Իշխանությունների հակառուսական քաղաքականությունը կարող է հանգեցնել հարստացված ուրանի գների բարձրացմանը. Արմեն Մանվելյան

«ԵԱՏՄ ստեղծումը, ընդհանրապես, հենց հիմնավորվում էր էներգակիրների՝ սկզբում էլեկտրանէերգիայի, ապա նաև՝ գազի ու  նավթի ընդհանուր շուկայի ստեղծման գաղափարով, և հետևաբար, սպասելի էր, որ վաղ թե ուշ  պետք է լինեն կոնկրետ քայլեր, բայց որպեսզի կարողանանք գնահատականներ տալ, պետք է հասկանանք, օրինակ, գազի դեպքում գնագոյացումն ինչպե՞ս է կատարվելու»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի վերջին նիստի քննարկումների արդյունքներին՝ նշեց էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների էներգետիկ ոլորտի լիազոր մարմիների ղեկավարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել էր ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը:

Արմեն Մանվելյանը նկատեց՝ Հայաստանն այժմ սահմանին գազը գնում է 170-178 դոլարով, որն այս պահի համար համաշխարհային շուկայի տենդենցներում շատ լավ գին է, ապա հավելեց, որ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ չի բացառում, որ էներգակիրներին առնչվող հարցում իշխանությունները կրկին ձախողեն:

«Մանավանդ, ինչ-որ հակառուսական քաղաքական գիծ են վերցրել. սա  կարող է հանգեցնի նրան, որ գազը նորից թանկանա (իրենց օրոք գազը երկու անգամ թանկացել է),- մանրամասնեց փորձագետը, ապա անդրադառնալով հարցադրումին՝ արդյո՞ք միասնական շուկան չի ենթադրում, որ էներգակիրների գինն ավելի մատչելի կդառնա, պատասխանեց,- Դա նման բան չի ենթադրում. դա ենթադրում է, որ ինչ-որ շուկայական գին կդառնա, ինչը վատ է, քանի որ շուկայական պայմաններում գին վերահսկելն անհնար է: Օրինակ, ժամանակին ռուսները ԵՄ-ի հետ ունեին երկարատև պայմանագիր, և ԵՄ անդամ երկրներին որոշակի ֆիքսված գներով գազ էին վաճառում, հետո, երբ որոշեցին շուկա ստեղծել, շուկայական գներով գնել, դա հանգեցրեց գազի գնի բարձրացման»:

Քանի որ Հայաստանի էներգետիկ անվտանգության մարտահրավերները շարունակում են սրվել առկա աշխարհաքաղաքական իրավիճակում, և քանի որ Ատոմակայանը պարբերաբար հայտնվում է աշխարհաքաղաքական խաղերի թակարդում, մասնագետից  նաև հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս պետք է դիրքավորվի ՀՀ-ն տարածաշրջանի էներգետիկ քարտեզում:

«Ատոմակայանը վաղուց է հայտնվել թիրախում. և Թուրքիան, Ադրբեջանը, նաև Վրաստանը մի քանի անգամ խոսել են ատոմակայանի վտանգների մասին ՝ պահանջելով փակել: Այժմ այս ճնշումներն ավելի են շատանալու, քանի որ այսօր ունենք իշխանություն, որը թուրքերի կամակատարն է. դրա համար ատոմակայանը վտանգված է: Ատոմակայանը նաև վտանգված է, քանի որ այսօրվա իշխանությունների հակառուսական քաղաքականությունը կարող է հանգեցնի նրան, որ հարստացված ուրանը, որ ստանում ենք ՌԴ-ից, գները բարձրանան, իսկ մենք դա ստանում ենք զեղչ գներով (այսինքն՝ կարող են դա էլ բերել շուկայական գների):

Մեր էներգետիկ անվտանգության ամբողջ համակարգն է առհասարակ վտանգված, քանի որ էներգակիրների արտադրության խնդիր ունենք, ՀՀ-ն վաղուց էներգակիրներ  չի արտահանում: Եթե նախկինում Վրաստան էինք արտահանում, այժմ՝ Վրաստանից ներմուծում ենք: Այնպես որ, մենք լուրջ մարտահրավերներ ունենք և լրջագույն խնդիրներ»,- շեշտեց Արմեն Մանվելյանը:

Տեսանյութեր

Լրահոս