի զգալիորեն ավելի վատ ցուցանիշ: Օդում պինդ մասնիկների կոնցենտրացիայի ընթացիկ տարեկան միջինը գերազանցում է մարդու առողջության համար անվտանգ համարվող մակարդակը։ Քաղաքներում արտանետումների պատճառով ավելանում են օդի աղտոտվածությունից առաջացած շնչառական հիվանդությունները»,- նշվում է զեկույցում։
ISET-ի զեկուցի համաձայն՝ գյուղական բնակավայրերում դեռևս օգտագործում են օդը աղտոտող վառելանյութ՝ սնունդ պատրաստելու համար։ Նման գործողությունների ժամանակ օգտագործվում են վառելիքներ և տեխնոլոգիաներ, որոնք զգալիորեն նպաստում են կենցաղային օդի աղտոտմանը: Աղտոտված օդ են շնչում կանայք, երեխաներն ու տարեցները, ովքեր իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են տանը։
«Ըստ արտանետումների ստուգման և կանխատեսման կենտրոնի (EMEP), Վրաստանում մասնիկների (PM) արտանետումների մոտավորապես 82 տոկոսը գալիս է արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներից (հիմնականում վառելափայտի սպառումը ջեռուցման համար):
Գյուղատնտեսության ոլորտը պատասխանատու է ամոնիակի արտանետումների 86 տոկոսի համար, արդյունաբերությունը՝ ծծմբի օքսիդի արտանետումների 95 տոկոսի համար, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները՝ ածխածնի երկօքսիդի արտանետումների 93 տոկոսի համար։ Այսպիսով, քաղաքականություն մշակողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն վերոնշյալ ոլորտներին»,- նշված է զեկույցում։