«Սա Իրանում նաև կապում են հենց Ադրբեջանում իսրայելական ակտիվության հետ». Գարիկ Միսակյան

Իրանագետ Գարիկ Միսակյանը, Իրանի դեմ ԱԹՍ-ների հարձակմանն անդրադառնալով, ուշադրություն է հրավիրում նախորդած մի քանի դրվագներին՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում, Իրան-Ադրբեջան և Ադրբեջան-Իսրայել ամենաբարձր մակարդակներում տեղի ունեցած հեռախոսազրույցներ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի բանակը հետ է մղել երեք անօդաչու սարքի հարձակում Սպահան քաղաքի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտի վրա։

168.am-ի հետ զրույցում իրանագետը կատարվածն ավելի շուտ մեդիա գրոհ որակեց՝ նկատելով, որ հարձակումը, ըստ էության, ձախողված կարելի է համարել:

«Հիմնական նպատակն Իրանի ռազմավարական օբյեկտներին խփելն էր, ինչը չհաջողվեց, մյուս նպատակը՝ ցույց տալը, որ կարող են Իրանի տարածքում որևէ օբյեկտի խփել, և նաև՝ Իրանի հասարակության վրա ճնշում բանեցնելը՝ երկրում անվտանգային մթնոլորտը լարելու առումով, որը կարող էր որոշակի փուլում հանգեցնել դժգոհությունների, բողոքի ակցիաների»,- շեշտեց նա:

Կարդացեք նաև

Գարիկ Միսակյանը տեղեկացրեց` Իրանում լրջորեն շրջանառվում են Ադրբեջանի, կամ Իրաքի տարածքից ԱԹՍ-ների բարձրացման և կառավարման վարկածները:

Ադրբեջանի վարկածի մասին իր դիտարկումներում իրանագետը շեշտեց Ադրբեջանում իսրայելական ազդեցության դերը, ինչպես նաև՝ այդ երկրում Իսրայելի դեսպանի հակաիրանական հայտարարությունները. «Սա Իրանում նաև կապում են հենց Ադրբեջանում իսրայելական ակտիվության հետ»:

Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին անդրադառնալով՝ մեր զրուցակիցը կարևորեց համագործակցության լուրջ ոլորտներ գտնելու անհրաժեշտությունը:

«Իրանում նույնիսկ խոսում են եռակողմ հարաբերությունների մասին, Հայաստանում Իրանի դեսպանն էլ հայտարարեց Հայաստան-Իրան-Ռուսաստան համագործակցության մասին՝ նշելով, որ այն կարող է օրինակելի լինել տարածաշրջանի համար»,- հավելեց Գարիկ Միսակյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր. «Հայաստանը մեզ համար շատ կարևոր հարևան ու բարեկամ երկիր է: Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար: Բարեբախտաբար, վերջին շրջանում երկու երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապված»:

Նա հավելել էր, որ այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են պայմաններ՝ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիա և Իրանից դեպի Հայաստան գազ մատակարարելու համար: Դեսպանը նաև նշել էր, որ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև համատեղ համագործակցությունները կարող են օրինակ լինել տարբեր ուղղություններով տարածաշրջանում եռակողմ համագործակցությունների համար:

Տեսանյութեր

Լրահոս