«Խուճապ չկա, բնակիչները դժվարությունները հաղթահարելով, որոշ առումով դրանց հարմարվելով՝ ապրում են». Նոր Ղազանչիի գյուղապետ

52 օր է, Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ 120 հազար խաղաղ բնակչությանը թողնելով շրջափակման մեջ։ Դեկտեմբերի 12-ից շրջափակման պայմաններում արցախցիները փորձում են ապրել ու պայքարել իրենց հողում ապրելու իրավունքի համար։ Տարբեր գյուղերում շրջափակումն իր հետ բերել է տարաբնույթ խնդիրներ, սակայն բնակիչները չեն ընկրկում՝ պայքարում են ու ապրում։

168.am հետ զրույցում Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ղեկավար Ռուսլան Առստամյանը խոսելով շրջափակման հետևանքով գյուղում ստեղծված իրավիճակի մասին, նկատեց՝ գյուղն ապրում է այնպես, ինչպես շրջափակումից առաջ, քանի որ 44-օրյա պատերազմից հետո լինելով ադրբեջանական դիրքերին շատ մոտ, միշտ էլ դժվարությունները հաղթահարելով է ապրել։

«Դե, ինչ կարող եմ ասել, ինչպես եղել է մինչև Արցախի շրջափակումը, նույն ձևով էլ այսօր է։ Կարևորը՝ խուճապ չկա, համայնքի ամբողջ բնակիչները եղած դժվարությունները հաղթահարելով, որոշ առումով դրանց հարմարվելով՝ ապրում են, չեն բողոքում։

Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ եղած խնդիրներն ի վիճակի ենք լուծել»,- վստահեցրեց Ռուսլան Առստամյանը։

Կարդացեք նաև

Նա նաև ասաց, որ գյուղում բնակիչները փայտով են տները տաքացնում, գազ չկա։

«90-ականներից սկսած գյուղում գազ չի եղել, տները փայտով ենք տաքացնում, փայտն էլ բնակիչները բերել ու ապահովել են։ Այս առումով խնդիր չկա»,- շեշտեց Նոր Ղազանչի գյուղի ղեկավարը։

Ինչ վերաբերում է թշնամու արձակած կրակոցներին, գյուղապետը փոխանցեց, որ կրակոցներ մեկ-մեկ լինում են։

«Թշնամու դիրքերին գյուղը մոտ է, մեկ-մեկ կրակոցներ լինում են, բայց բնակիչների շրջանում դա խուճապ չի առաջացնում»,- եզրափակեց նա։

Նշենք, որ Նոր Ղազանչի գյուղն այն գյուղերից մեկն է, որ մշտապես գտնվում է թշնամու թիրախում։ Մշտապես կրակելով խաղաղ բնակիչների ուղղությամբ, ադրբեջանական կողմը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքներին։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։

Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ:

Տեսանյութեր

Լրահոս