«Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը». նախկինների և Փաշինյանի Ակնան

2 տարի առաջ այս օրերին առանց մի կրակոցի կորցրեցինք Ակնան՝ Աղդամը. 44-օրյա պատերազմից հետո 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը քաղաքը վերադարձրեց Ադրբեջանին:

«Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը»,- նշված է փաստաթղթում:

«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այդ հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ երեք տարածքներ՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար, հանձնել Ադրբեջանին, իրականում, շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրվել է այն շրջանում, երբ ընկած էր Շուշին, և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են, մեղմ ասած, նաև Արցախի քաղաքական ղեկավարությունը կիսում էր այդ կարծիքը»,- կապիտուլյացիայի մասին փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչդեռ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն Աղդամը համարում էր իր հայրենիքը՝ ըստ էության, փորձելով զուտ հրապարակավ դեմ գնալ կամ հակառակվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Կարդացեք նաև

Ավելի ուշ իրականությունն ապացուցեց, որ հենց այդպես էլ կար, ինչի մասին հաստատումը կարելի է գտնել 2008-ին ստեղծված Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գրքում:

Սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը

2001 թվականի մայիսի կեսերին, Հայաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով լսումների ընթացքում, Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ որո՞նք են Արցախի իրական սահմանները, հայտարարել էր.

«Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և՝ մեր սահմանները անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում,– ասել էր նա և հավելել,- Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 1994 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է»:

Հետաքրքիր է՝ այստեղ երկու կարևոր միտք կա՝ «սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը» և «այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը»:

Բայց վերցվեց միայն «Աղդամը մեր հայրենիքը չէ» ձևակերպումը, և սրա հիման վրա ավելի ուշ Փաշինյանը և նրա թիմը քաղաքական արշավ իրականացրեցին՝ իբր հակադարձելու Սերժ Սարգսյանին, իրականում չցանկանալով ընդունել, որ դրանով դեմ են գնում առաջին հերթին իրենք իրենց:

Ազատության հրապարակը ինձ Աղդամ էր թվում. խնդիրը էստեղ հայի ու թուրքի մեջ չէ, այլ՝ զոհելու և զոհվելու պատրաստակամության

Վերևում հիշատակված «Երկրի հակառակ կողմը» գրքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, գրում է.

«Հայաստանում հորիզոն չկա, Հայաստանում դաշտավայր չկա, Հայաստանում չես կարող հայացք պարպել, Հայաստանում քո ունեցած տեսողությունը քեզ շատ է թվում, որովհետև որ կողմ նայում ես, ինչ-որ բան տեսնում ես։ Հայաստանում անսահմանը տեսնելու միայն մի ուղղության կա` վերև, երկինք նայելը, բայց այդ անսահմանը քեզ իրական չի թվում, որովհետև չես կարող գնալ այդ անսահմանի ուղղությամբ, չես կարող ստուգել, թե այդ անսահմանը մինչև ուր է ձգվում։ Անսահմանի զգացումը իրական է դառնում, երբ գիտես, թե այն մոտավորապես որտեղ է վերջանում։ Եվ ես հիշեցի Աղդամը։ Երեխաներս վազվզում են ավերակ տների արանքում, ես ու կինս մի բլուրի վրա կանգնած նայում ենք դեպի արևելք։ Սա անսովոր զգացողություն է. կանգնած ենք մի հողի վրա, որտեղ տեր ու տնօրենը հայ զինվորն է, ու այդ հողը դաշտավայր է, իսկական դաշտավայր, ու այդ տեղից երևում է անսահմանը։ Մենք նայում ենք դեպի արևելք, ու ինձ թվում է, թե իմ հայացքը զարկվում է Պամիրի լեռներին։ Ես կանգնած եմ այստեղ, իմ արյունակից հայրենակիցների միջավայրում, այստեղ Հայաստանի օրենքներն են գործում, սա դաշտավայր է, և իմ հայացքը զարկվում է Պամիրի լեռներին։ Ու ես ամաչում եմ, որ չեմ մասնակցել այդ պատերազմին։ Ես ու կինս նույն բանն ենք մտածում, բայց չենք համարձակվում բարձրաձայնել։ Ի վերջո, նա ավելի համարձակ է գտնվում և ասում է,- Ինչպե՞ս կարելի է այս հողերը վերադարձնել Ադրբեջանին։ Մենք մեր թերթում քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք` ոչ մի թիզ հող թշնամուն։ Ի՞նչ է սա, կեղծի՞ք։ Ավելի շուտ` սրտի և ուղեղի հակամարտություն։ Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրը իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղը ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության։ Ու մենք վերադառնում ենք. դաշտավայրը վերջանում է, ուրեմն Հայաստանն է սկսվում»:

