Իրենք չեն այս երկրի տերը․ իրենք պատահական, անցողիկ մարդիկ են, որ երկիրը հասցրել են հոգեվարքի աստիճանի․ Հոգեբան

Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձից հետո «Երկիր Նաիրի» վեպի մասին իր ֆեյսբուքյան գրառումներում սկսեց հիշատակել նրա ընտանիքի մեկ այլ անդամ՝ Աննա Հակոբյանը։

Վեպի մասին հիշատակումով հերթական գրառումն Աննա Հակոբյանն արել էր այսօր՝ մեծ ափսոսանքով տեղեկացնելով, որ գիրքը մոռացել է ինքնաթիռում։

«Շատ ծանր տարա: Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ,- գրում է Աննա Հակոբյանը և սահուն քայլերով անցում կատարում Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախ հիշատակվող մեկ այլ թեմայի՝ «խաղաղության» օրակարգին, իսկ դրա համար օգնության դիմելով Իսլանդիայի պատմությանը,- «Ձևավորվելուց հետո» իսլանդացիներն ունեցել են իրենց ձախորդ ու սև օրերը, իրենց ցավերն ու դարդերը՝ սով, ստրկություն, պատերազմ, տասնյակ միլիոններով գերազանցող բնակչությամբ թշնամի հարևաններ, օկուպացիաներ, բնական աղետներ, «ցուրտումութ տարիներ» կամ «մառախլապատ դժվարություններ», բայց Իսլանդիայի 170 հազար բնակչությանը հաջողվել է պահել-պահպանել իր 102,775 քառակուսի կմ տարածքով երկիրը, նրանք չե՛ն վախեցել պատերազմել իրենց թվաքանակը տասնյա՛կ միլիոններով գերազանցող երկրների հետ, չե՛ն վախեցել հաշտվել այդ երկրների հետ»։

Հոգեբան Կարինե Նալչաջյանին չի զարմացրել Աննա Հակոբյանի այս գրառումը՝ նա սա համարում է տարիներ ի վեր տարվող քարոզչության մաս։

Կարդացեք նաև

«Այս մարդիկ իրենց ոճի մեջ են, իրենց գործն են անում՝ նպատակադրված և հետևողականորեն․ քարոզչությունը պետք է անընդհատ լինի։ Այժմ իրենք այդ դեստրուկտիվ, ապազգային քարոզչությունը տանում են դեռևս վաղուց, ու քանի որ շատ լավ ինստրուկտորներ ունեն, իրենք քարոզչությունն անընդհատ տանում են։ Իսկ այս կինն իր դերն ունի այդ գործընթացում, ինչը շատ լավ կատարում է,- 168.am-ի հետ զրույցում նշեց հոգեբանը, ապա անդրադառնալով դրա նպատակներին՝ պարզաբանեց,- Նժդեհը մի ձևակերպում ունի՝ «կրավորական զոհ»․ իրենց պետք է, որ մեր ազգաբնակչությունը կրավորական զոհի կերպարում լինի, այսինքն՝ զոհ, որը պայքարի ունակ չէ, չի դժգոհում, կուլ է տալիս խայծեր։ Իրենց համար վտանգավոր է, եթե ժողովուրդն այդ զոհի վիճակից դուրս գա, սկսի պայքարել։ Միաժաանակ, այս կինը նաև հոգևոր արժեքներն է ոչնչացնում․ ինքը՝ ուր, Չարենցը՝ ուր։ Ստացվում է, ինքը վտանգներ է տեսնում Չարենցի գործերում․ այստեղ Չարենցը վարկաբեկելու տարրեր եմ տեսնում նաև։

Իսկ Իսլանդիայի հետ համեմատությունները պրիմիտիվ են, որովհետև ամեն մի ազգամիջյան, միջէթնիկական փոխհարաբերություն ունի իր յուրահատկությունները, տրամաբանությունը․ վերցնել ու մակերեսային համեմատություններ անել՝ սա ևս մեկ անգամ հենց իրենց թերուս լինելու մասին է շեշտում»։

Անդրադառալով խաղաղության մասին նրա ակնարկներին՝ Կարինե Նալչաջյանը ցավով արձանագրեց, որ այս իրավիճակում, երբ թշնամին բացահայտ հայտարարում է իր նկրտումների մասին, զորավարժություններ է անում, շրջափակված պահում հայերին, Աննա Հակոբյանը «դաստիարակի առաքելությամբ» համոզում է, թե խաղաղությունը լավ բան է։

Հոգեբանը սա համարում է քարոզչական հերթական հնարքը՝ ազգին խաբկանքում պահելու, ազգի ոգին կոտրելու համար։

«Եվ թատերական կեցվածք ընդունել, ապրումներ արտահայտել, թե «անտեր է թողել» երկիր Նաիրին․․․ թող իրենք իմանան, որ իրենք չեն այս երկրի տերը․ իրենք պատահական, անցողիկ մարդիկ են, որ երկիրը հասցրել են հոգեվարքի աստիճանի։ Ինքը երկրի տերը չէ․ կլինե՛ն զարգացումներ, տեսնենք՝ մեր հայությունը մինչև ե՞րբ է հանդուրժելու այս կրավորական կեցվածքը»,- ամփոփեց Կարինե Նալչաջյանը։

Տեսանյութեր

Լրահոս