Ազատագրված, «փոշոտված», չպարտված և հանձնված. նախկինների և Փաշինյանի Աղդամը (Ակնան)
Աղդամի համար 1993-ի կռիվը
Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի համար շարունակում էր սպառնալիք մնալ Աղդամը, որտեղից քաղաքը հրետակոծում էին 152մմ հեռահար հրանոթներով՝ միաժամանակ փորձելով ճեղքել Ասկերանի ուղղության պաշտպանությունը և ուղիղ գծով մտնել Ստեփանակերտ, ուստի Աղդամի ազատագրումը գերխնդիր դարձավ, դրա իրականացումը Արցախի անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն էր:
Ամեն ինչից բացի, Աղդամը նաև կոմունիկացիոն կարևոր հանգույց էր։
Եվ դեռ 1993-ի հունիսին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մի քանի ուղղություններով սկսեցին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը, արդեն հուլիսի 4-ից հայկական ուժերը սկսեցին Աղդամի ազատագրման բուն օպերացիան:
Նույն օրը, փորձելով կասեցնել Աղդամի շրջապատումը, թշնամին հզոր հարձակում ձեռնարկեց Ասկերանի, Մարտակերտի ու Հադրութի ուղղություններով, սակայն արդյունքում կորցրեց Աղդամի համար բացառիկ կարևորություն ունեցող Շելլին իշխող բարձունքները։
Հակաօդային պաշտպանության հայ մարտիկների ջանքերով չեզոքացվեց նաև թշնամու ունեցած օդային գերազանցությունը։
Հետագա օրերին համառ մարտեր ծավալվեցին Աղդամը շրջապատող բարձունքների համար, որոնք հաջորդաբար անցան հայկական ուժերի վերահսկողության տակ, ինչից հետո Աղդամում գտնվող ադրբեջանական զորքերի գլխին կախվեց լիակատար շրջափակման մեջ հայտնվելու անմիջական վտանգը, և ադրբեջանցիները լիակատար ջախջախումից խուսափելու համար ստիպված նահանջեցին։
Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան քաղաք։
Աղդամի ազատագրման գործողությանը մասնակցել են Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները (հրամանատար Վիտալի Բալասանյան), 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը, Խանաբադի վաշտը (Սանասար Ծատրյան), 35-րդ գումարտակը (Արշավիր Ղարամյան), հետախուզական խումբը (Զորեն Ղազարյան), Կենտրոնական պաշտպանական շրջանի (Սամվել Կարապետյան) և Մարտունու պաշտպանական շրջանի երկու ստորաբաժանումները (Նելսոն Սողոմոնյան, Մովսես Հակոբյան):
Միաժամանակ վերադառնալով հունիսյան, այսպես ասած, նախապատրաստական գործողություններին, այդ թվում՝ դիրքային իրավիճակի բարելավման, հարկ է առանձնացնել հատկապես Աղդամ-Մարտակերտ սահմանագծում մղված հաջող մարտերը, և կարևոր բարձունքների գրավումը: Հենց դրանց շրջանակում էլ Մարզիլլու հենակետը ոչնչացնելիս հունիսի 12-ին զոհվեց Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Մարտունի պաշտպանական շրջանի հրամանատար, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը:
Անցած տարի այս օրը 168.am–ի հետ զրույցում Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հաստատել էր` հայկական Ակնայի ազատագրումով վերջնականապես Ստեփանակերտ քաղաքը և մերձակա բնակավայրերը պաշտպանել ենք հակառակորդի հրետանու կրակից:
«Մեր սահմաններն այդ բնագծում բավականին կարճանում են, և պաշտպանության կազմակերպումն ավելի դյուրին է դառնում: Իսկ ինձ համար անձնական, նաև իմ հրամանատարի՝ Մոնթեի, զոհվելու 40 օրն էր (Մոնթեն զոհվել է 1993 թ. հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում.- Մ.Պ.): Նա զոհվեց Աղդամի ազատագրման առաջին փուլում, և ինձ համար գերխնդիր է եղել իմ հրամանատարի նպատակները կյանքի կոչելը»,- շեշտել էր գեներալը:
Ի դեպ, 1993-ին Աղդամի անկումից հետո Բաքուն առաջին անգամ ուղիղ շփման մեջ մտավ Ստեփանակերտի հետ, և ձեռք բերվեց հուլիսի 25-ից, ժամը 00.00-ից եռօրյա հրադադարի հաստատման մասին համաձայնությունը:
2014-ի Ակնան. մի «մարտական» ուղևորություն
2014-ի ամռանը Ադրբեջանը իրավիճակը սրել էր և՛ արցախյան, և՛ հայաստանյան թևում, որը հանգեցրեց, այսպես ասած, օգոստոսյան միկրոպատերազմի: Մասնավորապես, արցախյան թևում Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձեր և հարձակումներ էր իրականացրել տարբեր հատվածներում:
Այդ օրերին Արցախում եմ. մարտական հենակետեր շարժվելու ժամանակն է, ուղղությունը՝ Ակնա:
Անցնում եմ Աղդամի կիսաքանդ շինություններով, «կռված», ընկած, փոշոտված, բայց չպարտված քարերով լի ճանապարհի միջով, որտեղ ամեն քայլափոխի մեզ են դիմավորում նռնենիները՝ առատ պտուղներով: Ժամանակ առ ժամանակ իջնում ենք ու քաղում, հետո նորից շարունակում ճանապարհը: Ինքս ինձ հետ խոսում եմ՝ պատերազմն ասես երեկ է ավարտվել, հետո շարունակում՝ «Աղդամը հարստացրեց, բայց ինքը մնաց… ախր, սա ժամանակին առևտրի հզոր կենտրոն է եղել…»:
Ավելի ուշ այդ ժամանակ ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն ինձ հետ զրույցում համոզում է, թե Աղդամի վիճակի պատճառը միայն տնտեսական է:
Հետ ենք դառնում՝ ինչպես եկել ենք՝ Աղդամի կիսաքանդ շինություններով, «կռված», ընկած, փոշոտված, բայց չպարտված քարերով լի ճանապարհի միջով, որտեղ ամեն քայլափոխի մեզ են դիմավորում նռնենիները՝ առատ պտուղներով, որոնցից վերցրել էինք, որ Երևան տանեինք՝ կատակելով, թե արժե գալ քաղել ու Երևանում նռան բիզնես անել….Չհասցրեցինք: Իսկ Աղդամի քարերը չեն պարտվել, դրանք հանձնել են:
Այսօր Աղդամի «հոտը» կարելի է առնել Գեղարքունիքի Կութ գյուղից, բայց ճակատագրի հեգնանքով նրա ճակատագիրը նույնպես վտանգված է: Իսկ պարտվողը էլի քարերը չեն լինելու, դրանք էլի հանձնվելու են, եթե գործը գյուղի՝ մեր ձեռքում չլինելուն հասնի:
Աղդամը 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին
Ապրիլյան մարտական գործողությունների ոչ պակաս կարևոր, սակայն այդքան էլ չլուսաբանված գործողությունները տեղի ունեցան հենց Ակնայի (Աղդամի) ուղղությամբ:
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը «Մեդիամաքսի» հետ զրույցում մանրամասնել էր.
«Հակառակորդի պլանը հետևյալն էրˋ հարձակման չորրորդ կամ հինգերորդ օրը կենտրոնական` Աղդամի ուղղությամբ ճեղքում անել ու հասնել Ստեփանակերտ: Ըստ իրենց հաշվարկի, ունեցած արսենալի ճիշտ օգտագործման դեպքում Ադրբեջանը կարող էր իրագործել այդ պլանը: Մենք էլ վստահ ենք, որ չի կարող. մեր դիրքերը, զորքի մարտունակությունը, հրետանին և հակաօդային պաշտպանությունն ու անհրաժեշտ այլ ուժեր բավարար են, որպեսզի կարողանանք պաշտպանություն կազմակերպել և, ինչո՞ւ չէ, մարտի ընթացքում նաև հակահարձակման անցնել:
Այդ օրերին, լինելով առաջնագծում, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ շարունակության դեպքում մենք առաջ էինք գնալու: Դրանում համոզվեց նաև Ադրբեջանը և, վայնասուն բարձրացնելով, դիմեց մարտը կանգնացնելու խնդրանքով»:
Ըստ april2016.am-ի, ապրիլի 4-ի երեկոյան՝ ժամը 17:30-ի սահմաններում, չորրորդ պաշտպանական շրջանի հրետանային ստորաբաժանման հետախույզների կողմից ավտոշարասյուներ, հրետանային մարտկոցներ են հայտնաբերվել Ակնայի առաջնագծի երկայնքով` Ադրբեջանի Բալլար-Սարիջալու-Չամանլու գյուղերի ուղղությամբ, առանձնացված տանկային շարասյուներ՝ Ղարադաղլու, Էվօղլու և Աֆաթլու գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև հրետանային մարտկոցների կրակային դիրքեր` Աֆաթլու, Էվօղլու, Ղարադաղլու, Մահրիզլու, Սարիջալու բնակավայրերի ծայրամասերում:
Ժամը 18:00-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային զորամասի և չորրորդ պաշտպանական շրջանի դիվիզիոնների համատեղ ուժերով համազարկային կրակ է բացվել հակառակորդի այդ կուտակումների դեմ:
Ընդհանուր, համատեղված համազարկով ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային ստորաբաժանումներին հաջողվել է ճնշել վերը նշված կուտակված բրիգադների ուժերը և ոչնչացնել բրիգադի հրամանատարական կետը:
Սերժ Սարգսյանի՝ «ոչ հայկական», բայց պահված Աղդամը և Փաշինյանի՝ հայկականն ու հանձնվածը
2001 թվականի մայիսի կեսերին, Հայաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով լսումների ընթացքում, Սերժ Սարգսյանը, պատասխանելով, թե որոնք են Արցախի իրական սահմանները հարցին՝ հայտարարել էր.
«Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և՝ մեր սահմանները անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում,- ասել էր նա և հավելել,- Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 1994 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է»:
Այս տարի փետրվարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել էր իր այս հայտարարությանը:
«Հիշո՞ւմ եք, որ դա ոչ միայն այն ժամանակ շահարկվեց, դա շահարկվեց վերջերս, երբ անմեղսունակ մարդիկ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին և ասում էին՝ Աղդամն իրենց հայրենիքն է։ Ես տեսա, թե այդ հայրենիքն իրենք ինչպես պահեցին»,- ասել էր նա:
Նշենք, որ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Աղդամը վերադարձրեց Ադրբեջանին:
«Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը»,- նշված էր համաձայնագրում:
2021-ի հունիսի 12-ին Փաշինյանը 15 գերու դիմաց Ադրբեջանին հանձնեց նաև Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը:
Ադրբեջանը Աղդամի շրջանում արդեն մի քանի զորամաս է բացել:
Հավելենք, որ 168.am-ը ավելի վաղ գրել է, որ Ադրբեջանը փորձում է վերականգնել Նախիջևան-Շախբուզ-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ-Աղդամ-Բարդա-Եվլախ ավտոմայրուղիները կամ ավտոմոբիլային ուղիները: Ըստ ադրբեջանական կողմի՝ սա անցնում է Զանգեզուրի հյուսիսային մասով և միմյանց կապում աշխարհագրական տարբեր շրջաններ:
Ի դեպ, միջազգային և ադրբեջանական մասնագետները տարիներ առաջ պնդել էին, որ լավ նախադրյալներ կան նավթի հայտնաբերման աշխատանքների համար ոչ միայն Մարտունու, Ֆիզուլիի և Ջեբրայիլի, այլև Աղդամի շրջանում:
Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջաններում նավթի կանխատեսելի պաշարները, ըստ ուսումնասիրությունների, կարող էին կազմել 250-300 մլն տոննա։