Մի կարճ անդրադարձ Ղազախին և նորից հեղինակը՝ Նիկոլ Փաշինյանը, անցնում է Աղդամին:

«…էս Հայաստանը հայրենիք չէ, այլ թաքնվելու, պատսպարվելու տեղ։ Դրա համար էլ մարդիկ այստեղ մի տեսակ թաքուն են ապրում, պատսպարված, տներում ուրիշ բան են խոսում։ Բա Աղդամը, էդ ինչպե՞ս ստացվեց Աղդամը։ Այս հարցի պատասխանը շատ պարզ է թվում և հասկանալի. Հայաստանում մարդիկ դուրս եկան իրենց տներից, մարդիկ մի պահ, մի քանի տարի ընդամենը դադարեցին թաքնվել, և ահա նրանց հայացքը պարպվելու տեղ ունեցավ։ Մարտի 1-ի առավոտյան ես փախչում էի Ազատության հրապարակից։ Ազատության հրապարակը ինձ Աղդամ էր թվում, Բաղրամյան պողոտայում հարթավայրը վերջանում է, ու սկսվում է վերելքը, վերելքը դեպի լեռներ։ Էլի ինչ-որ մեկը ոտքը գետնին զարկեց, ու էլի մենք փախչում ենք, փախչում ենք դեպի լեռներ։ Խնդիրը էստեղ հայի ու թուրքի մեջ չէ, քավ լիցի։ Խնդիրը իրավունքի մեջ է, խնդիրը ապօրինության, լկտիության բիրտ ուժի առաջ ընկրկելու մեջ է, խնդիրը կանգնելու մեջ է, խնդիրը կանգնել կարողանալու մեջ է, խնդիրը զոհելու և զոհվելու պատրաստակամության մեջ է»:

«Աղդամը իմ հայրենիքն» է» փաշինյանական քաղաքական արշավի մասին

Բայց արի ու տես, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի սեպտեմբերի 11-ին ելույթ ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» իր կուսակցության հանրահավաքում, հայտարարում է․

«Քանի դեռ Պաշտոնական Բաքուն, Ադրբեջանը հայտարարում է, որ Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել։ Ու եթե ապրելու մեր պատմական ճակատագրի ցիկլը հաղթահարելու կամք ունենք, ուրեմն պիտի չվախենանք հայտարարել՝ Աղդամը, այո, մեր հայրենիքն է»։

«Աղդամը իմ հայրենիքն է» ոչ գաղափարական Փաշինյանի հեղինակած քաղաքական արշավը շարունակվեց 2018-ի իշխանափոխությունից հետո և 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ:

Մասնավորապես, 2019-ի դեկտեմբերի 1-ին ֆեյսբուքյան իր էջում այն ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար, այսօր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ակնայի նռներով լուսանկարներ էր տեղադրել՝ «Աղդամը իմ հայրենիքն» է» գրառմամբ:

Պատերազմից մի քանի օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 23-ին, այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկնել էր Սուրեն Պապիկյանի օրինակը՝ «Աղդամը իմ հայրենիքն» է»:


2021-ի փետրվարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել էր Ակնայի հետ կապված իր հայտարարությանը:

«Հիշո՞ւմ եք, որ դա ոչ միայն այն ժամանակ շահարկվեց, դա շահարկվեց վերջերս, երբ անմեղսունակ մարդիկ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին և ասում էին՝ Աղդամն իրենց հայրենիքն է։ Ես տեսա, թե այդ հայրենիքն իրենք ինչպես պահեցին»,- շեշտել էր ՀՀ 3-րդ նախագահը:

2021-ի հունիսին Սերժ Սարգսյանն այս թեմայից խոսել էր նաև BBC-ին տված հարցազրույցում:

«Դուք ոչ մի պարագայում չէիք կարող լսել ինձնից, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ տարածքները: 2001թ. ես անգամ խորհրդարանի ամբիոնից հայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ… Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, բայց լուծել հարցը, որպեսզի այսպիսի ճակատագրի չարժանանայինք»,- ասել էր Սարգսյանը:

Ակնան՝ 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին

Ապրիլյան մարտական գործողությունների ոչ պակաս կարևոր, սակայն այդքան էլ չլուսաբանված գործողությունները տեղի ունեցան հենց Ակնայի (Աղդամ) ուղղությամբ:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը «Մեդիամաքսի» հետ զրույցում մանրամասնել էր.

«Հակառակորդի պլանը հետևյալն էրˋ հարձակման չորրորդ կամ հինգերորդ օրը կենտրոնական` Աղդամի ուղղությամբ ճեղքում անել ու հասնել Ստեփանակերտ: Ըստ իրենց հաշվարկի, ունեցած արսենալի ճիշտ օգտագործման դեպքում Ադրբեջանը կարող էր իրագործել այդ պլանը: Մենք էլ վստահ ենք, որ չի կարող. մեր դիրքերը, զորքի մարտունակությունը, հրետանին և հակաօդային պաշտպանությունն ու անհրաժեշտ այլ ուժեր բավարար են, որպեսզի կարողանանք պաշտպանություն կազմակերպել և, ինչո՞ւ չէ, մարտի ընթացքում նաև հակահարձակման անցնել:

Այդ օրերին, լինելով առաջնագծում, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ շարունակության դեպքում մենք առաջ էինք գնալու: Դրանում համոզվեց նաև Ադրբեջանը և, վայնասուն բարձրացնելով, դիմեց մարտը կանգնացնելու խնդրանքով»:

Ըստ april2016.am-ի, ապրիլի 4-ի երեկոյան՝ ժամը 17:30-ի սահմաններում, չորրորդ պաշտպանական շրջանի հրետանային ստորաբաժանման հետախույզների կողմից ավտոշարասյուներ, հրետանային մարտկոցներ են հայտնաբերվել Ակնայի առաջնագծի երկայնքով` Ադրբեջանի Բալլար-Սարիջալու-Չամանլու գյուղերի ուղղությամբ, առանձնացված տանկային շարասյուներ՝ Ղարադաղլու, Էվօղլու և Աֆաթլու գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև հրետանային մարտկոցների կրակային դիրքեր` Աֆաթլու, Էվօղլու, Ղարադաղլու, Մահրիզլու, Սարիջալու բնակավայրերի ծայրամասերում:

Ժամը 18:00-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային զորամասի և չորրորդ պաշտպանական շրջանի դիվիզիոնների համատեղ ուժերով համազարկային կրակ է բացվել հակառակորդի այդ կուտակումների դեմ:

Ընդհանուր, համատեղված համազարկով ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային ստորաբաժանումներին հաջողվել է ճնշել վերը նշված կուտակված բրիգադների ուժերը և ոչնչացնել բրիգադի հրամանատարական կետը:

2016-ին Արցախ կատարած այցից հետո «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ» վերտառությամբ իր հոդվածում «Ձախողված տանկային բլիցկրիգ» ենթավերնագրի ներքո Նիկոլ Փաշինյանը գրել էր․

«Հիմա արդեն բոլորն են ընդունում, որ չորսօրյա պատերազմի շրջադարձային պահը ապրիլի 4-ին Ակնայի (Աղդամի) դիմաց՝ ադրբեջանական Քարադաղլի գյուղի ուղղությամբ հայկական կողմի հասցրած հրետանային հարվածն էր, որի ընթացքում ադրբեջանցիները առնվազն երեք տանկ են կորցրել և մոտ 200 զոհ տվել: Իսկ հրետանային մշակման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ՊԲ-ն խորքային հետախուզության միջոցների կիրառմամբ արձանագրել է, որ նշված ուղղությամբ տեղի է ունենում զորքերի, տանկերի խոշոր կուտակում և որոշում է կայացվել հրետանային ծավալուն գործողություններով ցրել հակառակորդի կուտակումը:

Այցի ընթացքում մեզ ներկայացվեց ապրիլի 4-ի հրետանային գործողության տեսագրությունը: Ռազմական փորձագետները համոզված են. գործողությամբ կանխվել է հակառակորդի հարձակումը Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ:

Այդ դրվագում հայկական հրետանու ճշգրտությունն, իհարկե, առասպելների առիթ է դարձել, բայց տվյալ դեպքում առավել կարևոր է, որ խորքային հետախուզման համակարգը, որի գործադրմամբ հայտնաբերվել է թշնամու տանկային շարասյունը, դեպքից ընդամենը մեկ ամիս առաջ է գործարկվել, ու հիմա ակնհայտ է, որ եթե այդ համակարգը չլիներ, հետախուզության սովորական միջոցները կարող էին և չհայտնաբերել թշնամու կուտակումը, ինչը ճակատագրական նշանակություն կունենար հայկական կողմի համար: Թերևս հենց այս դրվագն է պատճառ դարձել, որ ԼՂՀ կառավարությունը որոշել է խորքային հետախուզության այդ նույն միջոցներով ապահովել ողջ առաջնագիծն այնպես, որ ճակատի ոչ մի հատված դուրս չմնա համակարգի տեսադաշտից»:

Աղդամի համար 1993-ի կռիվը

Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի համար շարունակում էր սպառնալիք մնալ Աղդամը, որտեղից քաղաքը հրետակոծում էին 152մմ հեռահար հրանոթներով՝ միաժամանակ փորձելով ճեղքել Ասկերանի ուղղության պաշտպանությունը և ուղիղ գծով մտնել Ստեփանակերտ, ուստի Աղդամի ազատագրումը գերխնդիր դարձավ, դրա իրականացումը Արցախի անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն էր:

Ամեն ինչից բացի, Աղդամը նաև կոմունիկացիոն կարևոր հանգույց էր։

Եվ դեռ 1993-ի հունիսին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մի քանի ուղղություններով սկսեցին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը, արդեն հուլիսի 4-ից հայկական ուժերը սկսեցին Աղդամի ազատագրման բուն օպերացիան:

Նույն օրը, փորձելով կասեցնել Աղդամի շրջապատումը, թշնամին հզոր հարձակում ձեռնարկեց Ասկերանի, Մարտակերտի ու Հադրութի ուղղություններով, սակայն արդյունքում կորցրեց Աղդամի համար բացառիկ կարևորություն ունեցող Շելլին իշխող բարձունքները։

Հետագա օրերին համառ մարտեր ծավալվեցին Աղդամը շրջապատող բարձունքների համար, որոնք հաջորդաբար անցան հայկական ուժերի վերահսկողության տակ, ինչից հետո Աղդամում գտնվող ադրբեջանական զորքերի գլխին կախվեց լիակատար շրջափակման մեջ հայտնվելու անմիջական վտանգը, և ադրբեջանցիները լիակատար ջախջախումից խուսափելու համար ստիպված նահանջեցին։ Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան քաղաք։

Հակաօդային պաշտպանության հայ մարտիկների ջանքերով չեզոքացվեց նաև թշնամու ունեցած օդային գերազանցությունը։

Հետագա օրերին համառ մարտեր ծավալվեցին Աղդամը շրջապատող բարձունքների համար, որոնք հաջորդաբար անցան հայկական ուժերի վերահսկողության տակ, ինչից հետո Աղդամում գտնվող ադրբեջանական զորքերի գլխին կախվեց լիակատար շրջափակման մեջ հայտնվելու անմիջական վտանգը, և ադրբեջանցիները լիակատար ջախջախումից խուսափելու համար ստիպված նահանջեցին։

Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան քաղաք։

Ի դեպ, 1993-ին Աղդամի անկումից հետո Բաքուն առաջին անգամ ուղիղ շփման մեջ մտավ Ստեփանակերտի հետ, և ձեռք բերվեց հուլիսի 25-ից, ժամը 00.00-ից եռօրյա հրադադարի հաստատման մասին համաձայնությունը:

 Ազատագրված, «փոշոտված», չպարտված և հանձնված. նախկինների և Փաշինյանի Ակնան

Արդեն 2 տարի է, ինչպես իմ հոդվածներից մեկում էի նկարագրել՝ «ազատագրված, «փոշոտված», չպարտված և հանձնված Ակնան այսօր մեր հսկողության տակ չէ, բայց նրա «հոտը» կարելի է առնել, օրինակ, Գեղարքունիքի Կութ գյուղից (ադրբեջանական ներխուժումից հետո գյուղում լինելով՝ այն ինձ Ակնան էր հիշեցրել), սակայն ճակատագրի հեգնանքով նրա ճակատագիրը նույնպես վտանգված է»: Եվ այսօր ավելի քան արդիական և հասկանալի է դառնում Սերժ Սարգսյանի ասածը՝ «սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը»: Իսկ մենք չպահեցինք այն սահմանները, ինչը թույլ էր տալիս անգամ նոյեմբերյան եռակողմ հայտարարությունը՝ «կանգնել այդ պահին զբաղեցրած դիրքերում»:

Իսկ Ակնան մեր վերահսկողության տակ պահելով, ինչպես վերևում ապացուցեցինք պատմական փաստերի հիշեցմամբ, իրապես, առաջին հերթին անվտանգային խնդիր էինք լուծում: Սրա մասին է վկայում նաև այն, որ, ինչպես Ադրբեջանն է հայտարարում, ամենաշատ ականները հենց Ակնայում են դրվել: Իլհամ Ալիևն ինքն էր հայտարարել, որ Ադրբեջանին 30 տարի և 25 միլիարդ դոլար կպահանջվի տարածքների ականազերծման հարցը լուծելու համար, և առյուծի բաժինը վերաբերում է Աղդամին՝ չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը Ակնայի ականապատ տարածքների քարտեզներ էր Ադրբեջանին հանձնել՝ հայ գերիների դիմաց:

Ի դեպ, 2021-ի հունիսին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչած մեղադրանքներին, մասնավորապես հայտարարել էր.

«Շատ կուզենայի, որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին՝ նախքան պատերազմը, պատերազմի ժամանակ և հետպատերազմական ժամանակահատվածում, այդ թվում՝ Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը»:

Թե ո՞ւմ է ներկայացվել այս առաջարկը, իհարկե, չի գաղտնազերծում Օնիկ Գասպարյանը, բայց փաստ է՝ չկա Աղդամը, չկա նաև Հադրութը: Ավելին, գնալով թուլանում է նաև ՀՀ-ի շուրջ, այսպես ասած, անվտանգային միջավայրը: Այնպես չէ, որ նախկինում ամեն ինչ իդեալական է եղել, թեպետ, օրինակ, Ակնայի հատվածում պարբերաբար զորավարժություններ են անցկացվել, բնավ ոչ: Եվ այս մասին գրել եմ իմ վերևում հիշատակված հոդվածում՝ «2014-ի Ակնան. մի «մարտական» ուղևորություն» ենթավերնագրի ներքո:

«2014-ի ամռանը Ադրբեջանը իրավիճակը սրել էր և՛ արցախյան, և՛ հայաստանյան թևում, որը հանգեցրեց, այսպես ասած, օգոստոսյան միկրոպատերազմի: Մասնավորապես, արցախյան թևում Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձեր և հարձակումներ էր իրականացրել տարբեր հատվածներում: Այդ օրերին Արցախում եմ. մարտական հենակետեր շարժվելու ժամանակն է, ուղղությունը՝ Ակնա:

Անցնում եմ Աղդամի կիսաքանդ շինություններով, «կռված», ընկած, փոշոտված, բայց չպարտված քարերով լի ճանապարհի միջով, որտեղ ամեն քայլափոխի մեզ են դիմավորում նռնենիները՝ առատ պտուղներով: Ժամանակ առ ժամանակ իջնում ենք ու քաղում, հետո նորից շարունակում ճանապարհը: Ինքս ինձ հետ խոսում եմ՝ պատերազմն ասես երեկ է ավարտվել, հետո շարունակում՝ «Աղդամը հարստացրեց, բայց ինքը մնաց… ախր, սա ժամանակին առևտրի հզոր կենտրոն է եղել…»:

Ավելի ուշ այդ ժամանակ ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն ինձ հետ զրույցում համոզում է, թե Աղդամի վիճակի պատճառը միայն տնտեսական է:

Հետ ենք դառնում՝ ինչպես եկել ենք՝ Աղդամի կիսաքանդ շինություններով, «կռված», ընկած, փոշոտված, բայց չպարտված քարերով լի ճանապարհի միջով, որտեղ ամեն քայլափոխի մեզ են դիմավորում նռնենիները՝ առատ պտուղներով, որոնցից վերցրել էինք, որ Երևան տանեինք՝ կատակելով, թե արժե գալ քաղել ու Երևանում նռան բիզնես անել….Չհասցրեցինք: Իսկ Աղդամի քարերը չեն պարտվել, դրանք հանձնել են…»:

Տեսանյութեր

Լրահոս