«Իրականում այդ փաստաթղթով տրվել է այն, ինչը, ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի՝ մենք չէինք կարողանա այդ իրավիճակում պահել». Նիկոլ Փաշինյան

«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այդ հայտնի փատաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ երեք տարածքներ՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար, հանձնել Ադրբեջանին։ Իրականում շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է»,- այս մասին «Զրույց քաղաքացու հետ. իմ ամենամեծ մեղքը» շարքի ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին, և երբ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցել է, որ ռեսուրսները բավականին խնդրահարույց վիճակում են, նաև Արցախի քաղաքական ղեկավարությունը կիսում էր այդ կարծիքը։

«Ես ուզում եմ խոսենք նրա մասին, թե ինչ կլիներ, ինչ հեռանկար կբացվեր, եթե այդ փաստաթուղթն այդ պահին չստորագրվեր, իրականում այդ փաստաթղթով տրվել է այն, ինչը, ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի, մենք կարող էինք չպահել, ավելի ճիշտ, չէինք կարողանա այդ իրավիճակում պահել։ Եվ ըստ էության մի իրավիճակում, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանականություն կար, որ գրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո՝ մեր երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ, և մեր հազարավոր զինվորները կհայտնվեին շրջափակման մեջ։ Արդյունքում տեղի կունենար ամբողջական կոլապս։ Ըստ էության, հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել այդ որոշումը, և պատահական չթվա, որ այս օրերին առաջնագծից արդեն տասնյակ դեպքեր կան, երբ որ առաջնագծում գտնվող զինվորները վիդեոուղերձներ են հղում, իրենց ֆեյսբուքյան էջերում տեղադրում են, որ իրենք պաշտպանում են կայացրած որոշումը։ Սա ինչի՞ց է, սա նրանից է, որովհետև նրանք տեղում տեսել են և հասկանում են, հասկացել են իրավիճակը, որքան էլ այդ իրավիճակը դառը լինի»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև շեշտեց, որ ևս մեկ անգամ ցանկանում է ասել, թե ինչ իրավիճակ կար տվյալ պահին՝ տվյալ պահին եղել է մի իրավիճակ, երբ Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի ներքո, Զինված ուժերի գլխավոր շտաբի, Արցախի նախագահի գնահատականն այն է եղել, որ ըստ էության քաղաքը թույլ է պաշտպանված կամ սիմվոլիկ է պաշտպանված։ Ավելին, եթե լիներ Ստեփանակերտի առումը, ապա դա հազարավոր զինվորներին կթողներ շրջափակման մեջ, որի արդյունքում հայկական կողմը կկորցներ այն, ինչ տվյալ փաստաթղթով արձանագրված է։

«Սրանում է ամբողջ ճշմարտությունը, և հույս ունեմ, որ իմ այս խոսքում ես կարողացա բացատրել, թե ինչի մասին է խոսքը, և ինչու է դա տեղի ունեցել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս