«Տեխնիկայով աշխատանքը դադարեցրել ենք. ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է նվազեցնել ռուս խաղաղապահների դերը». Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար

Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետության սահմանային հատվածում կրկին դիմել են սադրանքների։

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն էր տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը։

168.am հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասաց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, սադրանքից հետո ադրբեջանական կողմն այլ սադրանքների չի դիմել։

«Դրանից հետո այլ սադրանքներ չեն եղել, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են, գյուղացիները վերադարձել են տուն, դեռևս աշխատանքներ չենք իրականացնում՝ դադարեցված է։

Կարդացեք նաև

Ռուս խաղաղապահների կողմից բանակցություններն ընթանում են, ուղղակի չգիտենք, թե ինչ պատճառներով՝ տարբեր տեղերում խախտումները կրկին շարունակվում են։ Բանակցությունները միշտ էլ կան»,- նշեց Համլետ Ապրեսյանը։

Հարցին, թե՝ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հաճախակի դարձած սադրանքները, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ինչու են կրակում այն տարածքներում, որտեղ բնակիչները նախկինում աշխատանքներ իրականացրել են։

«Կարծում եմ՝ սա կապված է արտաքին քաղաքական փոփոխությունների կամ քննարկումների հետ, որովհետև տեղանքները տարբեր են, և որևէ այլ նպատակ չենք տեսնում։ Գուցե արտաքին քաղաքական ոլորտի վիճակի հետ է կապված»,- հավելեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանի սադրանքներն ուղղված են նաև ռուս խաղաղապահներին։

«Այս ամենով ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է նվազեցնել ռուս խաղաղապահների դերը, բայց մենք էլ գիտենք, որ ռուս խաղաղապահներն անում են իրենցից կախված ամեն ինչ՝ մեր անվտանգությունն ապահովելու համար։

Ասկերանի շրջանում կան տեղեր, որ որոշ գյուղատնտեսական աշխատանքներ կատարվում են, բայց ոչ այնքան ինտենսիվ։ Աշխատանքները փորձում են իրականացնել հնարավորինս գյուղատնտեսական տեխնիկայի բացակայությամբ՝ ձեռքով, ընդհանուր առմամբ տեխնիկայով աշխատանքը դադարեցրել ենք»,- եզրափակեց Համլետ Ապրեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս