ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկա ձևավորելու պայմանագրի նախագծի որոշ դրույթներ պետք է կարգավորվեն. Փաշինյան

Էներգետիկ ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ճյուղային շուկաների ձևավորմանը դառնում է ոչ միայն ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր, այլև տնտեսական ինտեգրման ներուժի իրացման և արդյունաբերության ոլորտի լիարժեք զարգացման ռեսուրսային հարթակի անհրաժեշտ պայման։ Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանը այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Այս համատեքստում մենք պատրաստ ենք Միության բոլոր անդամ պետությունների շահերի հաշվի առնման և փոխըմբռնման վրա հիմնված կառուցողական երկխոսության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթների կարգավորման ուղղությամբ, որի իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջ ծավալով օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։ Հակառակ դեպքում ԵԱՏՄ անդամ երկրները մինչև երկկողմ համաձայնագրերի ավարտը չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը։ Իհարկե, սա շատ զգայուն թեմա է, և մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ գնային հորիզոնի շրջանակը առնվազն միջնաժամկետ հեռանկարում»,- ընդգծեց Փաշինյանը։

Նաս կարևորեց նաև ջերմոցային գազերի կրճատման կամ ածխածնային չեզոքության հարցերը, որոնք, ըստ Փաշինյանի, հաստատուն կերպով մտել են ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական և առևտրային օրակարգեր՝ թելադրելով տնտեսական զարգացման ողջ մոդելի վերաիմաստավորման և դեպի ավելի կայուն ու ցածրածխածնային տնտեսության անցնելու քայլերն արագացնելու անհրաժեշտությունը։

«Հռչակագրային ուղուց ավելի գործնականի անցնելու տեսանկյունից գոհունակությամբ ցանկանում եմ նշել կլիմայական օրակարգի շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության ճանապարհային քարտեզի առաջին փաթեթի հաստատումը։ Որպես ներդրում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման գլոբալ ջանքերում՝ մենք կամավոր կերպով իրականացնում ենք արտանետումների նվազեցման մի շարք միջոցառումներ՝ ըստ Փարիզյան համաձայնագրի դրույթների»,- եզրափակեց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս